ՄԻ ԾԱՂԿՈՎ ԳԱՐՈՒՆ ՉԻ ԳԱ Կամ հաղթանակ, որը մտորելու տեղիք է տալիս Անցկացրած ութ հանդիպումներում ցույց տալով հարյուր տոկոսանոց արդյունք, «Փյունիկը» 24 միավորով վերստին բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ Հանրահայտ ճշմարտություն է, որ ֆուտբոլը գեղեցիկ է գոլերով։ Այս ճշմարտությունը վիճարկելու մտադրություն չունեմ։ Սակայն «Փյունիկի» պարագայում հաղթանակները, որոնք որպես կանոն լինում են խոշոր հաշվով, մասնավորապես ինձ, բավականություն պատճառելուց զատ, նաեւ մտորումների գիրկն են գցում։ Ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ Հայաստանի թիվ մեկ թիմը, կարծես, հանրապետությունում մրցակցությունից դուրս է ու ամեն անգամ խաղադաշտ մտնելով՝ լուրջ, արժանի դիմադրության չի հանդիպում։ Ավելին, նրա խոշոր հաշվով հաղթանակներն էլ մի տեսակ սովորական են դարձել։ Թերեւս, այս մրցաշրջանում բացառություն է կազմում Գյումրիի «Շիրակը», որը նույնպես քիչ հանդիպումներ է անցկացրել, բայց ընթանում է աղյուսակի երկրորդ հորիզոնականում։ Եթե ընդունենք, որ ասվածը համապատասխանում է իրականությանը (դա ապացուցում է ստորեւ ներկայացված մրցաշարային աղյուսակը), դժվար չէ ենթադրել, որ ներհանրապետական մրցումներում «Փյունիկի» առաջընթացը խաղամակարդակի, վարպետության աճի առումով վտանգված է։ Էլ չեմ խոսում ընդհանրապես բարձրագույն խմբի առաջնության ընդհանուր մակարդակի վերընթացի մասին։ Հետեւաբար, ամենեւին էլ զարմանալի չպիտի լինի, որ հայաստանյան ակումբները, հավաքական թիմերը եվրագավաթների խաղարկություններում, պաշտոնական ընտրական մրցաշարերում առայժմ լավագույն դեպքում մեկ-երկու հաջողություն են ունենում, ընդ որում, երբեմն հաջողություն ենք համարում նույնիսկ ոչ-ոքի անելը։ Կարծում եմ, այս տխուր իրողությունը կարող է երկար շարունակվել, քանի դեռ մեր ակումբների ղեկավարները, հովանավորները չեն փոխի վերաբերմունքը գործի կազմակերպման հանդեպ, չեն գիտակցի, որ ժամանակակից ֆուտբոլում էապես փոխվել են մոտեցումները, սկզբունքները, արմատական քայլերի չեն դիմի իրենց թիմերի կազմերը, հետեւաբար նաեւ՝ Հայաստանի առաջնությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Եվ որքան էլ գովասանքի շռայլում ստացվի, ուզենք թե չուզենք, պիտի արձանագրենք, որ դրա լավ օրինակը տվել ու տալիս է հենց «Փյունիկը»։ Հիշեցնենք, որ լավն ընդօրինակելը, առաջավորը թեկուզեւ կողքի գործընկերոջից սովորելն ու յուրացնելը ամոթ չէ։ Նորություն չեմ ասում՝ ֆուտբոլը նախեւառաջ սպորտ է։ Ապա նաեւ ինդուստրիա ու բիզնես։ Այն էլ գերշահավետ բիզնես, եթե, իհարկե, այն ճիշտ է կազմակերպվում։ Ժամանակակից ֆուտբոլը մեծ ներդրումներ է պահանջում։ Բայց այդ ներդրումները պետք է կատարվեն խելամտորեն, լինեն ճիշտ հաշվարկված։ Հակառակ դեպքում՝ ակնկալվող ու ցանկալի արդյունք չի լինի։ Դրանով է մեծապես պայմանավորված նաեւ ֆուտբոլ մարզաձեւի ընդհանուր զարգացումը Հայաստանում։ Եթե մենք ունենանք ուժեղ ակումբներ, ներքին առաջնություններում ծավալվի իսկական պայքար յուրաքանչյուր միավորի, մրցաշարային աղյուսակում մեկ աստիճան վեր կամ վար տեղ զբաղեցնելու համար, եթե թիմերում ֆուտբոլիստներն իմանան, որ հիմնական կազմում տեղ ունենալու համար ամենօրյա քրտինք պետք է թափեն, հայկական ֆուտբոլն էլ ավելի վստահ կմտնի միջազգային ասպարեզ, ավելի բարձր հեղինակություն ու վարկանիշ կունենա։ Միայն այս դեպքում մենք մեզ հարգել կտանք, իսկ հովանավորներն էլ կտեսնեն, կզգան, որ իրենց ներդրած գումարները ոչ թե անիմաստ վատնում են եղել, որի օրինակն էլ, ցավոք, ունենք, այլ ծառայել են նպատակին։ Մրցաշարային աղյուսակ (օգոստոսի 13-ի դրությամբ) 1. Փյունիկ 8 8 0 0 34-2 24 2. Շիրակ 9 7 2 0 23-4 23 3. Սպարտակ 11 7 2 2 22-11 23 4. Բանանց 11 7 2 2 17-8 23 5. Միկա 11 6 2 3 19-13 20 6. Զվարթնոց 9 5 1 3 28-8 16 7. Արարատ 11 4 3 4 15-16 15 8. Դինամո 11 3 0 8 15-33 9 9. Լ. Արցախ 10 2 2 6 10-24 8 10.Լեռնագործ 11 2 2 7 9-24 8 11. Լոռի 11 1 1 9 10-37 4 12. Կոտայք 11 0 3 8 6-28 3 ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ