Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆՄԵՂ ԴԱՏՎԻ, ՔԱՆ 40 ՄԵՂԱՎՈՐ

Օգոստոս 14,2002 00:00

ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆՄԵՂ ԴԱՏՎԻ, ՔԱՆ 40 ՄԵՂԱՎՈՐ 2001թ. հունիսի 25-ին սպանվեց Ջրվեժ գյուղի բնակիչ Վաչիկ Մկրտչյանը։ Դեպքը տեղի էր ունեցել «Կարս» ռեստորանի հարեւանությամբ գտնվող ջրամբարի մոտ, թեեւ, ըստ ամբաստանյալ Գագիկ Հովհաննիսյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի, առկա է դեպքի երկու վայրի զննության արձանագրություն՝ վիճաբանության եւ սպանության։ Քրգործով (17219201) մեղադրանք էր առաջադրվել Գագիկ Հովհաննիսյանի, Դավիթ Գրիգորյանի եւ Սամվել Գրիգորյանի նկատմամբ։ 2001թ. նոյեմբերի 23-ից Ավան եւ Նոր Նորքի առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Մարտին Կարապետյան) ընթանում է այս քրգործի դատաքննությունը։ Տուժողները երկուսն էին (բացի սպանվածից)՝ Հրանտ Գրիգորյանն ու Արսեն Ավետիսյանը, վկաները՝ 23-ը, թեեւ կարող էր նրանց թիվը լինել կրկնապատիկ։ Այս գործի դատաքննությունը ուշագրավ էր հատկապես նրանով, որ դատարան կանչվեց Երեւան քաղաքի դատախազության քննիչ Ա. Քալաշյանը։ Վերջինիս ցուցմունքը միանշանակ չընդունվեց ինչպես տուժողների շահերի ներկայացուցիչների, այնպես էլ ամբաստանյալների պաշտպանների կողմից։ «Քննիչը չէր կարողանում հիշել,- ասում է պաշտպան Ս. Սաֆարյանը,- թե ինչ սպանության գործ է քննել, թե ինչ անհետաձգելի գործողություններ է կատարել։ Սպանությունից հետո դեպքի վայրի արձանագրությո՞ւն է կազմել, թե՞ դիակի հայտնաբերման վայրի»։ Ի դեպ, դատաքննության ժամանակ չպարզվեց, թե գործով անցնող վկաները քանի օր եւ ինչպես են պահվել ՆԳ բաժնում, ինչպես չճշտվեց նաեւ այն հարցը, թե ինչու ամբաստանյալ Գ. Հովհաննիսյանը ժամանակավոր պահման մեկուսարան չի տարվել՝ փոխարենը պահվելով ՆԳ բաժնում… Ըստ քրգործի, վիճաբանություն եւ քաշքշուկ էր տեղի ունեցել Ջրվեժ գյուղի բնակիչներ Յուրիկ Ավետիսյանի եւ Սամվել Գրիգորյանի միջեւ, որին հետեւել էր ձեռնամարտը։ Ս. Գրիգորյանը «հարաբերություններ պարզելու նպատակով» ժամը 23.30-ի սահմաններում Յուրիկ, Արսեն եւ Տիգրան Ավետիսյան եղբայրներին կանչել էր մոտակա ձորը։ «Նշանակված» վայր էր գնացել դեպքից 3 օր առաջ Քաշաթաղից եկած Գագիկ Հովհաննիսյանը: Վիճաբանությունը տեւել է, ըստ գործի նյութերի, 1 րոպե, որի ժամանակ, ըստ պաշտպան Ս. Սաֆարյանի, իր պաշտպանյալը ընկած է եղել գետնին, քանի որ 10-12 հոգի հարձակվել են միակ «օտարի»՝ Գագիկի վրա։ «Եթե 1 րոպե կռվում Գագիկը մասնակցել է կես րոպե եւ մշտապես ընկած վիճակում է գտնվել, անհավանական է Վաչիկին սպանելը»,- գտնում է Ս. Սաֆարյանը։ Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել դատարանում. մեղադրողը միջնորդել է 9 տարվա ազատազրկում։ Տուժողներ Վազգեն Մկրտչյանը (Մակարտիչյան), Աննա Վասիլյանը դիմել են հանրապետության դատախազ Ա. Թամազյանին։ Նրանք գտնում են, որ ամբաստանյալի աթոռին հայտնված Գ. Հովհաննիսյանը չէ իրենց տղային կյանքից զրկողը։ «Գագիկի դեմ ցուցմունք են տվել նրանք, ովքեր սպանել են Վաչիկին»,- պնդում են նրանք։ Դատարանում չնայած վկաները պնդում էին, որ մութ էր, ոչինչ չէր երեւում, որ «մատդ մտցնեիր դիմացինի աչքը՝ չէիր տեսնի», նախաքննության ժամանակ տեսել էին, օրինակ, որ Գ. Հովհաննիսյանի ձեռքին եղել է «փայլուն առարկա», որով նա հարվածել է Վ. Մկրտչյանի «սրտին» (վկա՝ Ներսես Ավետիսյան)։ Կամ, օրինակ, վկան (Արտակ Ղուկասյան) տեսել էր, որ «Գ. Հովհաննիսյանը բռունցքված ձեռքով դիտավորությամբ հարվածել է Վաչիկի կրծքավանդակին»։ Ի դեպ, վկա Աշոտ Ղուկասյանը տեսել էր, թե ինչպես Գ. Հովհաննիսյանը «դանակով դիտավորությամբ հարվածել է Վաչիկի կրծքավանդակին»։ Այսպիսի դիտավորությունը տեսանելի է եղել, մինչդեռ տեսանելի չեն եղել սպանության վայրը, մասնակիցների թիվը, գործողությունները։ «Քննված վկաները չասացին, որ Վաչիկ Մկրտչյանը սպանվել է Գ. Հովհաննիսյանի կողմից,- դատարանում ասաց տուժող Արսեն Ավետիսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ամալյա Ավագյանը,- որովհետեւ դատաքննությամբ պարզվեց, թե ինչպես են ծնվել Գ. Հովհաննիսյանին սպանության մեջ մեղադրելու բամբասանքները։ Քննությունը շեղվել է եւ այժմ այս կարգի չքննված իրական փաստով քրեական գործ ունենք»։ Տուժողի ներկայացուցչի կարծիքով, գործել է «լավ է մեկ անմեղ դատվի, քան 40 մեղավոր» տխրահռչակ սկզբունքը։ Այս դատաքննության ժամանակ մեկ այլ ուշագրավ «դեպք» էլ արձանագրվեց. մեղադրյալ Մ. Մարտիրոսյանը բացարկ հայտնեց դատավոր Մարտին Կարապետյանին։ Վերջինս առոք-փառոք քննության առավ «դատավոր Մ. Կարապետյանին մեղադրողի բացարկը», պարզեց նախ, որ «դատական նիստերը հիմնականում անցել են ամբաստանյալ Գ. Հովհաննիսյանի եւ նրա պաշտպանի (Սեդա Սաֆարյանի անուն-ազգանունը նշված չէ) մշտական ճնշման ազդեցության տակ»։ Այս դեպքում չես կարող չհարցնել, թե կին պաշտպանը «մշտական ճնշման» ի՞նչ լծակներ է օգտագործել տղամարդ-նախագահողի նկատմամբ։ Պարզվեց, որ դատարանը չէր կարող խափանման միջոցը փոխելիս (Ս. եւ Դ. Գրիգորյանների) «քննարկման առարկա» դարձնել ամբաստանյալ Գ. Հովհաննիսյանին «հայհոյելու փաստը», քանի որ դատարանը «ստիպված կլիներ հրապարակել եւ քննարկել անցենզուր արտահայտությունները, ինչն անթույլատրելի է»։ Բացարկը հետեւաբար մերժվել էր։ Ըստ դատավոր Մ. Կարապետյանի, մեղադրողի եզրահանգումը (ուղղակի եւ անուղղակի շահագրգռվածության մասով) «վերացական» էր։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել