ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ԱԺ-ԻՆ 13 ընդդիմադիր կուսակցությունները հուլիսին դիմել էին գլխավոր դատախազ Արամ Թամազյանին՝ պահանջելով իշխանազանցության համար քրեական գործ հարուցել ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի եւ նրա տեղակալ Գագիկ Ասլանյանի նկատմամբ՝ հանրապետության նախագահի պաշտոնանկության վերաբերյալ պատգամավորական նախաձեռնությունը սահմանված կարգով ԱԺ քննարկմանը չներկայացնելու համար։ «Առավոտի» հարցին, թե որեւէ արձագանք ստացե՞լ են Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունից, ուր հասել էր այդ դիմումը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Մենք ոչ միայն այդ դիմումն էինք ներկայացրել, այլ նաեւ բողոքարկել էինք ստորադաս դատախազի որոշումը դատավորների (խոսքն այն դատավորների մասին է, որոնք իրենց վճիռներով պատասխանատվության էին ենթարկել խաղաղ երթերի եւ ցույցերի իրենց սահմանադրական իրավունքն իրականացրած անձանց.- Ա. Ի.) դեմ քրգործ հարուցելը մերժելու մասին։ Այս բողոքարկման պատասխանը ստացանք. վերադաս դատախազը հաստատեց ստորադաս դատախազի որոշումը, սակայն ՔԴՕ 185 հոդվածի 2-րդ մասի համապատասխան՝ չէր ուղարկել որոշման պատճենը։ Ես գրությամբ պահանջեցի, որ կատարեն իրենց պարտավորությունը, ուղարկեն որոշումը, որ բողոքարկենք այն կամ չբողոքարկենք։ Դատախազությունից ստացել ենք նաեւ Արմեն Խաչատրյանի վերաբերյալ մեր դիմումը մերժելու մասին որոշումը՝ արդեն պատշաճ կարգով։ Այստեղ նշված է, որ Ղուկաս Ուլիխանյանի նախաձեռնությունն ապօրինի է, իսկ Արմեն Խաչատրյանն օրինազանցություն չի թույլ տվել, այլ առաջնորդվել է օրենքներով։ Բացարձա՛կ անհիմն, անգրագետ պատասխան է եւ բացարձակապես կապ չունի մեր հայտարարության հետ։ Դատախազությունը կամայական, ապօրինի որոշումներ է կայացնում։ Անպայման ե՛ւ այս, ե՛ւ մյուս որոշումների վերաբերյալ հայց ենք ներկայացնելու դատարան»։ Մեր կողմից նշենք. ուշագրավ է այն, որ դատախազությունն իր պատասխանում գնահատել է պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը։ Չէ, երեւում է՝ այս խորհրդարանում միայն ԱԺ ղեկավարությունն է (ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ բարոյական առումով) պաշտպանված եւ անձեռնմխելի։ Այն էլ կտեւի այնքան, քանի նրանք այդ բարձր աթոռներին են։ Իսկ դրանից հետո գուցե նրանց անգամ հիշեցնեն իշխանազանցության այս դեպքերը։ Ա. Ի.