Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կաջակցե՞ն դաշինքով

Օգոստոս 14,2002 00:00

Կաջակցե՞ն դաշինքով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը 2003 թ. փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում, ըստ Տեր-Պետրոսյանի մերձավորների, հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրա շուրջ հաջողվի կազմել «լայն քաղաքական ներկապնակի դաշինք»: «Արմատ» հասարակական կազմակերպությունը ներկայացնող քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե Տեր-Պետրոսյանը հազիվ թե առաջադրվի, եթե «վստահ չլինի, որ իրեն հարում են մեկից ավելի ուժեր»: Ազգային ժողովի նախկին խոսնակ Արա Սահակյանի խոսքերով, «բազմաթիվ հասարակական-քաղաքական ուժեր, անհատ անձինք նույնպես պատրաստ են եւ հորդորում են Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջադրել [նախագահական ընտրություններում] ու պատրաստ են նրան աջակցել»: Սահակյանը չմասնավորեցրեց, թե կոնկրետ որ քաղաքական ուժերն են պատրաստ աջակցելու Տեր-Պետրոսյանին, նշելով, այդուհանդերձ, որ դրանք «իրական ընդդիմության կուսակցություններն են»՝ այն կուսակցությունները, որոնք 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո «խզեցին իրենց կապերը գործող իշխանությունների հետ»: Ակնարկը, ակնհայտորեն, վերաբերում է «Հանրապետություն» կուսակցությանը, գուցե նաեւ՝ ՀԺԿ-ին: Վերջինիս մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանի տեղեկացմամբ, «որեւէ առնչություն կամ հանդիպում ՀԺԿ-ն եւ ՀՀՇ-ն չեն ունեցել եւ չունեն»: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդներից Արամ Սարգսյանի համար էլ Սահակյանի խոսքերն անսպասելի էին: «Ես շատ կուզենայի, որ ընդդիմադիր ամբողջ դաշտը հանդես գար մեկ միասնական թեկնածուով»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախկին վարչապետը: Ինչ վերաբերում է կոնկրետ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը, ապա, Արամ Սարգսյանի խոսքերով, Տեր-Պետրոսյանն ինքը պիտի հայտ ներկայացնի, «որից հետո ընդդիմադիր դաշտը կնայի՝ պաշտպանո՞ւմ է նրան, թե՞ ոչ»: Ըստ խորհրդարանի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանի, ՀՀՇ-ն ներկայումս «ինքնակազմավորվում է, փորձում է զբաղվել իրական քաղաքականությամբ»: «Մենք երբեք էլ կազմակերպորեն ՀՀՇ-ից դուրս չենք եղել,- ասաց ներկայումս «Արմատ» կազմակերպության ղեկավարներից Արա Սահակյանը:- Բոլորս մնում ենք որպես ՀՀՇ շարքային անդամներ: Բայց նաեւ կարեւոր է, որ այն տարակարծությունները, քաղաքական տարաձայնությունները, որոնք սկսվեցին 99 թվականին եւ «Արմատ»-ի առանձնացման, ՀՀՇ-ից խզման պատճառ դարձան, հարթվում են, եւ մենք առաջիկա ընտրություններում հանդես ենք գալու միասին: Ընդ որում՝ պարզապես իբրեւ Հայոց համազգային շարժում»: Ըստ ՀՀՇ վարչության նախագահ Ալեքսանդր Արզումանյանի, ՀՀՇ-ի եւ գաղափարակից ուժերի միջեւ տարակարծություններ չեն եղել: Եթե անգամ ինչ-ինչ հարցերում եղել են, ապա այսօր դրանք հաղթահարված են, քանի որ գոնե նախագահի թեկնածության հարցում բոլորը միակարծիք են: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել