«Միջազգային հանրության հետաքրքրությունն աճո՞ւմ է» ԼՂՀ ընտրությունների առիթով Հայաստան ժամանած ամերիկյան մասնավոր եւ անկախ դիտորդական մի խումբ երեկ իր առաքելությունն ամփոփեց նաեւ Հայաստանում: Մանրամասնորեն նկարագրվեց այդ ընտրությունների «ազատ ու արդար ընթացքը», եզրակացնելով, որ «ընտրազանգվածը եւ իշխանությունները ջանք չէին խնայել ժողովրդավարական արժեքները պահպանելու եւ ամրապնդելու համար»։ Հռոմի պապից կաթոլիկ չներկայանալու համար ԱՄՆ Պետդեպարտամենտի թոշակի անցած պաշտոնյա Ռիչարդ Վիթսը հավելեց, որ «մենք առիթ չենք ունեցել ընտրարշավը տեսնելու, ուստի չենք կարող խելքը գլխին կարծիք հայտնել։ Բայց ընտրությունների օրվա կազմակերպումը չէր զիջում իմ դիտարկած որեւէ ընտրության»։ Բրենդա Լի Փիրսոնի կարծիքով, տեխնիկական տեսանկյունից, ի դեպ, դրանք Ղարաբաղի յոթերորդ ընտրություններն էին, ամեն ինչ անթերի էր։ Իսկ քաղաքական տեսանկյունից, տիկին դիտորդի կարծիքով՝ «ընտրական օրենքն արտացոլում է իր ժամանակը. այն քիչ է տարբերվում նախկին սովետական օրենքից եւ կարծրացած է»։ Ամերիկյան անկախ դիտորդները հրաժարվեցին մեկնաբանել Եվրամիության հայտարարությունը, ըստ որի՝ այդ ընտրությունները լեգիտիմ չէին՝ դա թողնելով Եվրամիության անդամ դիտորդներին։ Նրանք նաեւ զերծ մնացին այս ընտրություններով պայմանավորված ԼՂՀ հետագա կարգավիճակի մասին կարծիքներ հայտնելուց։ Ըստ ԱՄՆ պաշտոնաթող դիվանագետ Լուիս Սելի. «Մեր նպատակն էր դիտորդի դերում հանդես գալ, եւ մեր կարծիքը Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում որեւէ բան չի նշանակում»։ Սակայն, այդուհանդերձ, որեւէ հարցի հանգուցալուծման համար ժողովրդավարությունը կարեւոր պայման է նաեւ. ժողովրդի հետ հանդիպումների եւ զրույցների արդյունքում Հարավսլավիայի նախկին արտգործնախարարի նախկին օգնական Վլադիմիր Մատիչը մի բան է հասկացել. «Ժողովուրդն իրեն զգում է ազատ եւ ապրում է ազատ։ Սակայն ընտրելով որեւէ թեկնածուի՝ հույս ունի, որ այդ ազատությունը տվյալ թեկնածուն միջազգային հանրության ճանաչմանը կհասցնի»։ Այն փաստը, որ իրենք այստեղ են, ԱՄՆ պաշտոնաթող դիվանագետ Ջեյմս Հուպերին հիմք է տալիս կարծելու, որ «միջազգային հանրության հետաքրքրությունն աճում է»։ Ինչ վերաբերում է ՆԳՆ մարմինների ակտիվ միջամտությանն ընտրություններին, պարոն Լուիս Սելը, որը Ստեփանակերտի 17 ընտրատարածքներում էր եղել, ոստիկանի համազգեստով ոչ ոքի չէր տեսել։ Միայն երեկոյան, մի ընտրատարածքի մոտ ոստիկանական մի մեքենա էր տեսել՝ այն էլ մեջը մարդ չի եղել։ Հավանաբար, ոստիկանը որոշել էր մեքենան անվտանգ տեղում թողնել։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ