Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐԸ «ԹԱՅՄ-ԱՈՒԹ» ՎԵՐՑՐԵՑ

Օգոստոս 14,2002 00:00

ԴԱՏԱՎՈՐԸ «ԹԱՅՄ-ԱՈՒԹ» ՎԵՐՑՐԵՑ Չնայած երեկ կայացած դատական նիստին՝ «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի սպառողների հայցի քննությունը շարունակեց մնալ նախապատրաստական փուլում։ Հիշեցնենք, որ այս գործի քննությունը վարող նախորդ դատավորի նկատմամբ սպառողների ներկայացուցիչների բացարկն ընդունվել էր, նշանակվել էր նորը՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը։ Եվ օգոստոսի 2-ին անմիջապես նրան էլ էին հայտնել բացարկ։ «Առավոտն» այդ ժամանակ արձակուրդում էր, ուստի հնարավորություն չենք ունեցել մեր ընթերցողներին ներկայացնել այդ միջնորդության բովանդակությունը։ Եվ այսպես, սպառողների ներկայացուցիչներ Աշոտ Բլեյանը, Վիգեն Խաչատրյանն ու Արտակ Զեյնալյանը մատնանշել են դատավոր Ռուբեն Ներսիսյանի անաչառության վերաբերյալ կասկած հարուցող փաստեր ու հանգամանքներ։ Մասնավորապես, որ նա 1999 թ. Աշոտ Բլեյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը, թեեւ արդեն իսկ ձերբակալված Բլեյանը, հակառակ սեփական կամքի, չի մասնակցել դատական նիստին եւ զրկվել իր գործի քննությանը մասնակցելու իրավունքից, «իր ապօրինի ձերբակալումը դատարանում բողոքարկելու հնարավորությունից»։ Ըստ բացարկի վերաբերյալ միջնորդության, այս գործողություններով «Դատավորը խախտել է օրենքը՝ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով (հոդված 9, կետ 3), ՀՀ Սահմանադրությամբ (հոդված 38) որոշված քաղաքացու դատական պաշտպանության իրավունքը»։ Ռուբեն Ներսիսյանի հետ առնչվելու առիթ է ունեցել նաեւ Արտակ Զեյնալյանը, երբ 2001 թ. փորձել է դատավճռով անվավեր ճանաչել տալ նախարար Ռոլանդ Շառոյանի հրամանը կազմակերպություններին դահլիճներ չտրամադրելու մասին։ Սակայն դատավորը «չի պաշտպանել անձանց խաղաղ, առանց զենքի ժողովներ անցկացնելու սահմանադրական իրավունքը» եւ անվավեր չի ճանաչել մարդու իրավունքները սահմանափակող այդ հրամանը։ Եվ, վերջապես, Ռուբեն Ներսիսյանը 2002 թ. պատժի է ենթարկել քաղաքացիներ Հարություն Հովհաննիսյանին եւ Սերգեյ Առաքելյանին՝ ապրիլի 26-ի խաղաղ երթին մասնակցելու համար, որոնք ընդամենն օգտվել են իրենց սահմանադրական, միջազգայնորեն («Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա» եւ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների դաշնագիր») ճանաչված իրավունքից։ Բնականաբար, այս նախադեպերը, որոնք վկայում են, թե այս դատավորն էլ, մեղմ ասած, խնդիրներ ունի իր վճիռները Սահմանադրությանը եւ միջազգայնորեն ճանաչված դրույթներին համապատասխան կայացնելու առումով, տեղ չեն թողնում հուսալու, թե նա կարող է եւ դատավճռով ընդունել, որ «Ա1+»-ի ու «Նոյյան Տապանի» եթերազրկմամբ խախտվել է սպառողների՝ տեղեկություններ ու գաղափարներ ստանալու եւ տարածելու (նույնպես միջազգայնորեն ճանաչված) իրավունքը։ Ուստի եւ երեկ, մինչ Ռուբեն Ներսիսյանը նախաքննության փուլից կանցներ բուն դատաքննությանը, սպառողների ներկայացուցիչները փորձեցին պարզել, թե ինչու մինչ այժմ չեն ստացել իրենց բացարկի պատասխանը։ «Բոլոր բացարկները քննարկվում եւ լուծվում են դատական նիստում։ Մի՛ շտապեք,- խորհուրդ էր տալիս դատավորը։- Մենք առայժմ նախապատրաստական փուլում ենք, եւ որեւէ միջնորդություն չի քննարկվել»։ Թեեւ նախորդ դատավորի դեմ երկու բացարկները Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը քննել եւ մերժել էր մինչ հուլիսի 18-ի դատաքննությունը՝ հուլիսի 12-ին եւ 13-ին։ Սակայն փաստարկներով կամ ՔԴՕ-ից մեջբերումներով հնարավոր չէր լինում համոզել Ռուբեն Ներսիսյանին։ «Այստեղ վեճ լինել չի՛ կարող։ Այդ տրամադրությունը թողե՛ք»,- առարկություն չհանդուրժող տոնով պնդում էր նա։ Նույն անզիջում պահվածքը դատավորը դրսեւորեց, երբ որոշեց, թե սպառողների ներկայացուցիչները չունեն պատշաճ ձեւակերպված լիազորագրեր եւ հարկ է նրանց որոշակի ժամանակ տրամադրել՝ այդ խնդիրը կարգավորելու համար։ Անտեսվեցին հակափաստարկները, թե Աշոտ Բլեյանն ու Վիգեն Խաչատրյանը ոչ թե ներկայացուցիչներ են, այլ համահայցվորներ, ուղղակի այլ դիմողներ գործը վարելը հանձնարարել են նրանց։ Իսկ Արտակ Զեյնալյանի (որը դիմող Ստեփան Թադեւոսյանի ներկայացուցիչն է) լիազորությունները ճանաչվել են նախորդ դատավորի որոշմամբ, որը չի բողոքարկվել կամ բեկանվել։ Առարկությունները չընդունվեցին, եւ Ռուբիկ Ներսիսյանը նիստը հետաձգեց անորոշ ժամանակով։ Դատավորի փաստարկները կարող էին տեղին լինել շուրջ 700 հոգու պարագայում, որոնք երրորդ անձի կարգավիճակով միացել են այս հայցադիմումին՝ նրանց զգալի մասը ներկա չէ գործի քննությանը։ Մեր այդ դիտարկմանը, սակայն, Աշոտ Բլեյանը չհամաձայնեց. «Եթե դատավարության բոլոր կողմերը, նաեւ երրորդ անձինք, պատշաճ ձեւով ծանուցվել են, բայց դատական նիստից բացակայում են, ապա առանց նրանց ներկայության էլ կարող են շարունակել գործի քննությունը։ Իսկ թե նրանք կունենան ներկայացուցիչ կամ ոչ՝ իրենց իրավունքն է»։ Արտակ Զեյնալյանն այս առնչությամբ հայտնեց իր վերլուծությունը. «Այս պատրվակն ուղղակի օգտագործվեց դատական նիստը հետաձգելու համար։ Դատավորը հատուկ հետաձգեց, որպեսզի կարողանա վերականգնել օրենքի խախտումներով թույլ տրված՝ դատավարության ժամանակագրական որոշակի վրիպակները։ Փաստորեն, ապօրինաբար միացվել են բացարձակ տարբեր հիմքերով ու պահանջներով, տարբեր անձանց նկատմամբ տարբեր գործերը»։ Նշենք, որ խոսքն «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» դեմ սպառողների հայցի մասին է, որոնք, ըստ վերջիններիս, առանց համապատասխան իրավական հիմքի են դադարեցրել իրենց հեռարձակումը՝ չկատարելով սպառողների առջեւ իրենց պարտավորությունները։ Ահա այս գործն է միացվել սպառողների մյուս դիմումին, եւ այս քայլն է Արտակ Զեյնալյանը համարում դատավարական վրիպակներից մեկը. «Այդ որոշումը ուղարկված չէ մեզ, տեղեկացված չէինք դրա մասին, թեեւ իրավունք ունենք բողոքարկելու այն։ Միեւնույն ժամանակ, մեր այդ հայցադիմումը չեն հասցրել ուղարկել պատասխանող 5 կողմերին («Ա1+»-ից եւ «Նոյյան Տապանից» բացի՝ նաեւ Ազգային հանձնաժողովին, կապի եւ տրանսպորտի ու արդարադատության նախարարություններին.- Ա. Ի.), նրանցից պատասխան չեն ստացել։ Եվ հիմնական պատճառն այս թայմ-աութը վերցնելու՝ սա էր, որպեսզի լրացնեն նման բացերը»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել