«ԿԱՎԱՐՏԵՆ ԲՈՐԴՅՈՒՐԱՅԻՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ, ԵՎ ԿԱՆՑՆԵՆ ԿԱՏՈԿԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ» Վստահ է Արամ Սարգսյանը ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր եւ խոստովանեց, որ օգոստոսը բանակցությունների ամիս էր, եւ բուռն բանակցություններ են գնում մի շարք ուժերի հետ։ ՀԴԿ-ն բանակցում է նաեւ «Հանրապետություն» կուսակցության, «Ազգային միաբանության» եւ ՀԺԿ-ի հետ։ Ըստ Արամ Սարգսյանի, բանակցությունների արդյունքում կձեւավորվի այն նախընտրական դաշինքը, որն առաջիկա բոլոր ընտրություններում հանդես կգա միացյալ ուժերով. «Այն բոլոր խոսակցությունները, թե ընդդիմությունը չի կարող համաձայնության գալ, չի կարող ներկայացնել մեկ միասնական թեկնածու, հաղթահարվում են, որովհետեւ ընդունված սկզբունք-տեսակետ կա՝ ոչ թե լիդերը՝ թիմով, այլ թիմը՝ լիդերով»։ Արամ Սարգսյանը գտնում է, որ «որեւէ ողբերգություն չկա, եթե այսօր առնվազն 3-4 անձինք լինեն նախագահության հավակնորդ։ Շատ ավելի ճիշտ է, որ բոլորը ներկայանան, որովհետեւ ոչ ոք չի կարող ասել, թե ով է այն հավակնորդը, որը ժողովրդի ամենաբարձր քվեն է ստանալու։ Մեր կարծիքով, հավակնորդի ընտրությունը կկայանա հոկտեմբեր-նոյեմբեր ամսից ոչ շուտ»։ ՀԴԿ նախագահի ներկայացմամբ, դաշինքը մինչ այդ բավականին անելիք կունենա, իսկ միասնական թեկնածուն կընտրվի դաշինքի միասնական համագումարի ժամանակ։ Աջ ուժերի հնարավոր դաշինքը Արամ Սարգսյանին չի վախեցնում, ընդհակառակը՝ նա գտնում է, որ ճիշտ կլինի, եթե աջ ուժերը եւս համախմբվեն եւ քաղաքական դաշտում որպես միացյալ ուժ ներկայանան. «եւ դա մենք պետք է անենք, կուսակցություններս, որովհետեւ այսօր չունենք քաղաքական ղեկավարություն։ Երկրի այսօրվա ղեկավարությունը քաղաքական չէ, նա չի ներկայացնում ո՛չ քաղաքական գաղափարախոսություն, ո՛չ էլ քաղաքական կուսակցության առաջնորդ է։ Եվ դրանից է գալիս, որ մենք այսօր ունենք մի շարք, այսպես կոչված, քաղաքական կառույցների հերթ, որը մի տաս շայիի է սպասում, որ հետո ամեն գիշեր տիրոջ դոշին խլվլա»։ ՄԱԱ-ի հյուրի կարծիքով, քաղաքական ուժերն ինչքան խոշորանան, ինչքան բացահայտ երեւա, թե գաղափարական որ հոսանքն ինչպես է ներկայացված, մենք իսկապես կդառնանք նորմալ երկիր։ 13 ընդդիմադիրների ֆորմատն ինչ-որ պահի կմեծանա եւ կվերածվի հանուն ազատ, արդար ընտրությունների անցկացման գաղափարի շուրջ համախմբված մի նոր դաշինքի. «մեր գաղափարական տարաձայնությունները (նկատի ունի կառավարման նախագահական եւ խորհրդարանական ձեւերը- Մ. Ե.) ոչ մի նշանակություն չունեն։ Կարեւորն այն է, որ միավորվեն քաղաքական ուժերը եւ կարողանան վերահսկել ապագա ընտրությունները»։ Արամ Սարգսյանն ասաց, թե վերոհիշյալ դաշինքն աշխատելու է նպատակային հինգ կետերի շուրջ՝ ի՞նչ է ուզում դաշինքը. «դաշինքը ձեւավորվում է իշխանության գալու համար», հաջորդը «խաղի կանոններն են, հստակ պայմանավորվածությունները, որոնք կողմերն ընդունում են», երրորդը «ծրագրային հիմնադրույթներն են», մյուսը «պատասխանատվության ոլորտների բաժանումն է» եւ վերջինը «ստվերային կաբինետն է, եւ մենք կողմ ենք, որպեսզի այս բոլոր պայմանավորվածությունները հրապարակային ներկայացվեն ժողովրդին»։ Դե, ինչ, եթե վստահենք ասվածին, ապա ընդդիմությունն արդեն գիտի՝ ի՞նչ է ուզում, ո՞ւր է գալիս եւ ի՞նչ է անելու։ Մնում է մի փոքրիկ «բայց». իշխանությունը, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանը, իրեն համարո՞ւմ է գնացող, եւ արդյո՞ք թափուր տեղեր են առաջանալու իշխանության ամենաբարձր էշելոններում։ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն այսօրվա իշխանությունների վարած կադրային քաղաքականությունը որակեց այսպես. «Եթե մեկը ծառայում է, նրան կարելի է ավելի բարձր պաշտոն տալ եւ մյուսներին էլ բացատրել՝ եթե չես ծառայում, ուրեմն քեզ կասենք՝ «մոսկովյան ռեստորանների գեներալ», իշխանամետ մամուլն էլ ամսի 20-ից հետո կսկսի ընդդիմադիր ուժերի վերաբերյալ, այսպես կոչված, ասֆալտապատումը՝ բորդյուրային հեղափոխությունը կավարտեն, կանցնեն կատոկային գործընթացի»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ