Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրիի անձնագիրը

Օգոստոս 13,2002 00:00

Մեղրիի անձնագիրը Մեղրեցի բանաստեղծ Հրանտ Գյուլասարյանը երկար տարիներ է, ինչ ապրում է Երեւանում, սակայն հայրենի եզերքի սերն ու կարոտը միշտ անթեղված են նրա սրտում։ Սերն «ապացուցում» է միմիայն գործով, ոչ թե հոս ապրելու եւ հոն սիրելու փափագով։ Տարիներ շարունակ երազել էր մի գիրք տպել, ուր կամփոփվեին մեղրեցի ստեղծագործողների բանաստեղծությունները եւ սիրելի քաղաքի մասին պատմող լրագրական նյութեր։ Թեեւ ուշ, բայց ոչ ուշացած կատարվեց բաղձանքը. սուրբ նշխարն արդեն մեղրեցու ձեռքին է։ Այն դեռ շատ շուտ պետք է լույս աշխարհ գար։ Մեղրեցի արձակագիր Վլադիմիր Հարությունյանը տպագրության համար մեծ քանակությամբ նյութեր էր հավաքել, բայց այդպես էլ անհայտ պատճառներով գիրքը իրողություն չդարձավ, իսկ գրողի մահից հետո նյութերը փոշիացան։ Քանի՜- քանիսին այն խոր հիասթափություն պատճառեց, քանի՜-քանիսն էլ այդպես անտիպ ու անճանաչ մնացին։ Այս անդրանիկ տարեգիրքն էլ հեշտորեն լույս աշխարհ չեկավ, դառն ու ցավոտ երկունք ապրեց, խանգարողներ եղան, բայցեւայնպես տպագրվեց։ Այսօր քչերն են հասկանում, թե ի՞նչ նշանակություն ունի Մեղրին Հայաստանի համար, ի՞նչ արժեք ու կարեւորություն ունեն մեղրեցու նկատմամբ ցուցաբերած փոքրիկ հույսն ու ջերմությունը։ Գրական-հասարակական տարեգիրքը ոչ միայն մշակութային, զգացական արժեք ունի, այլեւ ապրեցնելու ոգեղեն ուժ՝ լույս սփռելով այն անտարբերության ու անտերության ճանապարհին, որ կա մեղրեցու նկատմամբ։ Անդրանիկ հատորը հանրապետության հարավային դարպասի հոգեւորի հաղթանակի առաջին ղողանջն էր։ Հաջորդ համարներն ավելի գործնական են դառնալու՝ անդրադառնալով Մեղրիի պրոբլեմների արծարծմանը եւ լուծմանը. այն մի տեսակ կամուրջ է հանդիսանալու Մեղրիի եւ Երեւանի միջեւ։ 2003 թվականին կտպագրվի տարեգրքի երկրորդ հատորը եւ ամեն մի տարեգիրք յուրահատուկ հաշվետվության կվերածվի՝ կատարված ու կատարվելիք գործերին անդրադառնալով, կփորձի այն մարդկանց ուշադրությունը սեւեռել փոքրիկ լեռնաստանի վրա, ում համար թանկ է Հայաստանը։ Աններելի է այն սակարկելու մասին անգամ խոսելը, հեշտ է փափուկ բազկաթոռի մեջ մխրճված որոշումներ կայացնել, ճակատագրի ու բախտի խաղ խաղալ, Մեղրին ոչ խաղատուն է, ոչ էլ գինետուն, այն արյամբ պահպանված փոքրիկ բեկոր է, աշխարհից հեռու, բայց աշխարհն իր մեջ ամփոփած ժողովրդի տարեգրություն է։ ԹԵՀՄԻՆԱ ՍԵՐՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել