Լրահոս
Օրվա լրահոսը

Բազում լեզուներով

Օգոստոս 13,2002 00:00

Բազում լեզուներով Օգոստոսի 28-ի կբացվի Կարեն Սմբատյանի անհատական ցուցահանդեսը Գերմանացի արվեստաբան Նիկոլ Գարները, ներկայացնելով գեղանկարիչ Կարեն Սմբատյանի աշխատանքները, ասել է. «Նրա նկարների մի մասը Կանդինսկու, Մյութերի, Մարկի կամ Սեզանի ինքնադրսեւորման խմորումների համադրություն են։ Այսպիսով, զարմանալի ոչինչ չկա, որ նրա նկարները խոսում են բազում լեզուներով»։ Այս նույն միտքը հաստատեց նաեւ Կարեն Սմբատյանը, ասելով. «Իմ նկարները միեւնույն ժամանակ ե՛ւ ազգային են, ե՛ւ համամարդկային, նույնիսկ, երբ ես նկարում եմ որեւէ ֆիդայու, դա նաեւ համամարդկային պլանով եմ նկարում»։ Կ. Սմբատյանը նկարել է սկսել հինգ տարեկանից, հետո հրապուրվել է երաժշտությամբ, ավելի ուշ՝ զինվորական մասնագիտությամբ։ Սակայն, ի վերջո, հասկացել է, որ գեղանկարչությունը իր մեջ կարող է ներառել ե՛ւ պոեզիան, ե՛ւ երաժշտությունը, ե՛ւ զինվորականի մասնագիտությունը։ Մոտ երեք-չորս տարի նա ապրել է Բալթիկ ծովի հեռավոր, անմարդաբնակ Դագո կղզում, իսկ նրան այդտեղ էին քշել զինվորական ծառայության ժամանակ անհնազանդության եւ կարգազանցության համար։ Թեեւ դա եղել է աքսորի նման մի բան, սակայն նկարիչը խոստովանում է, որ դրանք իր կյանքի լավագույն տարիներն են։ Այդ ժամանակ նա իրեն ամբողջությամբ նվիրել է կերպարվեստին՝ նկարելով բազմաթիվ հետաքրքիր դեմքեր, տեսարաններ։ Կ. Սմբատյանը պատմում է, որ նկարները իր ներաշխարհի ամենալավ արտահայտությունն են։ Նա չափազանց խստապահանջ է իր նկարների հանդեպ եւ ավելի քան 300 նկար պարզապես այրել ու ոչնչացրել է։ Նրա նկարների հավաքածուում գերակշռում են դիմանկարները։ Նա սիրում է նկարել սրտամոտ եւ գաղափարակից անձանց դիմանկարները եւ բացի այդ, նրան միշտ հրապուրել են ուժեղ մարդկանց դեմքերը։ Դա է պատճառը, որ սկսած երիտասարդ տարիներից, նկարել է զինվորականների եւ ռազմածովային նավաստիների։ Իսկ սկսած 70-ական թվականներից, նկարել եւ ցուցադրել է հայ ֆիդայիների դիմանկարները, անտեսելով, ինչպես ինքն է ասում, «Խթը»-ի աշխատողների բազմաթիվ զգուշացումները, որոնք լինելով հայ մարդ, ասում էին. «Կարեն ջան, նկարում ես, լավ ես անում, բայց ցույց մի տուր»։ 88թ. մայիսին, երբ կազմակերպվում է նրա ֆիդայիների նկարների ցուցահանդեսը, այն, ըստ Սիլվա Կապուտիկյանի, վերածվում է ցույցահանդեսի։ Արցախյան պատերազմի տարիներին, ի հակառակ իր մեծ ցանկության, Կարեն Սմբատյանը չի կարողանում մասնակցել կռվին՝ սրտի ծանր հիվանդության պատճառով։ Սակայն այդ տարիներին, այցելելով ռազմաճակատային գոտիներ, զինվորական հոսպիտալներ, նկարում է 150 ազատամարտիկների դիմանկարներ։ Կարեն Սմբատյանը մասնակցել է երեք միջազգային ցուցահանդեսների՝ Իտալիայում, Լեհաստանում եւ Թուրքիայում։ Ցուցահանդեսներ է ունեցել նաեւ Ֆրանսիայում, Լիբանանում, Ամերիկայում, Ռուսաստանում, Գերմանիայում։ Իսկ օգոստոսի 28-ին Հայաստանում կբացվի նրա անհատական ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն նրա լավագույն գործերը։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել