Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՇԱՏԱԿՆԵՐԻ ԼԱՊՏԵՐԱՎԱՌԸ

Օգոստոս 13,2002 00:00

ՀԻՇԱՏԱԿՆԵՐԻ ԼԱՊՏԵՐԱՎԱՌԸ Նամակ զինվորի հորը Ինչպիսի խաղաղություն էլ աշխարհին իջնի, քո պատերազմը չի վերջանալու, Վարոս Մինասյան։ Քո պատերազմը մոռացություն ու հաշտեցում պարտադրող բիրտ ժամանակի դեմ է, որի կամքը կատարելու դեպքում մենք կդառնանք այթմատովյան մանկուրտներ, եւ մեր երկիրը մեզ համար կլինի աշխարհի այլ վայրերից ոչնչով չտարբերվող գորշ ու անորոշ տարածք։ Քո կռիվը ժամանակիս կործանվող առաքինության համար է, ազգային մեր խղճի համար, որը դարձել է շքեղ դղյակների ստվերում թափառող հալածական մուրացիկ։ Եթե որեւէ երկիր հաղթանակով ավարտած պատերազմ է ունեցել եւ զորել է հազիվ մեկ տասնամյակի ընթացքում իր քաղաքականության մութ ու մշուշով աղոտացնել զոհված զավակների հիշատակը, ուրեմն նրա բոլոր գալիք պատերազմները դատապարտված են միանշանակ պարտության։ Դու շատ ես կամենում, որ դա այդպես չլինի, Վարոս Մինասյան, եւ պատեպատ ես զարկվում, եւ քեզ լավ չճանաչող շատերին գուցե թվա, թե քո ամբողջ տվայտանքը զոհված Արմեն որդուդ եւ նրա հիշատակի համար է։ Բայց՝ ոչ միայն, այլ նաեւ ու առաջին հերթին։ Արմենի զոհվելուց հետո դու բազում հոգետանջ առիթներով եղար մի շարք պետական հիմնարկներում,առնչվեցիր պաշտոնական տասնյակ սառն ու բութ դեմքերի հետ, որոնց մասին Չարենցը կասեր՝ «…ասես շինված են տապարով»։ Եվ այդ սրտամաշ դեգերումների ընթացքում հանդիպեցիր քեզ բախտակից շատերին, ովքեր իշխանավորների կողմից քեզ նման արհամարհված-վիրավորվածներ էին, եւ որդուդ զոհվելուց հետո ռազմադաշտերից քո ներաշխարհ տեղափոխված պատերազմը այլեւս քո՛ պատերազմն էր՝ ի սեր զոհվածների թանկ ու պայծառ հիշատակի։ Քո օրինակով ես հիշում եմ հին քաղաքների լապտերավառին, իրիկնամուտին երկայն ձողին ամրացված ջահով նա շրջում էր մթնող փողոցներում՝ հերթով վառելով գազի կամ քարյուղի լապտերները։ Դու փորձում ես հիշատակների լույսը պայծառացնել երկրի հիշողության մեջ, Վարոս Մինասյան։ Բայց դա շատ դժվար գործ է այնպիսի երկրում, որն ապրում է միայն մեկ՝ ներկա ժամանակով, անցյալը հանձնած պատմաբանների տնօրինությանը, ապագան՝ բախտագուշակների։ Իհարկե, մեր այս ներկան հետո կոչվելու է հղփացումների, ուրացության ու ապերախտության ժամանակաշրջան, սակայն դրանով թող մտահոգվեն պետության կառավարիչները, որովհետեւ նրանց բարոյականությամբ է պայմանավորված երկրի վարքը։ Եվ մի զարմանա, որ պետական շատ ու շատ բիրտ պաշտոնյաներ չեն հասկանում քեզ։ Նրանցից ոչ մեկը զավակ չի ճանապարհել պատերազմ, գիշերային հեռախոսազանգերից սարսափահար վեր չի թռել, չի գնացել «Էրեբունի» օդակայանում դիմավորելու ռազմաճակատից վիրավորներ բերող ուղղաթիռների։ Քո 21-ամյա որդի Արմեն Մինասյանը՝ թիվ 133 դպրոցի եւ ռադիոկապի տեխնիկումի շրջանավարտը, զոհվեց 1994-ի փետրվարի 22-ին, Հորադիզում։ Այդ օրերին իմ Դավիթ որդու հետ ես էլ էի այնտեղ, նրանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու, ուր կռվում էին ներքին զորքերի ստորաբաժանումները։ Եվ ինձ խելագարեցնում էր ահավոր մի փաստ՝ առաջին գիծ բերված հարյուրավոր զինվորների մեջ չկար ոչ մի պաշտոնյայի որդի։ Նրանք բուհերում ապահովաբար տեղավորված՝ այդ սարսափելի օրերին իրենց նման աղջիկների հետ լկստվում էին Երեւանի սրճարաններում, իսկ ավարտելուց հետո, քանի որ պատերազմը դեռ չէր վերջացել, պիտի տեղափոխվեին մոտ ու հեռու արտասահմաններ։ Այնպես որ, Վարոս Մինասյան, պատերազմը իմ ու քո նմանների, մեր զավակների համար էր, ովքեր չունեին պաշտոն ու փող կամ դրանցից գոնե մեկը։ – Ամեն անգամ, երբ լսում կամ տեսնում եմ որեւէ բիրտ վերաբերմունք զինվորի հիշատակի հանդեպ, ես իմ Արմենին նորից եմ կորցնում։ Եվ, քանի որ ամենուր եւ ամեն օր եմ առնչվում նման բանի, ամեն օր նորից ու նորից եմ կորցնում որդուս,- ասում ես դու։ Իսկ այն ազատամարտիկները, ովքեր հերոսաբար մարտնչեցին Հայաստանի սահմաններին ու Ղարաբաղի սարերում եւ այսօր անգործ ու մոռացված նստած են կարիքից խեղդվող իրենց տներում, դեռ չեն կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ պիտի ամեն ինչ այսպես լիներ. պատերազմն ո՜վ հաղթի, հաղթանակն ո՜վ վայելի… …Իրիկնամուտ է եւ երկնքի հարավային եզերքից կրկին ցոլում է Հեռավորի աստղը։ Վերջին անգամ դու քո որդուն տեսար այդ աստղի տակ, ուր հասել էիր ծանր ու տանջալի ոդիսականով։ Դա նրա զոհվելուց ընդամենը մի քանի օր առաջ էր։ Վերադարձին այդ աստղը քո նշանն էր, հետզհետե որդիդ մնում էր հեռվում եւ դու քո մեջ նրան այդպես էլ կոչեցիր՝ Հեռավորի աստղ։ Նորքի 2-րդ զանգվածի ձեր շենքի բակում մենք նստել էինք Արմենի հիշատակի ցայտաղբյուրի մոտ, եւ դու ասում էիր. – Ես այս ջրից չեմ կշտանում, որովհետեւ համբուրելով եմ խմում։ Սա ծարավածի աղբյուր չէ, սա կարոտածի աղբյուր է… …Աղետ էր եղել, ու քեզ պիտի վիրահատեին։ Բժիշկն ասաց՝ երեք հարյուր դոլար։ Դու զոհվածի հայր էիր, քեզ պարտավոր էին վիրահատել պետական պատվերի նախատեսած ծախսով։ Մուծեցիր 110 հազար դրամ։ Վիրահատությունից հետո ականջիդ շշուկներ հասան՝ հետո՞ ինչ, որ զոհվածի հայր է, մենք մեղավո՞ր ենք, որ նրա որդին զոհվել է… Չունեիր, բայց ստեղծեցիր 300 դոլար, տվեցիր վիրահատող բժշկին եւ ասացիր՝ միայն թե իմ զոհված որդու հիշատակը չխառնեք ձեր նյութական շահարկումներին։ Բայց հուսանք, որ ուրացության որոմն իշխանությունից տակավին չի թափանցել բուն ժողովրդի մեջ։ Հիշատակի լապտերները հենց նրանց արանքում են շարված եւ դու, Վարոս Մինասյան, ու քեզ նման ցավատեր, ցավիմաց մարդիկ ամեն գիշեր քնելուց առաջ պիտի դրանք մեկ-մեկ վառելով գնաք դեպի մնացյալ կյանքի հերթական օրը… Քանզի դուք եք մնացել հիշատակի լապտերավառներ… ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել