Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ՝ «ԻՍԱԳՈՒԼ» ԱՄՍԻՆ

Օգոստոս 13,2002 00:00

ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ՝ «ԻՍԱԳՈՒԼ» ԱՄՍԻՆ Անցած հինգշաբթի բոլոր թուրքմենների հայր Սափարմուրատ Նիյազովը վերջապես համաձայնեց դառնալ Թուքմենստանի ցմահ նախագահ: Այդ երկրի խորհրդարանի պատգամավորները վաղուց էին դրա մասին խնդրում իրենց նախագահին (հավանաբար, ծնկաչոք): Թուրքմենբաշին էլ, մոտ մեկ տարի սեթեւեթելով, վերջապես ընդառաջ գնաց ժողովրդական լայն զանգվածների աղաչանքներին: Միաժամանակ պատգամավորները բարձր գնահատեցին նրա բանաստեղծությունների նոր ժողովածուն: Բայց ամենակարեւորը՝ որոշում ընդունվեց փոխել ամիսների անունները, եւ այսուհետ Թուքմենստանում հունվարը, օրինակ, կոչվելու է «թուրքմենբաշի»: Դառնալով հայաստանյան իրականությանը, նշենք, որ այն խնդիրները, որոնք հաջողությամբ լուծել է թուրքմեն ժողովուրդը իր իմաստուն «պապայի» գլխավորությամբ, մեզանում նույնպես հիմնականում լուծված են: Ես, օրինակ, ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ Քոչարյանը Հայաստանի ցմահ նախագահն է լինելու՝ որքան էլ ընդդիմությունն ինձ հետ համաձայն չլինի: Նույնիսկ կարող եմ ենթադրել, թե 2008 թվականին ով առաջինը հանդես կգա գործող նախագահին ցմահ դարձնելու չափազանց ռամկավարական եւ ազատական նախաձեռնությամբ: Մեր նախագահն էլ, կարծում եմ, Թուրքմենբաշու նման կամակոր չի լինի եւ չի ստիպի, որ իրեն երկար խնդրեն: Բանաստեղծությունների գիրքը կարելի է փոխարինել աֆորիզմների ժողովածուով՝ պրն Քոչարյանի լեզուն, ինչպես հայտնի է, ճկուն է եւ բարբարոս, այն համեմված է չափազանց առնական ժողովրդական ասացվածքներով: Մնում է ամիսների անվանափոխությունը: Այս հարցում ես ցանկանում եմ ներդնել իմ համեստ լուման պետական շինարարության վսեմ գործում: Այդպես, Հուլիոս եւ Օգոստոս կեսարների անունները կրող ամիսները առաջարկում եմ կոչել համապատասխանաբար «ռոբ» եւ «սերժիկ»՝ նրանք են այսօրվա Հայաստանի կեսարները: Չպիտի մոռացվեն նաեւ նախագահի զինակիցները եւ երկրպագուները: Ըստ այդմ, մենք պիտի ունենանք «անդո», «ալիկ», «գուգո» (փառապանծ չեկիստի պատվին) ամիսներ: Ծառերը կկանաչեն «միրզիկ» ամսին, իսկ բերքահավաքը սկսվելու է «իսագուլ» ամսի 15-ին: Ամենափոքր, բայց նշանակալից ամիսը՝ նախկին փետրվարը, առաջարկում եմ կոչել «ամալիկ»՝ հեռուստատեսության Գլխավոր գրաքննիչի պետական վաստակն անմահացնելու նպատակով: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել