Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱՎՈՐԸ «ՊԱՏԺՎԵՑ»

Օգոստոս 13,2002 00:00

ՄԵՂԱՎՈՐԸ «ՊԱՏԺՎԵՑ» «Եթե Աշոտ Գիզիրյանին «հաջողվի» ծեծել ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին, ապա նրան կտան փոխնախարարի պաշտոն»,- Երեւանի ՆԳ վարչության պետի ծառայական առաջխաղացման առիթով դառը կատակել է «Ա1+»-ը։ Իսկ քանի որ Երեւանի նախկին ոստիկանապետն առայժմ միայն պատգամավոր է ծեծել, նրան ընդամենը նշանակել են ՆԳՆ 6-րդ՝ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, որն, այնուամենայնիվ, նրա նախկին պաշտոնի համեմատ՝ ավելի բարձր դիրք եւ կարգավիճակ է։ Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Գեւորգ Հակոբյանի նկատմամբ Գիզիրյանի կիրառած բռնություններից հետո երկրի ամենաբարձրաստիճան 3 պաշտոնյաներից 2-ը պահանջեցին պատժել պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական դրույթը խախտած ոստիկանապետին։ Նախ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը հայտարարեց. «Խորապես դատապարտում եմ տեղի ունեցածը։ ԱԺ պատգամավորների նկատմամբ նման վերաբերմունքը համարում եմ անթույլատրելի»։ Օրենսդիր մարմնի ղեկավարը նաեւ շեշտել էր, թե «օրինախախտները՝ անկախ պաշտոնից, պիտի պատժվեն իրենց կատարած հակաօրինական գործողությունների համար»։ Հետո միջադեպին արձագանքեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը. «Դատապարտում եւ անընդունելի եմ համարում պատգամավորի նկատմամբ նման վերաբերմունքը եւ կարծում եմ, որ այն պետք է համարժեք արձագանք ստանա»։ Այս ամենից հետո խորհրդարանական մեծամասնության ղեկավարը՝ Գալուստ Սահակյանն էլ (տեւական ժխտումներից հետո) նույնպես ընդունեց, թե կատարվել է բռնարարք, ու խոստացավ. «Թե՛ խմբակցությունը, թե՛ Հանրապետական կուսակցությունը միանշանակ սատարելու են իրենց պատգամավորին։ Մենք պահանջելու ենք հարցի քաղաքական լուծում։ (…) ՆԳ համակարգի նշյալ աշխատողը պետք է պատժվի։ Եվ պատժվի արա՛գ, առաջիկա 2-3 օրերի ընթացքում։ Մենք այսօր քաղաքական լուրջ ուժ ենք եւ մինչեւ վերջ հետամուտ ենք լինելու այս գործին»։ Գիզիրյանի նշանակումն ապացույց դարձավ, թե որքանով «լուրջ ուժ» է «Միասնությունը», որքանով է երկրի երկրորդ պաշտոնյան՝ ԱԺ նախագահը կարողանում պաշտպանել պատգամավորների պատիվը։ Եվ վերջապես, սա մի խիստ խոսուն ապացույց է, որ վարչապետն անգամ մի ոստիկանապետի պատժելու չափ ազդեցություն եւ լծակներ չունի, եթե դա չեն ցանկանում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Իսկ Երեւանի գլխավոր ոստիկանապետին իր գործած բռնությունների համար պատժելու փորձերն արժանացել էին հենց նախագահի եւ պաշտպանության նախարարի հակազդեցությանը։ Աշոտ Գիզիրյանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին խոսողների համար բավարար կլիներ, եթե նրան տեղափոխեին ու նշանակեին գոնե մի ծայրամասային ՆԳ ռեգիոնալ վարչության պետ։ Բայց ոչ՝ դա էլ շատ համարվեց եւ քաղաքի ՆԳ կառույցը «բարեհաջող» ղեկավարելուց հետո նրան տրամադրեցին հանրապետության մասշտաբով ազդեցիկ լծակներ։ «Լուրջ ուժին» իր տեղը հրապարակավ ցույց տալու (որպեսզի մնացած բոլորի համար էլ ընտրություններից առաջ պարզ լինի, թե քանի գրոշ արժե այդ «լրջությունը») դասից զատ, այս «զարկով» խփվեցին այլ «նապաստակներ» էլ։ Նախ ի ցույց դրվեց, որ իշխող զույգի կողմնակիցները կարող են ոչ միայն անպատիժ գործել բռնություններ, այլ անգամ արժանանալ խրախուսանքի (թե ինչ կլինի իշխող զույգի հակառակորդների հետ նույն պարագայում՝ ապացույցը Մուշեղ Սաղաթելյանի գործն է)։ Բացի այդ, գնահատվեց ոստիկանապետի ջանքը՝ բացահայտել ընդդիմության հետ գործակցողներին։ Նեղ շրջանակի է միայն հայտնի, որ Գիզիրյանն այս աղմուկ-աղաղակը ստեղծել էր նաեւ այն նպատակով, որ ապացուցի, թե Էրեբունու ոստիկանապետը նստում-վեր է կենում ընդդիմությանը հարողների հետ։ Հիշեցնենք, որ Գեւորգ Հակոբյանի եւ Լեւոն Յազչյանի սեղանակիցն այդ չարաբաստիկ օրը կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդվարդ Մադաթյանն էր, որն այժմ որոշ կապեր ունի Արտաշես Գեղամյանի եւ նրա «Ազգային միաբանության» հետ։ Նրանց հավաքույթին «օպերատիվ արձագանքելով», Գիզիրյանն, ըստ իրազեկների, քար է գցել նաեւ 6-րդ վարչության պետ եւ ՆԳ փոխնախարար Արմեն Երիցյանի «բոստանը», որի աներձագն է Լեւոն Յազչյանը։ Գիզիրյանը հավակնում էր Երիցյանի պաշտոնին՝ «6»-ի մասով։ Հիմա, կարելի է ասել, հասավ իր մուրազին։ Իսկ նախագահ Քոչարյանի համար այս պատմությունը եկավ լրացնելու հայտնի շղթան։ Դրա ամենափոքր օղակներից մեկը ԱԱՆ Ահաբեկչության դեմ պայքարի բաժնի պետ Լեւոն Բաբայանցն է, որը «27»-ից հետո 2-3 աստիճանով բարձրացավ ու դարձավ Գլխավոր վարչության պետի տեղակալ։ Իսկ ամենախոշոր «օղակը» Սերժ Սարգսյանն է, որը պաշտպանության նախարար դարձավ որպես ԱԱ նախարար «27»-ով փառավորապես տապալվելուց հետո։ Շռայլ է նախագահ Քոչարյանն իրեն ծառայողների հանդեպ, ոչինչ չես ասի։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել