Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն բացառվում սպանության այլ վարկածները

Հուլիս 27,2002 00:00

Չեն բացառվում սպանության այլ վարկածները Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատը (նախագահությամբ Մ. Խաչատրյանի, դատավորներ Դ. Ավետիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Ղուկասյանի, Մ. Սիմոնյանի, Ս. Օհանյանի) ավարտեց Լիլիթ Վահագնի Մուղնեցյանի գործի հետ կապված վճռաբեկ բողոքների քննությունը։ Վերաքննիչ դատարանի ապրիլի 23-ի դատավճիռների դեմ վճռաբեկ բողոք էր բերել ոչ միայն ԶԴ դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության բաժնի ավագ դատախազ, գործով մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը (որն, ի դեպ, նաեւ «Հոկտեմբերի 27» քրգործով մեղադրողներից մեկն է), այլ նաեւ տուժողի իրավահաջորդ Հ. Ինջիղուլյանը։ Հիշեցնենք, որ 2000թ. փետրվարի 16-ին, ժամը 24-ի սահմաններում Վանաձորում, Մուղնեցյանների տանը, «քննությամբ չպարզված դրդապատճառներով» սպանվեց ՊՆ թիվ N զորամասի վաշտի հրամանատար Գագիկ Ինջիղուլյանը։ Լիլիթ Մուղնեցյանը «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել էր Գագիկի սրտին եւ սպանել։ Դեռեւս 2001թ. նոյեմբերի 19-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Լ. Մուղնեցյանին դատապարտեց ազատազրկման 5 տարի ժամանակով, Լ. Մուղնեցյանը քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներման տակ ընկավ եւ ազատվեց պատիժը կրելուց։ Նշենք, որ դատավարությունն ընթացավ գրեթե փակ նիստերով։ Վերաքննիչ դատարանն էլ առաջին ատյանի դատավճիռը թողեց անփոփոխ, մեղադրողի եւ տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքները՝ առանց բավարարման։ Տեղեկացնենք, որ Գագիկի հայրը որդու սպանության մեջ մեղադրում էր ոչ միայն Լիլիթ Մուղնեցյանին, այլ նրա հորն ու ամուսնուն՝ Աբգար Ավետիսյանին։ Վճռաբեկ դատարանը, բեկանելով նախորդ երկու ատյանների դատավճիռները, գործն ուղարկեց նոր նախաքննության, քանի որ գտնում էր, որ «նախաքննությունը կատարվել է խիստ թերի», «գործի ճիշտ լուծման համար կարեւոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ մնացել են չպարզված»։ Մասնավորապես՝ սպանության շարժառիթն ու նպատակը։ Տարօրինակ է, որ հենց մեղադրական եզրակացության մեջ էր տեղ գտել հետեւյալ միտքը, որ Լ. Մուղնեցյանը Գ. Ինջիղուլյանին սպանել է դիտավորյալ, բայց… «քննությամբ չպարզված դրդապատճառներով»։ Վճռաբեկը կասկածի տակ էր նաեւ դրել դատաձգաբանական-դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները։ «Ելնելով կատարված Գ. Ինջիղուլյանի դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով ձեռք բերված տվյալներից, փորձագետները հանգել են այն հետեւության, որ նկարագրված հրազենային վնասվածքների առաջացումը Լ. Մուղնեցյանի կողմից բացառվում է»։ Հետեւաբար, ակնարկվում էր «սպանության մյուս հնարավոր վարկածների» մասին, ինչն ակնարկում են տուժողի իրավահաջորդն ու մեղադրողը։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել