Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողոցային գովազդ»

Հուլիս 27,2002 00:00

«Փողոցային գովազդ» Ըստ քաղաքապետարանի տվյալների՝ Երեւանի փողոցներում տեղադրված է մոտ 500 գովազդային վահանակ: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ վահանակների տեղադրումը հաճախ կատարվում է օրենքի խախտումներով: Այսպես, «Գովազդի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետն ասում է, որ ՀՀ-ում գովազդի լեզուն հայերենն է եւ միայն անհրաժեշտության դեպքում, որպես լրացում, գովազդատուի հայեցողությամբ գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել նաեւ այլ լեզուներով` համեմատաբար փոքր տառերով։ Երեւանի փողոցներում օրենքի այս դրույթի խախտումներն ակնառու են: Օպերայի տարածքում երկու խախտում կա. «Թամարա» պաղպաղակի գովազդային վահանակի վրա անգլերեն մեծ տառերով գրված է TAMARA CITY, «Ավշար» օղու վահանակի վրա՝ AVSHAR: Մաշտոցի պողոտայի սկզբնամասում տեղադրված են «Կիլիկիա» (KILIKIA) գարեջրի, Երեւանի գինիների գործարանի կողքին` «Երեւան» հյուրանոցի անգլերեն YEREVAN HOTEL գովազդային վահանակները: «Գովազդի մասին» օրենքի մեկ այլ դրույթ էլ է խախտվում: Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետով արգելվում է ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդի տեղադրումը մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում, հաստատություններում եւ դրանց տարածքում (տվյալ հաստատությանը նախագծով հատկացված տարածքն է): Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցից ընդամենը 10 քայլ հեռավորության վրա տեղադրված են «Wellington» ծխախոտի, «Վեդի Ալկո» գինիների եւ «Ավշար» օղիների գովազդային վահանակները: Այս դպրոցի աշակերտը դասարանում նստած կարող է նայել պատուհանից եւ երազել գինի խմելու կամ ծխախոտ վայելելու մասին: Ինչպես տեղեկացանք քաղաքապետի գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանից, «Գովազդի մասին» օրենքի պահպանման նկատմամբ վերահսկողություն Երեւանում իրականացնում է քաղաքապետը, մարզերում` մարզպետները: Այս աշխատանքներին մասնակցում են նաեւ թաղային համայնքները, գովազդային գործակալությունները (Երեւանում կա 5 գովազդային մասնավոր գործակալություն, որոնք տեղադրում են գովազդային վահանակները): Պրն Մելքումյանը տեղեկացրեց նաեւ, որ գովազդային վահանակներում խախտումներ հայտնաբերելու դեպքում զգուշացվում է համապատասխան գովազդային գործակալությունը: Եթե մեկ ամսվա ընթացքում խախտումը չի ուղղվում, վահանակն ապամոնտաժվում է: Թաղային համայնքներում 2002 թ. հունվարին ապամոնտաժվել է 71 գովազդային վահանակ, քաղաքապետի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ցուցանակների տեղադրման 420 թույլտվություն, իսկ 227 պայմանագիր վերանայվել է: Գովազդային գործակալությունը նաեւ ենթարկվում է վարչական պատասխանատվության. տուգանվում նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Խորհրդականն ասաց, որ Երեւանում նման դեպք դեռեւս չի եղել: Սա էլ բացատրեց նրանով, որ այժմ ուսումնասիրում են եւ միայն ավարտելուց հետո խախտողները կտուգանվեն: Չնայած քաղաքապետի գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանը փորձում էր համոզել, որ ամեն ինչ արվում է «փողոցային գովազդը» կարգավորելու համար, սակայն խախտումներն ավելի խոսուն են: ՀԱՍՄԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել