Իսրայելը Հայաստանին պատերա՞զմ է հայտարարել Հայաստանի մի շարք քաղաքագետներ համարում են, որ՝ այո Միջազգային հարաբերությունների եւ իրավունքի տեսանկյունից էական նշանակություն չունի, թե խոսքը գնում է բուն Հայաստանի տարածքի մասի գրավման կամ Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող ձիթենիների անտառի «ետգրավման» մասին։ Ի դեպ, այդ դարավոր ձիթենիների անտառը բավականին մեծ տարածություն է զբաղեցնում եւ հսկայական պատմամշակութային արժեք ներկայացնում հայերիս համար։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ նույնատիպ իրավիճակ էր ստեղծվել, երբ իսրայելյան բանակը զբաղեցրել էր Երուսաղեմի ռուս պատրիարքությանը պատկանող Ուղտագնացների տունը։ Սակայն ռուսաց պատրիարք Ալեքսիի եւ նախագահ Պուտինի ակտիվ միջամտությունից հետո շինությունը որոշ ժամանակ անց վերադարձվեց ռուսական կողմին։ Իսկ ինչո՞ւ հայերի հետ թույլատրված է ավելի արհամարհական եւ լկտի գործելակերպ։ Մի պահ պատկերացնենք, որ այդ տարածքը պատկանում է ԱՄՆ-ին կամ ԱՄՆ-ի եկեղեցուն. արդյոք այդ դեպքում Իսրայելի կառավարությունը նմանապե՞ս կվարվեր։ Այս ենթադրությունը, իհարկե, կարող է միայն ժպիտ առաջացնել։ Իսկ ի՞նչ պատասխան գործողություններ ձեռնարկեցին մեր արտանգործնախարարությունը, որը օրեցօր զիջում է մեր դիրքերը ղարաբաղյան կարգավորման հարցում եւ իշխանությունները, որոնք զբաղված են ներքաղաքական քաշքշուկով եւ կաշառակերությամբ։ Սկզբից մեր դիվանագետները բացատրություն խնդրեցին իսրայելյան կողմից, չնայած ամեն ինչ արդեն պարզ ու հստակ էր։ Ստացանք կոշտ պատասխան, որից հետո վերջապես նոտա ուղարկեցին։ Ըստ նախարարության խոսնակի (իրական տեքստը, իհարկե, գաղտնի է), նոտայում Իսրայելին առաջարկվում է հարցը լուծել, հաշվի առնելով հայոց պատրիարքության սեփականության իրավունքը։ Այս անգամ էլ պատկերացնենք, թե ինչ գրված կլիներ Իսրայելի նոտայում, եթե Հայաստանը առգրավեր հրեական եկեղեցուն պատկանող մի հսկայական տարածք։ Երեւի մոտավորապես այսպես. «Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հրեական եկեղեցու հանդեպ ոտնձգությունները, հակառակ դեպքում մենք կդիտարկենք այդ գործողությունները որպես Իսրայելի տարածքային ամբողջականության խախտում եւ պատերազմի հայտարարում»։ Եվ այլն, եւ այլն… Իսրայելի վարչապետը հանդես կգար կոշտ հայտարարություններով, իսկ արտգործնախարարը շտապ կմեկներ Հայաստան։ Սակայն մեր նախարարը բոլորովին էլ չի շտապում նման գործողություններ իրականացնել՝ դրա փոխարեն նա շեղում է քաղաքական ուժերի եւ ողջ հանրության ուշադրությունը դեպի այն հարցը, թե այսօր Վաղարշակ Հարությունյանը գեներալ-մայո՞ր է, թե՞ շարքային։ Ըստ հեղինակի, նա եղել եւ մնում է գեներալ-լեյտենանտ, քանզի նրան կոչումից զրկելու իրավական հիմքերը ուղղակի բացակայում են։ Սակայն վերադառնանք խնդրո առարկային։ Վերջապես ինչո՞ւ Իսրայելը որոշեց գնալ նման արտառոց քայլի։ Առաջին հերթին, այդ տարածքը նրան իսկապես պետք է ռազմական տեսակետից։ Երկրորդ՝ արդեն առաջին անգամը չէ, որ փորձում է հաճոյանալ Թուրքիային՝ մեր հանդեպ անբարենպաստ դիրքորոշմամբ։ Հիշեցնենք, որ Իսրայելը պաշտոնապես հայտարարել էր, որ հայերի ցեղասպանությունը Թուրքիայում ոչ մի դեպքում չի կարելի համեմատել հրեաների հոլոկոստի հետ (հետաքրքիր է՝ ինչո՞ւ)։ Վերջապես, Իսրայելը ունի հմուտ եւ զարգացած պետական կառույցներ եւ միշտ պահում է ձեռքը միջազգային գործընթացների զարկերակի վրա եւ փորձում օգտվել ստեղծված իրավիճակից։ Օրինակ, սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո իսրայելյան ղեկավարները պահը չկորցրին ակտիվացնելու ռազմական գործողությունները պաղեստինցիների դեմ հակաահաբեկչական պայքարի դրոշի ներքո։ Ուստի հիմա էլ Իսրայելը հարձակվում է Հայաստանի վրա, որովհետեւ համարում է Հայաստանի իշխանությանը թուլացած, ոչ կոմպետենտ եւ ժողովրդի վստահությունը չվայելող, իսկ ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ անատամ եւ անճկուն։ Նա տեսնում է, թե ինչպիսի արհամարհանքով է վերաբերվում Թուրքիան Հայաստանի առաջարկներին, թե ինչպիսի դիրքորոշում է ձեւավորվում Ղարաբաղյան հարցի շուրջ եւ փորձում է օգտվել ստեղծված կացությունից։ Ցավալի է, բայց փաստ է։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ ԳիԱրՔՄի խորհրդի նախագահ