Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՅԵԼԵՔ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Հուլիս 27,2002 00:00

ՎԱՅԵԼԵՔ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ Սթիվ Քյուրքչյանը 30 տարվա լրագրող Է, հիմնականում կատարում է լրագրողական հետաքննություններ: Աշխատում է «Բոստոն Գլոբ» օրաթերթում: Այս տարվա հուլիսին տասնօրյա այցով նա գտնվում էր Հայաստանում: Մեր մի քանի հանդիպումների ընթացքում նա պատմեց իր հետաքննությունների, լրագրության խնդիրների, Հայաստանի լրագրողների հետ հանդիպումներից ստացած տպավորությունների մասին: Վերջին շրջանում հետաքննում է կաթոլիկ եկեղեցում առկա սեռական բռնությունների դեպքերը: Պուլիտցերյան կրկնակի մրցանակակիր է։ Մենք սուրբ գործով ենք զբաղված Համարում եմ, որ մենք սուրբ գործով ենք զբաղված: Ինչպես հետաքննական լրագրության տարիների փորձի ընթացքում եմ հասկացել, որքան պատմությունները շատանում են, ավելի են բարդանում: Մարդիկ չեն գա եւ ձեզ չեն ներկայացնի փաստերի հստակ շարադրանք: Առհասարակ ամեն ինչ շատ խճճված է, շատ դժվար է պարզել: Նման է հանելուկի, իսկ լրագրողի պարտականությունն այդ հանելուկը լուծելն է: Պարզել, թե ինչու՞ ինչ- որ բան չի ստացվել, ինչու՞ է այս կամ այն բանը եղել, ինչքանո՞վ է դա վատ եւ ինչպե՞ս կարելի է համակարգը կատարելագործել, որպեսզի հիվանդանոցները ավելի լավ բուժօգնություն կազմակերպեն, ոստիկանությունը ավելի արդյունավետ կատարի իր աշխատանքը, դպրոցները երեխաներին ավելի լավ կրթեն: Եվ պատասխանատվությունը լրագրողների վրա է: Այն թերթերը, որոնք լրագրողին տալիս են անհրաժեշտ ժամանակ եւ միջոցներ իրենց գործը լավ կատարելու համար, կապ են պահպանում հասարակության` ընթերցողների, ունկնդիրների, հեռուստադիտողների հետ շատ ավելի սերտորեն, քան այն թերթերը, որոնք ներկայացնում են կողմնակալ լրատվություն: Հասարակությունը ժամանակ չունի պարզելու, թե ինչու հիվանդանոցները լավ չեն իրականացնում բուժումը, իրենց ծառայությունը, դպրոցները լավ չեն իրականացնում կրթությունը: Իրենք ժամանակ չունեն, եւ պետությունն էլ ժամանակ ու միջոցներ չունի այն ինքնուրույն պարզելու համար: Քաղաքական կուսակցությունն այս ամենը տեսնելով` պարզապես քննադատում է տիրող վիճակը: Միայն մամուլն է, որ արձանագրում է, պարզում, թե ինչպես կարելի է փոխել իրավիճակը: Ժողովրդավարական հասարակարգում հասարակությունը կախված է արդարացի եւ ճշմարիտ լրատվությունից: Ինչո՞ւ։ Որովհետեւ հասարակությունը վճարում է այդ ծառայությունների դիմաց։ Եթե հասարակությունը չի ստանում այն ծառայությունները, որոնց դիմաց այդքան թանկ է վճարում, որոնցից կախված է, ապա կարող է զզվել կառավարությունից, կառավարությանը լուրջ չմոտենալ։ Մորաքրոջիցս է կախված ժողովրդավարությունը Ժողովրդավարությունը շատ խոցելի, զգայուն օրգանիզմ է: Եվ միայն ու միայն պայմանավորված ու կախված է փաստարկված ու ճշմարիտ լրատվությունից: Միայն դրանով հասարակությունը կիմանա գալիք ընտրություններում ում օգտին քվեարկել եւ ում պատասխանատու դարձնել ընտրություններից հետո: Երբ աշխատում եմ, ինձ դժվար է պատկերացնել, թե ով է հանրությունը, որի համար սովորաբար գրում եմ: Մորաքույրս շատ խելացի կին է: Երբեք բուհում չի սովորել, բայց այնպիսի մարդ է, ումից կախված է ժողովրդավարությունը: Նա մեղմ չի արտահայտվում, իր կարծիքները շարադրում է շատ հստակ եւ ճիշտը սխալից տարբերում է: Երբ գրում եմ, աչքիս առաջ պատկերացնում եմ մորաքրոջս: Եվ գրում եմ այնպես, ինչպես կպատմեի մորաքույր Իզաբելին, որպեսզի պատմությունը ազդեցիկ եւ հասկանալի դարձնեմ, որպեսզի մորաքույրս հասկանա պատմությունը: Բոլոր դեպքերում, երբ պատմություն եմ գրում եւ տպագրում միանգամից, մորաքույրս զանգում եւ ասում է` ա՛յ, հասկացա: Եվ եթե մորաքույր Իզաբելը հասկացել է եւ ազդվել, ապա բոլորը կսկսեն զանգահարել: 8230Ես կցանկանայի, որ Հայաստանի կառավարությունը այնքան լավը լիներ, որքան Հայաստանի ժողովուրդն է: Կցանկանայի ԱՄՆ կառավարությունն էլ այնքան լավը լիներ, որքան Ամերիկայի ժողովուրդն է: Նաեւ՝ լրագրողների արձաններ Տասը տարի անց, երբ թոռներիս հետ կգամ Հայաստան, հուսով եմ՝ կտեսնեմ պատասխանատու, արձագանքող կառավարություն: Արձագանքող այն հարցերին, որոնք անդրադառնում են մարդկանց վրա: Խորհրդարանը պետք է լինի իշխանության ամենահպարտ դրսեւորումը: Հիսուն տարի անց կանաչ այգիներում կտեսնենք ոչ միայն պետական պաշտոնյաների, այլ նաեւ լրագրողների արձաններ։ Այն լրագրողների, ովքեր դիմակայել են ժամանակի փորձությանը, մաքառել են ծանր դժվարությունների դեմ՝ չունենալով արձագանքող կառավարություն, մնացել են հավատարիմ իրենց արհեստի կոչմանը, մնացել են հավատարիմ այն գաղափարին, որին ձգտում են հասնել բոլոր ազատ լրատվամիջոցները: Ոչ մի դեղատոմս չեմ կարող ասել Հայաստանում ազատ մամուլի կայացման համար: Կախարդական լուծում չկա, որ ասեմ` արեք այս քայլը եւ լավ կլինի: Սակայն մի բան կցանկանայի ասել` վայելեք ճակատամարտը, որին հիմա մասնակից եք: Շատ մի հուսալքվեք: Դուք եք այստեղ հայրենիքի մարտիկները, հպարտ եղեք ձեր դերով: Եթե հուսահատվեք, ապա տեղի կտաք, եթե տեղի տաք, ապա կվատնվի այն ուժը, որը փոխանցվել է մեզ սերնդեսերունդ եւ մեզ դարձրել այսօրվա հայը։ Եթե հետաքննական լրագրությունը հեշտ լիներ, ապա մեկ ուրիշը դա արդեն արած կլիներ: Այսօր պետք է պատրաստակամ լինենք կրելու բեռը, ծանր աշխատանքի բեռը, հուսալքման, ձախողման բեռը: Ներկայացրեք ճշմարիտ եւ ճշգրիտ լրատվություն, որպեսզի հաջողության հասնեք: www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել