Լրահոս
Օրվա լրահոսը

Պառկած նստելատեղով՝ Հայաստան-Սփյուռք

Հուլիս 27,2002 00:00

Պառկած նստելատեղով՝ Հայաստան-Սփյուռք Դա ֆանտազիա է Երեւան-Բրյուսել-Լոս Անջելես նորաբաց չվերթի մասին մեր նախորդ համարում արդեն անդրադարձել եւ նշել էինք, որ ՔԱԳՎ պետ Հովհաննես Երիցյանը մեկնել էր Լոս Անջելես՝ ավիատոմսերի վաճառքով զբաղվող գործակալություններին համոզելու՝ աջակցել VG Airlines-ի այս չվերթի ծաղկմանը։ Հոգեբանական գիտությունների դոկտոր, ՔԱԳՎ պետ Երիցյանը սփյուռքահայ երկու հեռուստաալիքներով այդ օրերին հարցազրույցներ է տվել, ուր անհոդաբաշխ մտքերով ու անավարտ նախադասություններով գովաբանում է չվերթը։ Պարզվում է, որ այս չվերթը Հովհաննես Երիցյանի կյանքի երկրորդ երազանքն է։ Առաջինը՝ տարիքն առած օդաչուների համար բարձր թոշակի ապահովումը, եւ երկրորդ՝ Հայաստանը ԱՄՆ-ի հետ ուղիղ թռիչքով կապելն է։ «Սփյուռքը կապել մայր Հայաստանի հետ… Երբ ես 2000թ. նորից վերադարձա Հայաստան եւ ղեկավարեցի ավիացիան, նորից հարց առաջացավ, որպեսզի Սփյուռքը իսկականից կապել մայր Հայաստանին։ Շուրջ 6-7 ամիս աշխատեցինք այս ուղղությամբ մեր բելգիացի ընկերների հետ, որպեսզի հնարավոր դարձնենք սրա իրականացնելը։ Որպես ՔԱԳՎ պետ եւ որպես ՀՀ նախագահի ներկայացուցիչ, շատ տհաճ է, երբ բողոքներ էր գալիս, որ ճամպրուկներ են կորչում, ինքնաթիռների ուշացումներ են լինում։ Բոլորը ուզում են մի անգամ գնալ իրենց հայրենիքը տեսնելու։ Դրա համար մեր բելգիացի ընկերների հետ եկանք մի հայտարարի, որ հնարավոր լինի իրար հետ միացնենք Երեւանը Լոս Անջելեսին եւ ամենահետաքրքիրը՝ աշխարհի ամենավերջին ինքնաթիռով՝ A330-ով։ Մինչեւ անգամ էկոնոմկլասի ուղեւորը չի զգում ճանապարհը, կիսապառկած վիճակում կարող է թռչել։ Ընդհանուր տեւողությունը կազմում է 16,5 ժամ։ Դա ֆանտազիա է։ Կարծես մի բան կա, երբ որ երկիրը աղքատ է, երբ որ ուժեղ բիզնեսմեն չես՝ սկսում ես փոքրիկից։ Լավ գիտեք, երեւի, փիլիսոփայության օրենքը՝ դեդուկցիայի երեւույթները»,- ասում է Հովհաննես Երիցյանը։ Իր այս միսիայի ընթացքում շատ էր տխրել, քանզի հայ խոշոր ավիագործակալությունները հրաժարվել էին այս կասկածելի գործարքին մասնակցել։ «Մի քիչ տարօրինակ բան պիտի ասեմ, թող չզարմանան հեռուստադիտողները, իմ ժողովուրդը, որովհետեւ սա այնքան էլ ոչ թե փող աշխատելու շուկա պետք է լինի, սա համագործակցված շուկա պետք է լինի։ Եվ աշխատել այնպես, որ միջին խավի հայը կարողանա գնա իր հայրենիքը եւ հետ գա կամ մնա։ Դա է ամենակարեւորը։ Եվ էսօր ես եկել եմ մի քանի հայկական առաջատար ագենտների հետ, որոնք զբաղվում են Երեւանի շուկայով, զրույց անելու, նրանց բերելու ընդհանուր հայտարարի, որ սա էն բիզնեսը չի, որ միանգամից գնաք եսիմ ուր… Դեռ որոշումներ են կայացնում, դեռ քննական առարկա են դարձնում, որը մի կողմից տհաճ երեւույթ է, մյուս կողմից՝ չեմ կարող իրենց մեղադրել, գուցե մարդիկ այստեղ իրենց օրենքներն ունեն, իրենց հասկացությունները»։ Նա շատ գոհ է թռիչքի սպասարկման մակարդակից. «Սպասարկումն ամենաբարձր մակարդակի է։ Ինչպե՞ս կարող է լինի սպասարկումը, եթե 400 տեղանոց ինքնաթիռը դարձնում են 229 տեղ, երբ որ ինքնաթիռի մեջ 11 ժամ թռնում ես, չես զգում, մի հոյակապ երեւույթ է դա վաբշե։ Կարծում ես, թե ինչ-որ մի բարում, կաֆեում ես նստած… Ես, որ էդքան տարի օդաչու եմ, ես էլ եմ ուրախանում, որ էդպիսի ինքնաթիռ կա եւ այդ ինքնաթիռը կտրում է օվկիանոսը, միացնում է Երեւանը Լոս Անջելեսին։ Պատկերացնո՞ւմ եք, ստեղ ես իրանց (բելգիացիներին- Ս. Ս.) ասել եմ, որ տոմսերի արժեքը լինի մատչելի։ Ամենակարեւոր հարցն է դա վաբշե… Մի խոսքով, այստեղ ոչ թե այդ ընկերություններ պիտի որպես բիզնես օգտագործեն այս թռիչքը, սա պետք է օգտագործեն որպես հայրենասիրական, որպես բարեգործական եւ մի քանի այլ ատյաններով, չմոռանալով իրենց բիզնեսը։ Մարդիկ տարեկան մի անգամ ուզում են գալ իրենց հարազատներին տեսնեն։ Մարդիկ այդ հնարավորությունները շատ սուղ է եւ եթե մենք մեր հայրենակիցներին պիտի կեղեքենք ու ասենք, որ գիտե՞ք ինչ, էսպես կամ էնպես պիտի լինի, ես դրա մեջ չեմ գտնում…»։ Հ. Երիցյանը եթերից համոզում էր, որ այս չվերթի տոմսերն ամենաէժանն են, եւ որ սա պատմական երեւույթ է իր ժողովրդի համար։ Ապա նա եթերից կենաց է ասում «ով է ազգասերը» թեմայով իր հայրենակիցներին մաղթում ներող լինել մեկը մյուսի հանդեպ, համբերություն, «հարեւանը ուրախանա, որ հարեւանը հարստանում է, ինչ-որ մի տեղ նաեւ՝ եթե օգտվում է, հայ կանանց ցանկանում եմ, որ երջանիկ լինեն, երեխա բերեն, տղամարդիկ լինեն տղամարդ..»։ Սա մեր ավիացիայի դեմքն է։ Այս դեմքը, որ ՀՀ ՔԱԳՎ պետն է, հատուկ միսիայով մեկնում է Լոս Անջելես՝ բելգիական մի նորաբաց ավիաընկերության համար կանաչ ճանապարհ բացելու, իսկ այստեղ՝ Հայաստանում, Ֆրանկֆուրտի չվերթն են փորձում փակել, Ամստերդամն են փակում… Բնականաբար, Երիցյանը ունի անձնական շահագրգռություն այս չվերթի գործարքում։ Նա վիրավորվել է, որ Լոս Անջելեսի հայ ավիագործակալները գրկաբաց չեն ընդունել իր առաջարկը։ Մեր տվյալներով, VG Airlines-ի հետ համագործակցելու նպատակով ստեղծվել է VG A.A. ընկերությունը, որը բուն VG-ից գնել է որոշակի նստելատեղեր այս չվերթում՝ 110, եւ յուրաքանչյուր չվերթի համար VG A.A.-ն VG-ին վճարում է մոտ 140 հազար դոլար։ Ընդ որում, VG A.A.-ն Հայաստանում դեռեւս գրանցված ընկերություն չէ։ Երիցյանը ավիագործակալներին առաջարկել է յուրաքանչյուր չվերթում նախապես նստելատեղեր գնել՝ մինիմում 30։ Բելգիական կողմը, բնականաբար, կորցնելու ոչինչ չունի, քանի որ իրենց գումարը նախապես է վճարվում։ Ավիագործակալներն իրենց վիճակագրական տվյալներով առաջարկը վերլուծելուց հետո հրաժարվել են, վստահ լինելով, որ հնարավոր չի լինի այդքան ուղեւոր ապահովել, հետեւաբար այս չվերթը վնասով է աշխատելու։ Եվ եթե ավիագործակալը իր վերցրած նստելատեղերը չկարողանար ուղեւորով ապահովել, ինքն իր գրպանից պետք է վճարեր դատարկ տեղի համար։ Հարց է ծագում. արդեն այս չվերթը մոտ մեկ ամիս գործում է, շաբաթական երկու անգամ, ինչպե՞ս է չգրանցված VG A.A. ընկերությունը հարկային պարտավորությունները կատարում կամ կատարելու, եւ երկրորդ՝ բելգիական կողմի գումարները ո՞ւմ գրպանից են մուծվում, մանավանդ, եթե Լոս Անջելեսից Հայաստան (եւ հակառակը) ուղեւորների քանակը շաբաթական 50-60 է, իսկ 200-ի մասին խոսք չի կարող լինել։ Այս չվերթը գրեթե դատարկ է, իսկ ՀԱՈՒ-ի չվերթերը լեփ-լեցուն են։ Լոս Անջելեսի եւ Հայաստանի ավիագործակալների տպավորությունն այնպիսին էր, որ Երիցյանն իր մասնավոր բիզնեսի համար փող ու բարեգործություն է ուզում եւ զարմանում է, որ սփյուռքահայությունը չի արձագանքում։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել