Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԱՎ ԿԼԻՆԵՐ ԶՈՀՎԵԻՆՔ»

Հուլիս 27,2002 00:00

«ԼԱՎ ԿԼԻՆԵՐ ԶՈՀՎԵԻՆՔ» Ովքեր են աշխատում ՊՆ-ում «Ապրելու հույսն էլ է կորչում, լավ կլիներ զոհվեինք, քան այսքանը տեսնեինք»,- ՀՀ պաշտպանության նախարարության տարբեր պաշտոնյաների ուղղած հուսահատ իր նամակներն այս տողով է ամփոփում Սեւանի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ Արմո Առաքելյանը, որը 1992 թվից մասնակցել է արցախյան պատերազմին։ Նա մոտ երկու տարի պայքարում է իր միակ երեխայի՝ Պետրոս Առաքելյանի դեմ կատարված անարդարության դեմ։ ՀՀ ՊՆ տարբեր մանրումեծ չինովնիկներ նրան քաշքշում են, նամակներ գրել տալիս, այս կամ այն չինովնիկի ընդունարանն ուղարկում, որոնց, բնականաբար, քարտուղարուհիներն են սուրճ խմելու ընթացքում դուրս հրավիրում… Արմո Առաքելյանի դաժան պատմությունը հետեւյալն է։ Նրա որդի Պետրոս Առաքելյանը հոր հետ մասնակցել է պատերազմին։ Պ. Առաքելյանը ավարտելով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարական վարժարանը, 1995թ. զորակոչվել է հայկական բանակ։ Տարիուկես ծառայելուց հետո (ավագ սերժանտի կոչումով) Վազգեն Սարգսյանի 1997թ. հրամանով ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-ի վարչության եւ Պ. Առաքելյանի միջեւ պայմանագիր է կնքվում ՀՀ ՊՆ եւ արտերկրների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու եւ հետագա զինվորական ծառայության մասին՝ Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանում սովորելու։ Պ. Առաքելյանին ուսումնառության չորս տարիների ընթացքում ոչ մի խախտում կամ զգուշացում չի եղել, բարձր առաջադիմական ցուցանիշներ է դրսեւորել։ Ուսման երրորդ տարում Պ. Առաքելյանը Ռյազանից գալիս է Նոյեմբերյանի զորամասում մեկ ամսով ստաժավորման։ Եվ ահա 2000թ. հոկտեմբերին ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-երի վարչության պետի պաշտոնակատար, փոխգնդապետ Է. Ոսկանյանը զանգահարում է Ա. Առաքելյանին, հրավիրում հանդիպման, ասելով, թե վերջինիս որդին ուսումնարանում չէ։ «ՌՈՒՀ-երի վարչությունից եք եւ իմ տղայի համար դուք պատասխանատու եք, ես ձեզ եմ հանձնել նրան»,- պատասխանում է Ա. Առաքելյանը։ Է. Ոսկանյանը Ա. Առաքելյանին հրավիրում է խոսելու։ «Ասացի՝ չեմ կարող գալ, կինս հիվանդ էր, թոշակ էլ չէի ստացել։ Ոսկանյանն ասաց՝ գիտե՞ս, որ կարող է տղայիդ ետ բերենք, իր ուսման վարձը 20.000$ է կազմում։ Ասացի՝ պայմանագիրն ինձ մոտ է, ի՞նչ իրավունք ունեք դա անելու կամ որդիս ի՞նչ խախտում է արել, որ ետ եք բերում»։ Ա. Առաքելյանը անհանգստացած զանգահարում է Ռյազան՝ որդու ձայնը լսելու, որդին ասում է, որ ուսումնարանից կուրսով ուղարկված էր կարտոֆիլի հավաքման աշխատանքների։ 2000թ. դեկտեմբերի 21-ին որդին զանգահարում է Ռյազանից, թե իրեն եւ եւս 7 հայ ուսանողի վերադարձնում են։ Այդ ուսանողներից 4-ը գողություն էին արել Ռյազանում, որոնք հետագայում փախչում են, մյուս երկուսը չեն համապատասխանում ուսումնարանի պահանջներին, իսկ մեկը՝ ուսումնառության ընթացքում մի քանի անգամ կատարած խախտումների համար։ Նրանց հետ վերադարձնում են նաեւ Պ. Առաքելյանին։ Ֆակուլտետի ղեկավարությունը, ի դեմս Ժիդկովի, խնդրում է Պ. Առաքելյանի՝ իր լավագույն ուսանողի ուսումը չընդհատել։ Պ. Առաքելյանին ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-երի վարչության աշխատակիցները վերադարձնում են Հայաստան։ Ամանորի տոներից հետո Պ. Առաքելյանին տեղափոխում են Զինվորական ոստիկանություն։ Գողություն կատարած վերոհիշյալ ուսանողները այժմ հայկական բանակի սպաներ են, իսկ Պ. Առաքելյանի մասին գրում են, թե չի կարող հայկական բանակի սպա դառնալ։ Քանի անգամ Ա. Առաքելյանին ՊՆ աշխատակիցները կանչում են «զրուցելու». «Ասել եմ՝ ես էն կռվածներից չեմ, խնդրում եմ մի սխալվեք, ես փող չունեմ…»։ Բազմաթիվ դռներ է թակում Արմո Առաքելյանը՝ ոչ մի պատասխան։ 2001թ. մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական, փոխգնդապետ Ա. Մելոյանից Ա. Առաքելյանը նամակ է ստանում, որում ասվում է. «…Ձեր որդի Պետրոս Արմոյի Առաքելյանի նկատմամբ Ռյազանի օդադեսանտային զորքերի ուսումնարանից հեռացնելու որոշում կայացվել է նրա կողմից թույլ տրված կարգապահական խախտումների համար (չի ներկայացել ստաժավորման թիվ 24923 զ/մ եւ ժամանակին չի ներկայացել ինստիտուտ)։ Նկատի ունենալով, որ Պետրոս Առաքելյանը գիտակցել եւ զղջացել է կատարվածի համար, ունեցել է բարձր առաջադիմություն, ցանկություն է հայտնել հայկական բանակի սպա դառնալ, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից որոշում է կայացվել 2001թ. սեպտեմբեր ամսից նրան թույլատրել ուսումը շարունակելու»։ Ըստ ՊՆ աշխատակիցների, Պ. Առաքելյանը Նոյեմբերյանի զորամասի փոխարեն Նուբարաշենում պետք է ստաժավորվեր։ Հայրը զարմանում է. «Եթե իրոք իմ որդին ստաժավորում չի անցել, ինչո՞ւ երկու ամսվա ընթացքում ռազմական ոստիկանության միջոցով իմ տղային չեք բռնել։ Ռյազանից տրված ուղեգրում գրավոր նշված էր Նոյեմբերյանի զորամասի անունը, այսինքն՝ այն զորամասը, որտեղից մեկնել է Ռյազան»։ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի որոշումը նույնպես չեն կատարում ՊՆ աշխատակիցները եւ Պ. Առաքելյանը մինչ օրս Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանի 3-րդ կուրսի 5-րդ քննաշրջանի կիսատ ստուգարքի գրքույկն ունի եւ անավարտ դիպլոմը։ ՌՈՒՀ-երի վարչության պետի պաշտոնակատար (23.01. 2001թ. տվյալներով) Է. Ոսկանյանը անգամ մինչ օրս Ա. Առաքելյանին հրաժարվում է տալ որդու անձնագիրը, Ռյազանի ուսումնարանի կողմից Պ. Առաքելյանին տրված բնութագիրը՝ բարձր առաջադիմությամբ ուսումնառության մասին։ Ա. Առաքելյանի միակ ցանկությունը ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ հանդիպումն է։ ՊՆ աշխատակիցները ե՛ւ Վազգեն Սարգսյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի որոշումները հեշտությամբ շրջանցում են՝ ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արմո Առաքելյանի ընտանիքին երկու տարի քաշքշելով ընդունարանից ընդունարան։ Թերեւս պաշտպանության նախարարը տեղյակ էլ չէ, թե ինչպես են իր իսկ աշխատակիցները «թռնում» իր որոշումների վրայով՝ դժբախտացնելով մի ընտանիքի, մի երիտասարդ տղայի, որը ցանկանում է հայկական բանակին ծառայել։ Իսկ այսօր այդ ազատամարտիկը, ցավը կոկորդում խեղդելով, ծանր հիվանդությամբ տառապող իր կնոջ հետ Սեւանում ծվարած՝ չգիտեն ինչ է սպասում իրենց միակ զավակին եւ վերջին հույսը կորցրած գրում են՝ «…լավ կլիներ զոհվեինք, քան այսքանը տեսնեինք»։ Ամեն մի չինովնիկ իր պարտքն է համարել մի այլ չինովնիկի հեռախոսահամար տալ։ Իր սուղ միջոցներով ամիսներ շարունակ Ա. Առաքելյանը փորձում է զանգահարել այդ հեռախոսահամարներով։ Եվ ոչ մի պատասխան, լավագույն դեպքում՝ քարտուղարուհիների ծաղրական ճիչեր… Նշենք, որ Ա. Առաքելյանի որդի Պետրոսին, այս ամենին անտեղյակ, պահակազորային աշխատանքի է ընդունել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը՝ «Հարսնաքար» հանգստի համալիրում։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել