Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՀԵՐՔՈՒՄ

Հուլիս 27,2002 00:00

ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՀԵՐՔՈՒՄ «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» գործող օրենքի 24 հոդվածը, ինչպես գիտեք, սահմանում է հերքման եւ պատասխանի մեխանիզմները։ Ըստ այդ հոդվածի, հերքումը հրապարակվում է անվճար, այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում կամ ԶԼՄ հերթական թողարկման մեջ, ԶԼՄ նույն միջոցով, նույնկերպ՝ ինչ հերքվող լրատվությունը։ Հրապարակվող հերքման ծավալը չպետք է գերազանցի հերքվող լրատվության ծավալի կրկնակի չափին։ Եթե լրատվամիջոցը հրաժարվում է հերքումը տպագրել, «կազմակերպությունը կամ քաղաքացին» իրավունք ունեն «օրենքով սահմանված ժամկետներում դիմել դատարան»։ «Արարատ» թերթի խմբագիր Կարինե Աշուղյանի դեմ «ավարտվեց» 2002թ. հունիսի 24-ին պատվի եւ արժանապատվության պահանջի մասին քաղաքացի Մարինե Գաբրիելյանի հայցի քննությունը։ Վեճն, ինչպես գիտեք, սկսվել էր 2000թ. հունիսի 30-ից, երբ «Արարատ» մարզային թերթում տպագրվել էր Խաչփար գյուղի հարյուրից ավելի քաղաքացիների նամակը։ Գյուղապետի ընտրությունների կապակցությամբ խաչփարցիները իրենց կարծիքն էին հայտնել թեկնածու Մարինե Գաբրիելյանի մասին, գտնելով, որ նա չի կարող լինել գյուղապետ, քանզի ազերի ռազմագերի է իր տանը պահել, Սադախլոյում վաճառել 25.000 դոլարով։ Մ. Գաբրիելյանը 2000թ. դեկտեմբերին է դիմում խմբագրություն՝ չներկայացնելով, թե ինչը պիտի հերքվի։ Դատական այս քաշքշուկի մասին մենք բազմաթիվ անդրադարձներ ենք ունեցել. նախ հայցի քննությունը լսվել է Արտաշատում, Մասիսում, ապա Էջմիածնում։ Քիչ մնաց, թե այն շարունակվեր մայրաքաղաքի Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարանում, սակայն այն կանխվեց, քանի որ չկար ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշումը։ Գործը հասավ վճռաբեկ դատարան։ Ապա Էջմիածնում «Արարատ» թերթի գլխավոր խմբագիր Կարինե Աշուղյանը հանդես եկավ հայցվորի նկատմամբ քրգործ հարուցելու միջնորդությամբ։ Գործը «քննվեց» դատախազությունում։ Բայց մինչ դատախազությունը կքններ, հիշեցնենք, որ Մասիսի առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Թաթուլ Պողոսյան) հայցվորից պահանջվեց հերքման տեքստը։ Նա չէր կարողանում բացատրել, թե ինչը պետք է հերքվեր։ Տարօրինակ բան. հերքման տեքստ է պահանջվում խմբագրությունից, որին չեն վստահել, որի տեղեկությունը հերյուրանք են համարել, որին, մեղմ ասած, «դատում» են։ Տարօրինակը նաեւ այն էր, որ Խաչփար գյուղի տասնյակ ներկայացուցիչներ դատարանում պնդում էին իրենց կարծիքը, այն, որ Մ. Գաբրիելյանը իր նկարագրով չէր կարող գյուղապետի թեկնածու լինել, որ ավելին, նա ծեծի է ենթարկում իր սկեսրոջը։ Վերջինս նույն դատարանում հաստատեց այդ։ Մասիսի դատարանում ժամանակ խնդրելով հերքման տեքստ գրելու համար (հուլիսի 12-ին), հայցվորը չքացավ, իսկ ապա «խաբրիկ» ուղարկեց դատարանին հայցը թողնել առանց քննության (հունիսի 29-ին), ապա բացարկ հայտնեց դատավորին։ Այս արտոնյալ հայցվորուհին, կորցնելով ժամ ու ժամանակի զգացողությունը, խախտելով հերքում պահանջելու ժամկետները, իր հերքումն էր քշում։ Շատ հաճախ ինքն իրեն հարկ չհամարելով քշել այն նույն դատարանները, ուր իր հայցի քննությունը պիտի լիներ։ Իսկ այս ընթացքում ուղղակիորեն ոտնահարվում էին «Արարատ» թերթի՝ որպես լրատվամիջոցի օրենքով սահմանված իրավունքները։ Այնուամենայնիվ, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը (այս անգամ «նախագահ-դատավոր» Գ. Խանդանյանի գլխավորությամբ, պիտի լինի «նախագահող») այս հունիսի 24-ին հայցը բավարարեց եւ պարտավորեցրեց «Արարատ» թերթի գլխավոր խմբագիր Կ. Աշուղյանին թերթում հերքում տպագրել։ Այն դեպքում, երբ Արարատի մարզի դատախազության նյութերով էլ հիմնավորվել էր, որ ազերի ռազմագերի Մուսան Խաչփար բերվել է եւ բերվել է հայցվորի տեգրոջ կողմից (հասկանալի է տեգրոջ վրա գցելու տարբերակը. նա հանրապետությունում չէ)։ Լրատվամիջոցը չլինելով նախաքննական մարմին, կարողացել էր ճշգրիտ տեղեկատվությունն այդ իմաստով ապահովել։ Իսկ ինչ վերաբերում էր «ռազմագերուն վաճառելու մասին ուղղակի ապացույցներ բերելուն», ապա դա «Արարատ» թերթի խնդիրը չէր, այլ այն դատարանների պատվի ու արժանապատվության, որ նմանօրինակ հայցն են բավարարում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել