Լրահոս
Օրվա լրահոսը

Օպտիմալացումը երկար ուսումնասիրությունների

Հուլիս 27,2002 00:00

Օպտիմալացումը երկար ուսումնասիրությունների արդյունք է «Առավոտում» լույս տեսած «Դժգոհություններ միավորումից հետո» հոդվածում Պռոշյան գյուղի բուժկայանի աշխատողներն իրենց դժգոհությունն էին հայտնել բուժկայանների միավորման կապակցությամբ։ Կոտայքի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Նաիրիի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Ժորա Գրիգորյանը պարզաբանումներ ներկայացրեց այս առիթով։ Նա բերեց մի շարք փաստեր, որոնք հիմնավորում էին միավորման դրական լինելու հանգամանքը։ Նրա հավաստմամբ, օպտիմալացումը մասնագետների երկար ուսումնասիրությունների արդյունք է։ Առաջին հերթին բուժկայանների միավորումը բերել է ֆինանսական խնայողությունների, քանի որ միավորումից հետո հնարավոր է եղել տնտեսական ավելորդ ծախսերը կրճատել։ Իսկ այդ խնայողությունների հետեւանքով կուտակված գումարը, տնօրենի հավաստմամբ, ավելի նպատակաուղղված է ծախսվում։ Միավորումից հետո մեծ ուշադրություն է դարձվում բուժաշխատողների աշխատավարձի խնդրի լուծմանը։ Եվ ինչպես նշեց տնօրեն Գրիգորյանը, միավորումից անցել է արդեն ութ ամիս եւ արդեն վճարված է բուժաշխատողների մի քանի ամսվա աշխատավարձը եւ եթե ֆինանսավորումը այսպես շարունակվի, ապա այս տարի աշխատավարձի պարտք չեն ունենա։ Պրն Գրիգորյանը հավաստիացրեց, որ բուժկայաններում գործող վճարովի կաբինետների ծառայությունների դիմաց կուտակված գումարները շատ քիչ են եւ ուղղված են նրանց ծախսերին։ Սակայն այդ ֆինանսական միջոցները չեն ծածկում բուժկայաններում կատարված ծախսերը։ Բայց անկախ այդ հանգամանքից, կենտրոնը պարտավոր է իր կազմի մեջ մտնող բուժկայաններին ապահովել անհրաժեշտ դեղորայքով, բժշկական պիտույքներով եւ հոգալ նրանց բոլոր կարիքները, քանի որ պետական բյուջեից հատուկ միջոցներ են հատկացվում կենտրոնին՝ նման խնդիրները լուծելու համար։ Բայց դրա համար անհրաժեշտ է, որ բուժաշխատողները, վարիչի գլխավորությամբ, նախ կենտրոնին ներկայանան պահանջագրերով, որից հետո կբավարարվեն նրանց բոլոր պահանջները։ Ինչ վերաբերում է բժշկական տարբեր տեղեկանքների տրմանը, ապա տնօրենը հավաստիացրեց, որ հաշվի առնելով կենտրոնի հեռավորությունը բնակավայրից, բնակչության սոցիալապես անապահով վիճակը, իրենք հատուկ եղանակներ են մշակել։ Այն բժշկական տեղեկանքները, որոնք հնարավոր է բուժկայանից վերցնել, տրվում են տեղում։ Բուժկայաններին տրվել են տեղեկանքների հատուկ ձեւեր, կնիք։ Սակայն որոշ տեղեկանքներ վերցնելու համար բնակիչը պետք է հետազոտվի տարբեր նեղ մասնագետների մոտ։ Իսկ բուժկայաններում համապատասխան պայմաններ չկան։ Այդ պատճառով նման տեղեկանքները տրվում են միայն կենտրոնում։ «Նաիրիի» կենտրոնական պոլիկլինիկան վերազինված է ժամանակակից հետազոտման եւ ախտորոշիչ սարքավորումներով եւ լավագույն մասնագետներով։ Եվ քանի որ բուժկայաններում նման սարքավորումներ չկան, հիվանդները կարող են այցելել կենտրոնական պոլիկլինիկա։ Պոլիկլինիկայի տնօրեն պրն Գրիգորյանը տեղեկացրեց, որ լավագույն բժիշկ- մասնագետները հաճախ են գործուղվում մասնաճյուղ բուժկայաններ՝ տեղում կազմակերպելու բնակչության բժշկական հետազոտությունները։ Պռոշյան գյուղի բուժկայանն արդեն ապահովված է թերապեւտ բժիշկներով, որոնք հերթափոխով կաշխատեն եւ գյուղում միշտ կապահովեն բնակչության բուժսպասարկումը։ ԱՐՓԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել