Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅԱՆՆ ԱՂԵՐՍՎՈՂ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 27,2002 00:00

ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅԱՆՆ ԱՂԵՐՍՎՈՂ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Ի տարբերություն վերջին շրջանում Հայաստանում կառուցվող եկեղեցիների, սբ Համբարձման եկեղեցում հոգեւոր աուրա կա, գուցե՝ որովհետեւ սիրով են կառուցել ու երկյուղով: Ինչպես Ալեքսան Հակոբյանը՝ Քաշաթաղի վարչակազմի ղեկավարը, պատմեց, զգուշանալով արգելքներից՝ ամենուր հայտարարել են եւ հավատացրել, թե միլպետի տուն են կառուցում: Միայն գմբեթի կառուցումից հետո է իսկությունը հայտնի դարձել: Սկիզբը՝ նախորդ համարում Իսկ Գյումրիից Քաշաթաղ վերաբնակություն հաստատած Հովհաննես Մկրտչյանը, որ եկեղեցու զարդաքանդակների եւ էլի մի քանի հուշակոթող-հուշաքարերի հեղինակ է, սրամտում է, թե Բերձորի դեմքն ինքն է: Համենայնդեպս, իր քարե գործերը, ինչպես եւ՝ մյուս հայրենադարձների նյութեղեն ու հոգեւոր գործերը, Քաշաթաղի այսօրվա դեմքը կերտող մասնիկներ են: Հայրենադարձություն Այն, ինչ կատարվել եւ կատարվում է Քաշաթաղում 1994-ից ի վեր, ոչ բնակեցում կանվանես, ոչ էլ վերաբնակեցում: Դա հայրենադարձություն է: Պատմության մեջ միայն մեկ անգամ՝ 19-րդ դարավերջին, հրեա ժողովրդի կյանքում է այդպիսի երեւույթ եղել: Լեհաստանից, Ռուսաստանից, Չեխիայից, Ֆրանսիայից՝ թողնելով անհամեմատ բարեկեցիկ պայմաններ, մարդիկ գալիս էին Պաղեստին՝ գիտակցաբար սեփական կյանքը դարձնելով առաքելություն եւ կերտելով հայրենիք: Քաշաթաղի գյուղերից մեկում՝ Գողթանիկ թե Նորաշեն /գուցե՝ Նորագյուղ. անունն այդպես էլ չկարողացա սովորել/ մի կնոջ հետ էի զրուցում, պարզվեց՝ իրենց գյուղում 15 ընտանիք են, եւ կարո՞ղ եք երեւակայել, բոլոր մեծահասակները՝ բարձրագույն կրթությամբ, 30-40 տարեկան: Ասենք, Քաշաթաղի վարչակազմի էկոլոգիայի վարչության պետը՝ տիկին Ռայան ասպիրանտուրա է ավարտել Լենինգրադում, Սոցապ վարչության պետը՝ Գարեգին Ղազարյանը, բանասիրության թեկնածու է թե դոկտոր, նախկին ԵՊՀ դասախոս, ժողկրթբաժնի տեսուչը՝ Աշոտ Պետրոսյանը, փիլիսոփայական գիտությունների թեկնածու է: Հիվանդանոցի գլխավոր բժիշկը Արցախ Բունիաթյանն է. կարծում եմ, նրա անունը նույնքան հայտնի է Հայաստանում, որքան երեւի Մոնթե Մելքոնյանի կամ Շահեն Մեղրյանի անունները, ոչ միայն դեռ 80-ականներին Նժդեհի աճյունը հայրենիք փոխադրելու կապակցությամբ, այլեւ Արցախյան գրեթե ողջ պատերազմը առաջին գծում անցնելու, վիրահատական նշտար ձեռքին պայքարելու եւ մարդկային կյանքեր փրկելու համար: Քաշաթաղում մարդիկ են հանդիպում, որոնց հետ ծանոթությունը կարելի է պատիվ համարել: Լյովա Բալատաեւը ՆԳ վարչության պետի տեղակալն է, Խորհրդային բանակի փոխգնդապետ, ծառայել է ցամաքային դեսանտում, ռազմական գործողությունների է մասնակցել Չեխոսլովակիայում, խորհրդա-չինական սահմանում, Կուբայում, վերջին մասնակցությունը մարտերին եղել է Արցախում: Ի դեպ պրն Բալատաեւի հետ զրույցից առաջին անգամ տեղեկացա, որ 1968-ին ոչ միայն խորհրդային տանկերն են անցել Պրահայով, այլեւ դեսանտ է իջեցվել եւ գրավվել են մի քանի զորամասեր չեխ-գերմանական սահմանին: Անձանց թվարկումը կարելի է շարունակել, բայց իմ նպատակն ընդամենը հայրենադարձության եւ վերաբնակեցման տարբերությունը շեշտելն է: Խորհրդային ժամանակներում էլ մարդկանց ֆինանսական, տնտեսական լծակներով շահագրգռում էին ԲԱՄ կամ Ղազախստան տեղափոխվելու. դա վերաբնակեցում էր: Իհարկե, Քաշաթաղ եկողներն էլ որոշակի արտոնություններ են վայելում, հարկերն այստեղ ցածր են, բյուջետային հիմնարկներում աշխատավարձերը կրկնակի բարձր են ԼՂՀ-ի կամ Հայաստանի համեմատությամբ: Բայց վստահաբար նյութական գործոնը չէ որոշիչը. արտագնա աշխատանքը ԱՄՆ-ում, Եվրոպայում կամ Ռուսաստանում անհամեմատ մեծ եկամուտներ է բերում: Քաշաթաղում ամեն քայլափոխի հանդիպում ես մարդկանց, ովքեր հաջողություններ են տոնել ու կենսագրություն են գրել մինչեւ այստեղ տեղափոխվելը: Չգիտեմ՝ գուցե մեկ-երկու սերունդ հետո ամեն ինչ կդառնա նույնը, ինչ մնացյալ աշխարհում՝ մրցակցություն ու պայքար: Առայժմ սակայն արեւը Քաշաթաղում ջերմացնում է ամենքին, կյանքը շատ ավելի հովվերգություն է՝ քան իրականություն, որովհետեւ աուրան ձեւավորել է մի սերունդ, որը գիտակցաբար ընտրել է ոչ թե պայքարում ինքնադրսեւորվելու, այլ՝ առօրյան արարումի վերածելու ճակատագիր: Մարդիկ խնդիր չունեն ոչ համեմատվելու, ոչ պայքարելու, ոչ միմյանց հաղթելու: Այստեղ ապրելը, անցյալը ժառանգելը եւ ապագա կերտելը ինքնին առաքելություն է, որ հավասարեցնում է ամենքին՝ իբրեւ հայրենադարձների: Անցյալ ու ներկա հերոսներ Հայրենադարձության մի հատկանիշն էլ անցյալից սերելն է եւ այն պահպանելը։ Ասենք. Քաշաթաղում հանդիսությունների ժամանակ՝ ի պատիվ Նժդեհի, բաժակ են բարձրացնում եւ նույնիսկ կատակով իրենց Երրորդ Հանրապետություն են կոչում: Սակայն ինչ-որ տեղ տարակուսանք է պատճառում այն, որ Արցախյան պատերազմի նվիրյալներն են Նժդեհի հետ բաղդատության մեջ գնահատվում: Չէ՞ որ ժամանակը ծնունդ է տալիս սեփական հերոսների, եւ հազիվ թե կարիք կա անցյալը կուռքի վերածելու։ Օրինակ այն, ինչ պատմեցին Լեոնիդ Ազգալդյանի մասին նրա զինակիցները՝ զրույցների եւ Արտաշենի դպրոցի անվանակոչության ժամանակ, այդ մարդու գործի եւ հիշատակի առջեւ ստիպում է խոնարհվել նույնքան՝ որքան անցյալ դարասկզբի հերոսների: Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի սան եւ Երեւանի գիտահետազոտական ինստիտուտներում լազերային ֆիզիկայի խնդիրներով զբաղվող Ազգալդյանի մասնակցությունը Քաշաթաղի ազատագրմանը սկսվել է ավելի վաղ՝ քան Արցախի պատերազմը։ Դեռ խորհրդային տարիներին նա բազմիցս ուղեւորվել է Լաչին, Քելբաջար, եւ նույնիսկ՝ տեղանքի քարտեզներ են գծագրվել։ Ահա թե ինչու 1993-ին, թեեւ Ազգալդյանն արդեն զոհված էր, առաջինը Քելբաջար մտնելու պատիվը վերապահվեց նրա ջոկատին: Ի դեպ, Քելբաջարի գրավումից շատ չանցած, մեզ ուղեկցող Սարգիս Հացպանյանի լուսանկարը մի ադրբեջանցի տատիկի հետ հայտնվել է եվրոպական, այնուհետեւ՝ թուրքական մամուլի էջերում: Ֆրանսիական «Լիբերասիոնը» մակագրությամբ բացատրում էր, որ «գերի» ընկած տատիկը ողջագուրվում է հայ զինվորների հետ եւ դժվարությամբ է բաժանվում նրանցից՝ Ադրբեջան մեկնելու համար: Թուրքական «Մելլիեթը» արտատպում է լուսանկարը՝ նենգափոխելով մակագրությունը. «Ադրբեջանցի տատիկը պատգամում է իր թոռնիկին, որ հայերից վրեժխնդիր լինի»: Թոռնիկը Սարգիսն էր: Իհարկե, Արցախյան պատերազմում ադրբեջանցիների հանդեպ եղել են ոչ միայն մարդասիրության դրվագներ, այլեւ՝ բարբարոսություններ։ Առանց դրանք նկարագրելու կարելի է վստահեցնել, որ հայերի համար այդ բարբարոսությունները դատապարտելի են նույնքան՝ որքան ադրբեջանցիների։ Բարբարոսությունը միայն հակազդեցություն չէ թշնամուն, այլեւ՝ ինքնաբնութագիր։ Ազգալդյանի ջոկատը հենց ինքնաբնութագրով է տարբերվել բազմաթիվ այլ ջոկատներից եւ իր հանդեպ հարգանք է ներշնչում։ Ինչպես հրամանատարները՝ Լեոնիդ Ազգալդյանը, Վլադիմիր Բալայանը, այնպես էլ՝ նրանց ընդօրինակած զինվորները խնդիր են ունեցել պատերազմելու, ոչ թե մարդասպանությամբ զբաղվելու։ Իսկ պատերազմելը արվեստ է, ռազմի արվեստ: Ազգալդյանի ջոկատը ռազմաճակատում է եղել առաջին զինված բախումներից՝ մինչեւ զինադադար, հաճախ մարտնչել են ամենածանր տեղամասերում, բայց ընդամենը 4 զոհ են տվել։ Որովհետեւ ոչ մի մարտիկ չի մտածել, թե գնում է զոհվելու։ Ոչ, գնում է մարտնչելու եւ վերադառնալու։ Պատմում էին, թե ջոկատի մարտիկներից մեկը, Մարտակերտի լեռներ մեկնելուց առաջ, չի համբուրել անգամ իր նորածին երեխային, այնքան վստահ է եղել ռազմադաշտից իր վերադարձին։ Հոգեբանական վստահությունը հաղթանակի հանդեպ, գրագետ պատրաստվածությունը մարտերին այս ջոկատին շահեկանորեն տարբերակել են բաղմաթիվ այլոցից։ Երեւի թե բացատրությունն այն է, որ Ազգալդյանը գիտությունից ռազմադաշտ եկած մարդ էր եւ պարկեշտության, պատասխանատվության ու մարդասիրության որակները պահպանում էր ամենուր։ Արտաշենի դպրոցականները դեռ պետք է մեծանան, որպեսզի գիտակցեն, թե ում անունը կրող դպրոցի սանը պատիվ ունեն լինելու։ Իսկ ավագ սերնդի համար Արցախյան պատերազմը դեռ չի հասցրել անցյալ դառնալ։ Արտաշենում անվանակոչության արարողությանը մասնակցելու համար Երեւանից Քաշաթաղ էին եկել «Տիգրան Մեծ» ջոկատի մարտիկներից։ Պաշտոնական արարողությունից հետո տարերային զրույցներ ծայր առան, եւ հիշում էին Վահան գյուղի դեպքերը, երբ ադրբեջանցիները երկու անգամ կարողացել են թափանցել հայկական դիրքեր, սպանել զինվորների։ Ինչ172որ մեկը հիշեց, թե ով էր Վահանի գյուղապետը, ում անփութությունը հնարավոր դարձրեց նման ողբերգություն։ Ուրիշ մեկը՝ Վովան՝ «Տիգրան Մեծ» ջոկատից, մտաբերեց նույնիսկ ճիշտ ամսաթիվը՝ օգոստոսի 28։ Շուրջս բոլորը մի պահ լռեցին՝ մտովի տարվելով հիշողություններով։ Իսկ Վովան /հետո միայն մտաբերեցի, որ ՀՀ ԱԺ172ում նրան բազմիցս հանդիպել եմ/, ժպտալով նկատեց. «Բա, այստեղ պատերազմ էր… Իսկ դու միայն հանգստության ու խաղաղության մեջ ես տեսնում այս վայրերը»։ Ճիշտ է եւ գուցե լավ է, որ այդպես է: Որովհետեւ վստահ եմ՝ ե՛ւ Վովան, ե՛ւ բոլոր մյուսները մարտնչել են, վերապրել կամ զոհվել նրա համար, որ խաղաղություն լինի, եւ նույնիսկ ուրիշ սերունդները չիմանան, թե ինչ է պատերազմ։ Իշխանություն Այն իրողության համար, որ այսօր Քաշաթաղում կա 100-ից ավելի բնակավայր, տասնյակ հազարների կարգի բնակչություն, նախ հայրենադարձության ոգուն եւ զոհվածների գործը ավարտին հասցնելու վճռականությանն ենք պարտական: Ազատագրելն ու բնակեցնելը փոխլրացնող եւ նույնարժեք իրագործումներ են: Մինչդեռ Քարվաճառն ու Քաշաթաղը հայկական դարձնելու գործում առայժմ միայն հայրենադարձներն են տարեգրություն գրում: Հայաստանն ու Սփյուռքն աններելիորեն անմասնակից են: Կարելի է, չէ՞, Հայաստանում «զբոսաշրջելու» փոխարեն Սփյուռքից եկող երիտասարդներին, նաեւ՝ հայաստանցի պատանիներին, տանել Քաշաթաղ 20-30-օրյա աշխատանքային ճամբարումների: Բայց այդ մասին թողնենք… Հայրենադարձության բարեհաջող ընթացքը՝ Քաշաթաղում բնակություն հաստատել ցանկացողների թիվը մոտ 20-30%-ով գերազանցում է նման հնարավորություն ստացողներին, ոգուց եւ վճռականությունից հետո շրջանի վարչակազմի նվաճումն է: Իհարկե շրջանում կան սոցիալ-տնտեսական խնդիրներ՝ գյուղեր կան, որոնցում դեռ էլեկտրականություն չեն ստանում, տները հնարավորինս վերակառուցված, ներքին հարդարանքի ենթարկված փլատակներ են, որոնք ժամանակի ընթացքում անպայման արտաքուստ էլ կվերականգնվեն: Բայց, ասենք, Բերձորի մանկապարտեզը արդեն հրաշալի վերանորոգված է: Կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետը՝ Կարեն Գրիգորյանը, հավատացնում էր, որ երկրորդ հարկն ավելի բարետես կլինի: Ներկա ոչ այնքան հարմար հիվանդանոցի փոխարեն էլ նոր մասնաշենք է կառուցվում: Ավելի ճիշտ, հիվանդանոցի է վերածվում Լաչինից մնացած լավագույն շինությունը՝ շրջկոմի շենքը, որն, ի դեպ, առաջարկություններ են եղել՝ տրամադրել վարչակազմին: Վարչակազմի աշխատողն էլ Քաշաթաղում մյուսներից տարբերվում է ծառայողական մեքենայի առկայությամբ: Այդպիսի պայմանականություններ էլ չկան, որ քաղաքացին ինչ-որ խնդրով անպայման մտնի աշխատասենյակներ: Գործնականում վարչակազմի ղեկավարին՝ Ալեքսան Հակոբյանին, նաեւ նրա տեղակալին՝ Գագիկ Քոսակյանին, որտեղ տեսնեն, անձնական խնդիրներով մոտենում են: Ավելին վարչակազմի ղեկավարության մասին գրել, մանավանդ՝ թվերի ու փաստերի լեզվով, անիմաստ է: Այսօրվա Քաշաթաղը, առանց չափազանցության, Ալեքսան Հակոբյանի եւ 13 «աբորիգենների» /ովքեր առաջինն են 1994-ին եկել այստեղ/ հավատի ու նպատակասլացության մարմնավորումն է: Գիտե՞ք՝ Հակոբյանը ինչպես է խոսում որեւէ քաշաթաղցու հետ, ով նույնիսկ իրեն դեմքով չի ճանաչում. «Բարեւ Ձեզ, ես այս շրջանի վարչակազմի ղեկավարն եմ: Մենք կարող ենք ընկերներ լինել, չէ՞…»: Այդպիսի ղեկավարին ո՞վ ընկերություն կմերժի: Թերեւս հենց առաջին դեմքի պահվածքն է ստեղծել այդ բարյացակամության ու սիրալիրության մթնոլորտը, որ Քաշաթաղ է բերում հազարավոր մարդկանց: Այլ կերպ երեւի թե չէր էլ կարող լինել. չէ՞ որ երեւույթը հայրենադարձություն է, իրագործողն էլ՝ պատմաբան: Ուղղակի Ալեքսան Հակոբյանը երեւի ամենաերջանիկ ճակատագիրն ունեցավ «Ղարաբաղ» կոմիտեում. գտավ պատմական առաքելություն, որին չեն ընդդիմանում մարդիկ, եւ որը, հավանաբար, հովանավորում է Աստված: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել