Լրահոս
Օրվա լրահոսը

Աբխազիան միայն ռուս-վրացական

Հուլիս 27,2002 00:00

Աբխազիան միայն ռուս-վրացական հարաբերությունների հարց չէ Հարցազրույց Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վախթանգ Կոլբայայի հետ «Գոյատեւման» թեսթ Շեւարդնաձեի հետնորդի համար – Ինչի՞ հետ է կապված Վրաստանում այսօրվա լարվածությունը: Թվում է, թե անցած տարվա աշնանային ճգնաժամից հետո ոչ մի դրական բան չի կատարվել: – Վրաստանի պատմության մեջ երկրորդ անգամ վերջերս անցկացվեցին տեղական մարմինների ընտրությունները: Ընտրությունները ուժերի փորձարկում էին: Ճակատ-ճակատի տվեցին նրանք, որոնք կարող են վաղը պայքարել նախագահական պաշտոնի համար: – Շեւարդնաձեի այն հայտարարությունից հետո, թե կուզենար իր հետնորդը լիներ պետքարտուղար Ավթանդիլ Ջորբենաձեն, Վրաստանում կարծես «մեկնարկեցին» նախագահական ընտրությունները: – Այո, իսկապես, ոչ թե հայտարարություն, բայց նման ակնարկ եղել է: Սա լարվածություն մտցրեց, ստիպեց ընդդիմությանը լինել ավելի ագրեսիվ ու վճռական: Քանի որ, երբ հայտնվում է կոնկրետ մրցակից, բնական է, որ բոլոր ուժերն ուղղվում են նրա դեմ: – Ինչո՞ւ, ըստ Ձեզ, նախագահական ընտրություններից երեք տարի առաջ Շեւարդնաձեն արեց մի քայլ, որն ակնհայտորեն տանելու էր ներքաղաքական իրավիճակի լարվածության: – Դա արդեն երկար է տեւում: Երբ բոլորը կարծում էին, որ Վրաստանի ներկայիս նախագահի հետնորդը Զուրաբ Ժվանիան է դառնալու, հիմնական պայքարն ուղղվում էր նրա դեմ: Այսօր «Վրաստանի քաղաքացիների միությունը», ինչպես եւ առաջ, նախագահամետ ուժ է, որն ունի նոր առաջնորդ, Շեւարդնաձեի պոտենցիալ հետնորդին: Հարց է ծագում, որքանով կկարողանա նա դիմադրել ճնշումներին, որքանով կկարողանա դրսեւորել իրեն: – Այսինքն ստացվում է, որ Շեւարդնաձեն հնարել է «գոյատեւման թեսթ» իր հետնորդի համա՞ր: – Դուք չափազանց կոշտ եք ձեւակերպում: Ես կարծում եմ, որ դրանով Ջորբենաձեն ստացավ իրեն ցույց տալու, կրիտիկական պահերին վճիռներ կայացնելու հնարավորություն: Չէ որ նա ղեկավարում է այնպիսի կարեւոր բնագավառներ, ինչպիսին ֆինանսականն է, տնտեսությունը: Ես լիովին հասկանում եմ Վրաստանի նախագահին: Եթե Ավթանդիլ Ջորբենաձեն այսօր երկրորդ դեմքն է երկրում, ապա բնական է, որ նա պետք է դրսեւորի հասարակությունը, քաղաքական ուժերին համախմբելու իր հնարավորությունները: Ցույց տա բոլորին, թե որքանով է ինքն այն անձը, որին կարելի եւ պետք է վստահել երկիրը: Բնական է, որ այսօր Շեւարդնաձեի ձեռնարկած ցանկացած տակտիկական քայլը, ժեստը կընկալվի որպես ճնշման փորձ, իր առաջամարտիկների համար նպաստավոր պայմանների ստեղծում: Աբխազիան ցատկահարթակ չէ ապագա նախագահի համար – Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում եւ Ադրբեջանում ղարաբաղյան խնդիրը պարբերաբար դառնում է իշխանափոխության պատճառ: Մինչդեռ կոնֆլիկտների չլուծվածությունը Վրաստանում նման հետեւանքների չի բերում: – Վրաստանում աբխազական հարցը չի կարող դառնալ նոր ուժերի իշխանության գալու ցատկահարթակ: Լավ է դա, թե վատ, բայց հասարակության մեջ բավական իրատեսական են գնահատում իշխանությունների, միջազգային կազմակերպությունների հարցի լուծմանն ուղղված ջանքերը: Հիմա 1994-1995 թվերը չեն: Այսօր աբխազական կարգավորումը միջազգայնացված է: -Իսկ դա չի՞ կարող հանգեցնել ղարաբաղյան խնդրում նկատվող անելանելի իրավիճակի: -Չեմ կարծում, թե իր 200 հրահանգիչներով ԱՄՆ-ն կարող է բարդացնել խնդիրը: -Ես նկատի չունեմ հրահանգիչներին, եւ ոչ էլ նույնիսկ այն 64 մլն դոլարը, որ հատկացրել է ԱՄՆ-ն Վրաստանում հակաահաբեկչական գործողություններն իրականացնելու համար: -Ճիշտ եք, խոսքն այն մասին է, որ ԱՄՆ-ում պարզ որոշարկել են Վրաստանի, նաեւ մեր ողջ տարածաշրջանի հանդեպ դիրքորոշումը: Կբարդացնի դա, կստեղծի անելանելի իրավիճա՞կ: Չեմ կարծում, քանի որ Ռուսաստանը պետք է դրանով հրաժարվի այն ամենից, ինչը չի կարող նպաստել իր տնտեսական իրավիճակի, միջազգային հեղինակության բարելավմանը: Աբխազիայի միջոցով Վրաստանի վրա ազդելն արդեն միավորներ չի բերի ռուս-ամերիկյան փոխհարաբերություններում: Ամեն դեպքում, փոխհարաբերությունների հետագա ընթացքն ինձ այսպիսին է թվում. ռուս-ամերիկյան համագործակցությունը պետք է նպաստի ռուս-վրացական փոխհարաբերությունների որակապես նոր մակարդակի բարձրացմանը, եւ ընդհակառակը, ռուս-վրացական համագործակցությունը կբարելավի ռուս-ամերիկյան փոխհարաբերությունները: Վրացական աշխարհաքաղաքականություն -Պուտին-Բուշ Հռչակագրի ստորագրումից հետո տեղի ունեցավ Աբխազիայի համար վրաց-ռուսական հերթական սկանդալը: – Աբխազիայի տարածքում գործում է ռուսական ռուբլին, Աբխազիայում ամբողջովին տիրապետում է Ռուսաստանի ֆիսկալ քաղաքականությունը, մի քանի ամիս առաջ այստեղ հայտարարեցին Պիցունդայում, Գագրայում բոլոր հանգստավայրերի սեփականաշնորհման մասին: Եվ այս համատեքստում ՌԴ ԱԳՆ-ն որոշում է կայացնում «Աբխազիայի տարածքում բնակվող Վրաստանի քաղաքացիներին» ռուսաստանյան քաղաքացիություն տալու մասին: Եվ այս պահի դրությամբ Աբխազիայում գտնվող Վրաստանի քաղաքացիների 70%-ը դարձել է ՌԴ քաղաքացի: Սա անօրինական է, չի համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին: ԼԱՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Ռեգիոն» կենտրոնՀարցազրույցն ամբողջությամբ կարդացեք`www.hetq.am/ru/region.html էջում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել