Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՆԱՀԱՏԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ ՈՒՆԵՆՔ

Հուլիս 27,2002 00:00

ԳՆԱՀԱՏԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ ՈՒՆԵՆՔ Շուտով մեկնարկելու են նախագահական ընտրությունները, եթե, իհարկե, մինչ այդ խորհրդարանական ընտրություններն առաջ չընկնեն: Իսկ ընտրությունների շեմին հասարակության վստահությունն ու աջակցությունը չվայելող ռեժիմը, բնականաբար, պետք է նյարդային ջղաձգումներ ունենա, ինչին ականատես ենք: Այդպիսի, ընդ որում՝ հիստերիկ, ջղաձգման արդյունք էր նախագահ Քոչարյանի թեւավոր դարձած արտահայտությունը խորհրդարանում՝ իր պաշտոնանկության հարցի քննարկումը պահանջող օրենսդիրների ականջը քաշելու, նաեւ՝ ԼՂ հակամարտության կարգավորման ենթատեքստում՝ Մեղրիի տարբերակի մասին բարձրաձայնող նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի վաստակը նսեմացնելուն ուղղված ստեփանակերտցի նախագահի՝ «ռեստորանային գեներալի» մասին, հայտարարությունն ու, իբրեւ տրամաբանական շարունակություն՝ նրան կոչումից զրկելու հակասահմանադրական, եթե, չասենք՝ էժանագին, քայլը: Ի սկզբանե տպավորություն ստեղծվեց, թե կոչումազրկումն ուղղված է անձի դեմ, նպատակ ունի վրեժխնդիր լինել եւ, այսպես ասած, «փչացնել» վերջինիս, թեեւ շատ կասկածելի է, արդյունքում դա ավելի շատ ում ինչ արեց: Բայց հիշենք, թե ինչ էր նախորդել դրան. պաշտպանության նախկին նախարարին վարկաբեկելուն օպերատիվ արձագանքել էին ընդդիմադիր ուժերը, նաեւ՝ Ղարաբաղյան պատերազմում որոշակի վաստակ ունեցող մարդիկ, ովքեր նախագահ Քոչարյանին հիշեցրել էին Վ.Հարությունյանի ոչ վաղ անցյալն ու նրա ներդրումը մեր հաղթանակում: Ընդդիմության համերաշխ դիրքորոշումն էր, որ Ռ.Քոչարյանին ստիպեց հաջորդ քայլն անել՝ ցույց տալու համար, որ երկրի «վոյինը» թքած ունի ամեն տեսակ ընդդիմադիր կարծիքի եւ ընդդիմության վրա՝ ընդհանրապես: Ի վերջո, Վ.Հարությունյանը 13 ընդդիմադիր կուսակցությունների համագործակցության գործողությունները համակարգող շտաբի ղեկավարն է: Միաժամանակ, ըստ դիտորդների, Քոչարյանի այդ քայլն այլ նպատակ եւս ունի: Դարձյալ ետ գնանք եւ հիշենք, թե բանակի քանի ներկայացուցիչ, քաղաքական քանի գործիչ հանդես եկավ քոչարյանական ոճի հայտարարություններով՝ նախագահին հաճոյանալու համար՝ հենց կես ճանապարհից բռնելով նրա մտքի «կարմիր ժապավենը»: Կարծում ենք՝ ճշմարիտ է այն համոզումը, թե Քոչարյանը միաժամանակ «փչացրեց» նաեւ Բանակն ու հրամկազմի այն գեներալներին, որոնք երեկ պատվի էին առնում իրենց հրամանատարին, կատարում նրա հրամանները, ապա՝ քաղաքական նկատառումներով «հայհոյում» նրան: Ըստ էության, հենց այդ գեներալներն օգնեցին Քոչարյանին՝ բանակն ու կռված մարտիկներին բաժանել երկու մասի՝ Վ.Հարությունյանի վաստակը գնահատողների եւ չգնահատողների՝ չգիտակցելով, որ դրանով Քոչարյանը նրանց է հասկացնում, թե կոչումազրկումը կարող է սպառնալ նաեւ իրենց, եթե… Ափսոս միայն, որ պատերազմում հաղթած բանակն այսօր իր գլխավոր հրամանատարի ճորտն է դարձել: Ինչեւէ: Քոչարյանին, իրոք, հաջողվում է միաժամանակ վարկաբեկել քաղաքական դաշտն ու գործիչներին, նաեւ Բանակն ու երկրապահներին, որոնք, ի դեպ, ի պաշտպանություն Վ.Հարությունյանի, բնականաբար, ծպտուն անգամ չհանեցին, թեեւ «27»-ից անմիջապես հետո ծավալված հայտնի գործողությունների ժամանակ նրա հրամաններն էին հնազանդորեն կատարել: Կա կոչումազրկման մեկ այլ շարժառիթ, որ, երեւի, ամենագլխավորն է. Վ.Հարությունյանին, իբր, բարոյահոգեբանական ճնշումների ենթարկելու միջոցով՝ ստիպել լռեցնել «27»-ի գործով դատավարությանը մասնակցող եւ տուժողի իրավահաջորդ Ա.Սարգսյանի շահերի պաշտպան Օ.Յունոշեւին, որը վերջերս սկսել է «շատ խոսել» եւ իր հայտարարություններով, միջնորդություններով ու հարցադրումներով ճիշտ նշանակետին խփել: Իրոք վտանգավոր է: Մյուս կողմից՝ նախագահը Բանակի նախկին հրամանատարին նաեւ պատժում է Մեղրիի տարբերակի մասին հայտարարությունների եւ նրա խաղաթղթերը բացելու համար: Չի կարելի բացառել, որ վերջինիս դեմ դեմարշը կշարունակվի: Անհնար է չխոսել նաեւ այդ ամենի իրավական կողմի մասին: Փաստ է, որ «Զինվորական ծառայության մասին» օրենքը հերթական հակասահմանադրական քայլ է: Բայց անգամ դրանով հնարավոր չէ արդարացնել դրա կիրառումը կոնկրետ Վ.Հարությունյանի դեպքում: Նախագահի հրամանագրում շեշտված է, թե նա կոչումից զրկվել է «բարձրագույն սպայական կազմի կոչումն ու պատիվն արատավորող վարքագծի» համար, ինչին Քոչարյանի մամլո խոսնակը հավելել էր, թե զինվորականը չի կարող քաղաքականությամբ զբաղվել: Բայց հրամանագրի ստորագրման պահին Վ.Հարությունյանն օրենքով արդեն շուրջ երկու տարի զորացրված էր եւ ազատ՝ զբաղվելու ինչով սիրտն ուզի: Բանն այն է, որ 2000-ի մայիսին պաշտոնանկ արվելուց հետո նա կադրերի տրամադրության տակ է եղել երկու ամիս: Օրենքը պահանջում է, որ այդ ընթացքում նրան կամ այլ պաշտոն առաջարկվեր, կամ նա մեխանիկորեն համարվեր զորացրված: Իսկ Վ.Հարությունյանին նշված ժամկետում այլ աշխատանք չի առաջարկվել, եւ նա մեխանիկորեն զորացրվել է, թեեւ մինչ օրս իշխանությունները նրա չստացած աշխատավարձի կամ թոշակի հաշվին, երեւի, պետբյուջեի ճեղքվածքն են փակել: Այսինքն, այդ փաստարկն առնվազն անհեթեթ է: Եվ վերջապես. Բանակի գլխավոր հրամանատարն ու նրա առանձին գեներալներ պետք է բարոյականություն ունենային գոնե ձեռնպահ մնալ սեփական երկրի պաշտպանության նախկին նախարար գեներալ-լեյտենանտին վարկաբեկելուց, եթե չէին գնահատելու նրան, առավել եւս, երբ մեկ այլ պետության մարշալը վերջինիս շատ ավելի բարձր էր գնահատել: ՌԴ պաշտպանության նախարար, մարշալ Իգոր Սերգեեւը դեռ 2000-ի ապրիլի 28-ին «մեծագույն հարգանքով եւ մարդկային անկեղծ համակրանքով» շնորհավորելով ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վ.Հարությունյանին՝ ծննդյան առթիվ, նշել էր. «ՀՀ ՊՆ նախարարի պաշտոնում լինելու ընթացքում Դուք կարողացել եք երկրի ռազմական ուժերը ադապտացնել պատմական նոր պայմաններին, հաստատել եք ամուր եւ փոխշահավետ հարաբերություններ բարեկամական երկրների բանակների միջեւ, կազմակերպել եք Հայաստան պետության հուսալի պաշտպանությունը, ակտիվ մասնակցություն ունեք ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքներում», եւ մաղթել «ի կատար ածել այն բոլոր ծրագրերը, որ ունի ՀՀ ժամանակակից ռազմական ուժեր ստեղծելու ուղղությամբ»: Իսկ մեր իշխանությունները գավառամտությունից ձերբազատվելու համար դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել