Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կալիֆոռնիայի ազգագրական թանգարանը

Հուլիս 26,2002 00:00

Կալիֆոռնիայի ազգագրական թանգարանը 1993 թվականից Լոս Անջելեսում գործում է Արարատ «Հայ Տուն» համալիրը։ Նորակառույց ծերանոցին եւ գողտրիկ եկեղեցուն կից ստեղծվել է նաեւ մի թանգարան, որտեղ ցուցադրվում են մեր պատմությանը եւ մեծ եղեռնին վերաբերող բազմաթիվ եւ հետաքրքիր ցուցանմուշներ։ Դրանց մեծ մասը թանգարանին է նվիրել այսօր արդեն 88-ամյա ճարտարապետ172 շինարար պարոն Լյուտեր Էսկիճյանը։ Թանգարանի էքսպոնատները բազմատեսակ են՝ հին դրամներ, կիսանդրիներ, հայկական երաժշտական գործիքներ եւ Դեր Զորի անապատից բերված մեր նահատակների մասունքները։ Թանգարանին կից գործում է գրադարան, որի հազվագյուտ գրքերի մեծ մասը՝ անգլերեն եւ արեւմտահայերեն, վերաբերում է ցեղասպանությանը։ Այս հոյակապ թանգարանի եւ գրադարանի պատասխանատու տնօրենն է բանահյուսության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բազմամյա մանկավարժական փորձ ունեցող էդվարդ Սելյանը, որը 1998թ. ԱՄՆ տեղափոխվեց Բուլղարիայից։ Նա բարձրագույն կրթությունը ստացել է Երեւանի պետական համալսարանում։ Տարբեր առիթներով կազմակերպում է զանազան միջոցառումներ եւ պատրաստակամություն հայտնեց համագործակցել Հայաստանի տարբեր թանգարանների եւ մասնավորապես Երեւանի ցեղասպանության թանգարանի հետ, նրան տրամադրելով թանգարանի ֆոնդերում պահվող հազվագյուտ գրքեր։ Այս հոյակապ թանգարանի ակտիվ, կամավոր աշխատակիցներից է տիկին Մեգի Գոշին (Մանգասարյան), որը շաբաթ եւ կիրակի օրերին տուն-տեղ, երեխաներ թողնում՝ գալիս է թանգարան, դիմավորում է այցելուներին, նրանց բացատրում յուրաքանչյուր ցուցանմուշի մասին, որտեղից եւ երբ է այն ձեռք բերված, պատմում այդ ցուցանմուշի հետ կապված հետաքրքիր դեպքեր եւ յուրաքանչյուր հայ, թե օտարազգի այցելու մոտիկից ծանոթանում է մեր հազարամյա պատմությանը։ Արարատ «Հայ Տուն» համալիրի ծերանոցի ճարտարապետը նախագծել եւ կառուցել է մի գողտրիկ հայկական եկեղեցի, որը սպասարկում է ծերանոցի հավատացյալներին։ Թանգարանի շուրջ գտնվող քարակերտ ոլորապտույտ ճանապարհի վրա փորագրված է հայ ժողովրդի պատմությունը՝ սկզբից մինչեւ մեր օրերը։ Քայլելով այդ ճանապարհով՝ այցելուները կարող են կարդալ եւ ծանոթանալ մեր պատմությանը, հիանալ նման մտահղացմամբ եւ երեւակայությամբ, որի հեղինակն է պարոն Էսկիճյանը: «Էսկիճյան» թանգարանը եւ գրադարանը նաեւ օժանդակ ուսումնական հաստատություններ են։ Թե՛ հայ, թե՛ օտար համալսարանների դասախոսները հանձնարարում են իրենց ուսանողներին թանգարանում ցուցադրված նյութերի հիման վրա գրել շարադրություններ, հոդվածներ՝ նվիրված հայոց պատմությանը եւ ստանում համապատասխան գնահատականներ: ՍԱՐԳԻՍ ԺԱՄԿՈՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել