ՎԱՐՁ ԳԱՆՁՈՂԸ ՋՈՒՐ ՏՎՈՂԸ ՉԷ «Ոչ մեկն իր գլխից ձեռք չի քաշել, որպեսզի կարգադրի, թե անպայման ջրաչափեր գնեք եւ տեղադրեք»,- պաշտոնապես հայտարարեց ջրմուղ-կոյուղու «Մաշտոց» մասնաճյուղի հերթափոխի պետ Լարիսա Ղահրամանյանը։ Մինչդեռ, խմբագրություն զանգահարած Դավիթաշեն թաղամասի բնակիչ, «Փրկենք եւ մաքրենք մեր քաղաքները» հասարակական կազմակերպության ղեկավար Էլիզա Ազնավուրյանը պնդում է, որ Դավիթաշենը ջրազրկելու պատճառը հենց դա է։ Տիկինը հիմնավորում է, որ «հսկիչներից սկսած մինչեւ ամենավերին ատյանները պարտադրում են, որ մարդիկ անպայման այդ թանկ ու կրակ ջրաչափերն առնեն- տեղադրեն, ջրի վարձն էլ մուծեն՝ հետո ջուր կունենան»։ Բայց, հավելում է հասարակական գործիչը. «Եթե մարդը փող չունի՝ ուզում ես ատրճանակ պահիր, ի՞նչ պիտի անի», ապա համեմելով իր ասածը 40 աստիճան ջերմաստիճանի առկայությամբ՝ ջուր խմելու եւ առհասարակ օգտագործելու անընդհատ ցանկությամբ, առավել ազդեցիկ պատկեր է ներկայացնում հանրությանը։ Ի հակադրություն այս ամենի, ջրմուղ-կոյուղու «Մաշտոց» մասնաճյուղի հերթափոխի պետը նկատեց. «Ջուր պիտի լինի, որ ջուր ունենան. վարձը մուծելով հո ջուր չի՞ լինում»։ Տիկին պետն էլ այնուամենայնիվ խոստովանեց, որ «ջուր կլինի թե չէ՝ միեւնույն է, մեզ հանձնարարված է վարձերը գանձել. մեր գործն ենք անում»։ Իսկ թե ջրով ապահովելն ո՞ւմ գործն է՝ տիկին պետն անգամ չկարողացավ հստակ պատասխանել։ Ինչեւէ, արդեն 15 օր ջրի պակաս զգացած դավիթաշենցիներին առաջիկայում եւս «նույն տխուր վիճակն է սպասվում», այն պարզ պատճառով, որ «վարձը մուծելով էլ՝ հանրապետության ջուրը չի շատանա»։ Իսկ ինչ վերաբերում է ջրաչափերի խնդրին, Լ. Ղահրամանյանը պարզաբանեց, որ «բոլոր շենքերում պետությունը ջրաչափեր տեղադրել է։ Եթե կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում ընդհանուրից օգտվել, իրենց համար առանձին են տեղադրում՝ իրենց գործն է»։ Բայց «պարտադրելու» փաստն, ըստ ամենայնի, բացառեց։ Ն. Գ.