Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱ ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ»

Հուլիս 26,2002 00:00

«ԲԱ ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ» Մենք՝ հայերս, մեզ շատ ենք սիրում։ Այնքան շատ, որ սկսել ենք տառապել համազգային ինքնահավանությամբ։ Իսկ ինքնահավանությունը, ինչպես հայտնի է, երբեք ոչ մի լավ բանի չի բերում։ Բայց, միեւնույն է, սիրահարված ենք ինքներս մեզ։ Անվերջ հիշում ենք մեր պատմական անցյալը, որպես կանոն բաժակաճառերում մտաբերում, որ երկու հազար տարի առաջ թատրոն ենք ունեցել, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն պաշտոնապես ընդունած առաջին երկիրն ենք (միայն թե, Աստված չանի, վերջում գլուխներս մի քիչ տաքանա…)։ Ու երբեք չենք մոռանում առանձնակի հպարտությամբ անպայման ընդգծել, որ այն ժամանակներում այսօրվա ժողովուրդներից շատերը դեռ չէին ձեւավորվել։ Այսինքն, մեր եւ այլոց միջեւ համեմատության եզրեր, պարզապես, չկան։ Ախր շատ լավն ենք, անտանելի լավը։ Այսպես ապրում ենք ինքնաբավ, հուշերով տարված ու մոռանում, որ կա նաեւ ներկա։ Չենք տեսնում, ավելի ճիշտ, չենք էլ ուզում տեսնել, որ այսօր հողը ոտքներիս տակից փախչում է, որ վաղուց մյուս «անարժան» ազգերից մի հարյուր տարով ետ ենք մնացել։ Չենք ուզում, վերջապես, ըմբռնել, որ այդպես սեփական ձեռքով քանդում ենք մեր տունը թե բարոյապես, թե ֆիզիկապես։ Օրերս աշխատանքի բերումով եղա Տամպերեում։ Սովորական եվրոպական քաղաք է։ Այնտեղ էլ մարդիկ ապրում են առօրյա հոգսերով։ Ֆինները նույնպես սիրում են իրենց, իրենց երկիրը, բայց ինքնագովությամբ չեն զբաղվում, սեփական աչքին ավելի բարձրանալու համար չեն համեմատվում ուրիշների հետ (այդքան պարապ ժամանակ չունեն)։ Գերադասում են իրենց զգացմունքները գործնականորեն ծառայեցնել ժողովրդի բարեկեցությանը, երկրի բարգավաճմանը։ Էությամբ հանգիստ են։ Հարյուր մարդ էլ մեկտեղ հավաքվեն, աղմուկ չի լինի։ Խոսում են ցածրաձայն, որովհետեւ այլ կերպ չեն կարող։ Աշխատում են շրջապատի մարդկանց չխանգարել։ Հարգում են օրենքը, կարգ ու կանոնը։ Դա հատկապես լավ երեւում է փողոցում։ Որքան էլ շտապելու լինեն, թե հետիոտները, թե ղեկի առջեւ նստողները, երթեւեկության կանոնները չեն խախտում (փոխադարձ հարգանքի դրսեւորման լավագույն տարբերակներից մեկը)։ Հայկական հյուրասիրությամբ աչքի չեն ընկնում, բայց պատրաստակամ են օգնել։ Հրաշալի բնություն ունեն։ Չորս կողմը անտառներ, լճեր, մարգագետիններ։ Քաղաքը թաղված է կանաչի մեջ։ Ու ամենուր իդեալական մաքրություն է։ Ֆինները սիրում են լավ հանգստանալ ու գիտեն, թե ինչպես։ Աշխատանքից հետո ամբողջ ազգաբնակչությունը գնում է հանգստի գոտիներ։ Լճափերը, անտառները, այգիներն ու պուրակները մարդաշատ են, սակայն միմյանց չեն խանգարում։ Իսկ երբ ուշ ժամի զանգվածները շարժվում են դեպի տուն, սրճարաններ, գարեջրատներ ու ռեստորաններ, նույն անտառներում, լողափերում ու մարգագետիններում ոչ մի կտոր թուղթ, դատարկ շիշ կամ ծխախոտի տուփ չես տեսնի։ Նախանձով նայում էի այդ ամենին ու պատկերացնում, որ նույն տեղում հայերը լինեին։ Հաստատ մի քանի տասնյակ ծառ շարքից դուրս եկած կլիներ, մարգագետինները վերածված կլինեին աղբանոցի, որը մաքրելու համար առնվազն մի քանի ժամ կպահանջվեր, իսկ ձկնորսության մոլի սիրահարներն անպայման մի երկու դինամիտ կգցեին ջուրը։ Ու մեկ էլ մտածեցի. իսկ եթե ինչ-որ ձեւով քաղաքային իշխանությունը հայտնվեր հայաստանցի չինովնիկների ձեռքո՞ւմ, համա թե փող կշինեին։ Անպայման այդ հսկայական տարածքները, որ «պարապության» են մատնված, կողքի լճերի ջրի գնով կվաճառեին խարոշիներին կամ բարձր պաշտոնյաների հարազատներին ու երաշխավորած մարդկանց, ամեն տասը մետրի վրա մի խորովածանոց կդրվեր, սնկի պես կաճեին խաղատները, երեք-չորս մետր խորությամբ հիմքի վրա կառուցված մեկ կամ երկու հարկանի ռեստորաններն ու այլ կառույցները։ Նախկին ՍՈՒ-ի պետերն էլ մի քանի հեկտար հող կգնեին ու շքեղ առանձնատներ, ամառանոցներ կկառուցեին։ Մեկ տարի էլ չանցած՝ կգոյանար ուտուշ-խմուշի թաղամաս։ Թե չէ՝ լողալ։ Խեղդվել կա, բան կա… – Ի տարբերություն ֆինների, որ այսօր գերադասում են հեծանիվներով ու անվավոր չմուշկներով գալ այդ «անիմաստ» տարածքներում հանգստանալու, հայ պուզատիները մի կտոր հաց ուտելու համար կժամանեին մերսեդեսներով ու ջիպերով։ Մարդիկ էլ կհայտնվեին ու թեւկապներով կստանձնեին մեքենաների հսկողությունը։ Լրացուցիչ մի քանի աշխատատեղ էլ կբացվեր։ Ֆինների ու հայերի պատկերացումներն առողջության մասին սկզբունքորեն հակադիր են։ Եթե այնտեղ ազգովի նախընտրում են մաքուր օդը, կենարար ջուրը, ֆիզկուլտուրան եւ սպորտը, մեզանում գերադասելի է ամբողջ օրը բազմոցին պառկելը, բակում նարդի, բլոտ խաղալը։ Իսկ հնարավորություն ունեցողները, այսինքն, ում գրպանը թույլ է տալիս, առողջ լինելը պատկերացնում են փորը տռզելու աստիճան ինչով ասես լցնելով։ Որովհետեւ մենք հին, համաշխարհային ազգ ենք ու վաղուց ենք հասկացել (այն ժամանակ շատ ժողովուրդներ դեռ չկային աշխարհի երեսին), որ կյանքը մարդուն տրվում է մեկ անգամ։ Ուրեմն վերցրու՝ ինչ հնարավոր է։ Ու եթե որեւէ մեկը փորձի մեզ հակառակն ապացուցել, հենց տեղում ճակատին կշրխկացնենք. «Մենք որ երկու հազար տարի առաջ թատրոն ունեինք, դուք որտե՞ղ էիք»։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031