Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՐՈՀՈՒՄ» ԵՆ ՃԱՐՊԻԿՆԵՐԸ

Հուլիս 26,2002 00:00

«ԳՐՈՀՈՒՄ» ԵՆ ՃԱՐՊԻԿՆԵՐԸ Բարձրարվեստ երաժշտությունը դուրս է մղվել «Շոու-բիզնեսը կարծես դուրս է մղել լուրջ երաժշտությունը, բայց որքան էլ զարմանալի է, մեր քաղաքի փոքր ու մեծ դահլիճներում երբեմն-երբեմն հնչում են արդի հայ կոմպոզիտորների գործերը»,- ասում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Գեղունի Չթչյանը։ Նրա կարծիքով, անկախությունից հետո մեր երկրում բավականին աշխուժացել են ճարպիկ մարդիկ, որոնք պրոպագանդում են թեթեւ եւ ոչ լուրջ երաժշտություն, ու օժանդակում ցածրաճաշակ երաժշտությամբ զբաղվող մարդկանց, պատճառաբանելով, որ ներկայումս նման երաժշտության պահանջ կա։ «Ճիշտ է, մարդիկ լսում են նման երաժշտություն, բայց նրանք ուզում են լսել այն, ինչ գիտեն։ Իսկ գիտեն այն, ինչը նրանց շատ է մատուցվում»,- կարծում է կոմպոզիտորը։ Չնայած տիրող համընդհանուր վիճակին, նա համոզված է, որ մեր ժողովրդի մի ստվար հատված չի կորցրել իր ճաշակը, ավելին, բարձրարվեստ երաժշտության պահանջ, այնուամենայնիվ, կա։ Պարզապես անհրաժեշտ է գտնել եղանակներ ընդհանուրի ճաշակը բարձրացնելու համար եւ մարդկանց «վարժեցնել» լսելու ավելի լուրջ երաժշտություն, որը նաեւ ստիպում է մտածել։ Կոմպոզիտորը գտնում է, որ գոյություն ունի լավ ու վատ երաժշտություն, եւ թեթեւ երաժշտությունն էլ կարող է երբեմն լավը լինել։ Նա, ավելի շուտ, դեմ է ազգայինից զուրկ երաժշտությանը։ Գ. Չթչյանը ճիշտ չի համարում այն, որ քաղաքի լավագույն դահլիճները տրամադրվում են ոչ բարձրաճաշակ երաժշտության ներկայացուցիչներին, ինչը նրանց «շնորհիվ» մեծ գումարներ է բերում։ Այդ առիթով նա հիշեց, թե ինչպես էր Լ. Ճգնավորյանը ժամանակին արգելում լավագույն դահլիճները նման նպատակներով օգտագործելը, քանի որ գտնում էր, որ դրանք պիտի ծառայեն միայն իսկական արվեստին։ «Պետք է, ի վերջո, համերգասրահներն էլ զանազանել, որ մարդիկ իմանան, թե որ դահլիճ գնալիս ինչպիսի երաժշտություն են ունկնդրելու»,- կարծում է Գ. Չթչյանը։ Ի դեպ, հանրապետության համար ծանր, մութ ու ցուրտ տարիներին էլ ստեղծվել են կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունները՝ երգչախմբի համար գրված երեք աղոթքները՝ («Տրիպտիխ») Մուշեղ Իշխանի խոսքերով, արքեպիսկոպոս Ներսես Պոզապալյանի տեքստերի հիման վրա ստեղծված «Սուրբ հոգի» վոկալ շարքը, շեփորի եւ դաշնամուրի համար գրված պիեսները, մանկական ստեղծագործություններ եւ այլն։ Կոմպոզիտորը գոհ է, որ դրանցից շատերը գտել են իրենց «սպառողներին», արժանացել մրցանակների։ Նրան մտահոգում է ուրիշ խնդիր, վաղուց չի գործում մի շատ կարեւոր ինստիտուտ. ժամանակին կոմպոզիտորների ստեղծագործությունները գնվում էին մշակույթի նախարարության կողմից։ Այսինքն, շատ ստեղծագործողներ կարողանում էին ապրել իրենց գործերից ստացվող միջոցների հաշվին։ Այսօր, սակայն, շատերը զրկված են ոչ միայն դրանից, այլեւ հրատարակվելու հնարավորությունից։ Թեեւ կոմպոզիտորները կարող են իրենց ստեղծագործությունները հրատարակել՝ անձամբ հոգալով տպագրության ծախսերը։ Գ. Չթչյանը չի ժխտում նաեւ, որ մեծացել են արտասահմանում հրատարակվելու հնարավորությունները։ Ըստ նրա. «Մենք ունենք վատ բնավորություն. հայաստանցի արվեստագետներին չենք նկատում։ Պարծենում ենք «դրսիններով»։ Վերջին տարիներին օտարամոլությամբ ավելի շատ ենք տառապում»։ Գ. Չթչյանը հիշեց նաեւ մեծն Խաչատրյանին, ում իր հոգեւոր հայրն ու ուսուցիչն է համարում։ Ժամանակին կոմպոզիտորների համամիութենական հեղինակավոր մրցույթներից մեկի ժամանակ Ա. Խաչատրյանը, չիմանալով, թե ով է ստեղծագործության հեղինակը, առաջին մրցանակը իրեն է շնորհել։ Գ. Չթչյանը Ա. Խաչատրյանի հիշատակին է նվիրել իր հայտնի կամերային սիմֆոնիան։ Նա ցանկանում է, որ այդ ստեղծագործությունը կատարվի 2003-ին՝ Ա. Խաչատրյանի հոբելյանական տարում։ Քննադատելով շոու-բիզնեսի անհաջող դրսեւորումները, Գ. Չթչյանը հուսով է, որ, տնտեսական վիճակի բարելավմանը զուգընթաց, կմեծանա մշակույթի պատասխանատուների ուշադրությունը լուրջ մշակույթի նկատմամբ։ Մանավանդ որ, մեր փոքրիկ երկիրը միշտ էլ աշխարհին ճանաչելի է եղել իր մշակույթով։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել