Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅԱՆՆ ԱՂԵՐՍՎՈՂ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 26,2002 00:00

ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅԱՆՆ ԱՂԵՐՍՎՈՂ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Ազատագրված տարածքներ կգնա՞ս Ամեն ինչ սկսվեց այնտեղից, որ Արամ Աբրահամյանը՝ ծիծաղելով, թե «Բավական է ինտրիգներով զբաղվես», ազատագրված տարածքների հետ առնչվող ինչ-որ անհասկանալի առաջարկ արեց՝ ոչ այն է՝ այնտեղ մեկնել, ոչ այն է՝ դրանց մասին նյութ գրել։ Սկզբում կարծեցի՝ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունն է ինչ-որ նախաձեռնություն հանդես բերել՝ հերթական անգամ ապացուցելու աշխարհին, որ հայերը ադրբեջանական տարածքներ չեն գրավել, այլ ազատագրել են։ (Դե, հայերը միայն ազատագրում են): Հետո պարզվեց՝ խոսքը Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ գտնվող տարածքներ, մասնավորապես՝ Լաչին ուղեւորվելու մասին է։ Քանի որ երբեք այդ վայրերում չէի եղել, համաձայնեցի։ Միայն հաջորդ օրը, արդեն Լաչին մեկնող մեքենայում, պարզեցի, որ ուղեւորության առիթը մի դպրոցի անվանակոչության արարողությունն է։ Դպրոցը անվանակոչվելու էր ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանի անունով, որը մարտնչել եւ զոհվել էր Արցախում: Մեքենայում էին Ազգալդյանի քույրը՝ տիկին Նելլին, ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ամբիոնի դասախոս Նորիկ Գալստյանը, որն օրվա հերոսի ընկերն ու զինակիցն է եղել, Աշոտ Մանուչարյանը եւ Ազգալդյանի ջոկատի մարտիկներից մեկը՝ Սարգիս Հացպանյանը։ Սարգիսը նախկին սփյուռքահայ է, կինոռեժիսոր, ԱՍԱԼԱ-ի անդամ։ Երբ ասացի, որ ԱՍԱԼԱ-ի եւս մի մարտիկի եմ ճանաչում, ծիծաղեց. «Այո՞, մեծ հաջողություն է։ Անձամբ ԱՍԱԼԱ-ի երկու մարտիկի հանդիպե՜լ… էհ, դրանից հետո կարելի է հանգիստ մեռնիլ»: Հասկանալիորեն ճանապարհին ծայր առավ ինչ-որ անխուսափելի խոսակցություն, թե ինչ պայմաններով արցախյան պատերազմում խաղաղություն կկնքվի։ Ինքս բազմիցս գրել եմ, թե որքան էլ բանակցային գործընթացը ձգձգվի, որքան էլ նախագահներ փոխվեն, միեւնույն է՝ 1997-ի «փաթեթային տարբերակի» լուծումները պահպանվելու են եւ, ի վերջո, ստորագրվելու: Արցախը պետք է ստանա փաստական անկախություն, իսկ գրավյալ տարածքները, բացառությամբ՝ Լաչինի եւ Քելբաջարի, վերադարձվեն Ադրբեջանին։ Խոսակիցներս հակառակ կարծիքի էին՝ ոչինչ էլ չպետք է վերադարձվի Ադրբեջանին։ Իմ մոտիվացիան էր, թե այդ տարածքներում ապրել են ադրբեջանցիներ, նրանք տեղահանվել են, հետեւաբար ունեն վերադարձի իրավունք։ Ընդդիմախոսներս հիշեցնում էին, որ ադրբեջանցիները մի 100-200 տարի են այդտեղ հաստատվել եւ հետք չեն թողել հայկական այդ հողում։ Երբ արդեն հասել էինք Լաչին, կանաչապատ լեռնահովտում, հորիզոնը փակող երկնահաս լեռներին նայելիս՝ ակամա բացականչեցի. «Ախր սա Հայաստան է»։ «Բա որ քեզ ասում ենք»,- եղավ ուղեկիցներիցս մեկի արձագանքը։ Լեռներ եւ եկեղեցիներ Այն ինչ Ադրբեջանական ԽՍՀ-ում Լաչինի շրջան էր, այսօր մաս է կազմում ԼՂՀ Քաշաթաղի շրջանին: Քաշաթաղն այս տարածքի պատմական 5 անվանումներից մեկն է, նշանակում է՝ «ցածրադիր թաղեր», այսինքն՝ Նիդեռլանդներ: Ի դեպ այստեղ մի զվարճապատում էլ է շրջում. երբ 1992-ի մայիսի 18-ին հայերը մտնում են Լաչին, արեւմտյան դիվանագետներին հաղորդվում է, որ հայերը գրավել են Լաչինը (La Chine) եւ մի գյուղ: Ֆրանսալեզու դիվանագետը տարակուսած կրկնում է. «Չինաստանը եւ մի գյո՞ւղ»: Չինաստան-Լաչինից հարավ ընկնող Ղուբաթլիի եւ Զանգելանի շրջանները նույնպես ընդգրկված են Քաշաթաղի շրջանում: Քարվաճառը (ադրբեջաներեն հնչում է Քելբաջար) ԼՂՀ Շահումյանի շրջանն է: Ինչ վերաբերում է Աղդամին, Ֆիզուլիին եւ Ջիբրաիլին, դրանք միայն վերահսկվում են զինվորականների կողմից, հայերն այդտեղ չեն հաստատվում: Ասում են՝ դրանք Ադրբեջանին նմանվող ինչ-որ հարթ տարածություններ են, հայկական շունչ չկա: Այլ են Քարվաճառն ու Քաշաթաղը. դա Հայաստան է: Այդտեղ նույն Սյունյաց բնությունն է՝ բարձրաբերձ, կանաչապատ լեռներ, դեպի երկինք ձգվող զառիվեր ոլորաններ: Վիլյամ Սարոյանը զուր չէր ասում՝ իմ սիրտը լեռներում է: Ցանկացած հայ նույնը կասի Քաշաթաղում, այդտեղ վեհություն ու հզորություն է թեւածում, ինչպես Հայաստանի լեռներում: Իսկ սրբավայրերը՝ կանգուն թե ավերակ, երբեմն՝ քողարկված, սփռված են ամենուր: Ասենք, մի գյուղում ցույց տվեցին՝ ադրբեջանական փոստատան պատերը գնդակոծությունից վնասվել էին, եւ բացվել էր հայկական եկեղեցի, երկու-երեք խաչքար եւ արձանագիր քարեր դրված էին կողքի. պեղումներ պետք է կատարվեին: Իմիջիայլոց, Քաշաթաղի թանգարանում նույնպիսի հնագիտական ցուցանմուշներ ու գտածոներ կան, ինչպիսիք հայտնաբերվել են երեւանյան Կարմիր բլուրի եւ Արին-բերդի պեղումներից: Պատկերասրահում էլ Գառզուի կտավներ կան: Բայց մեծագույն մշակութային հարստությունը Քաշաթաղում եկեղեցիներն են: Շրջկենտրոնից՝ Բերձորից ոչ շատ հեռու Ծիծեռնավանք կոչվող բազիլիկն է՝ հիմնադրված 4-րդ դարում: Ներսում 1700-ամյա սյուներ են, քարե նստարաններ, խորան. այնքան զորեղ, խիստ, պատկառազդու ու ճնշող, որ մնում է մտքումդ Նարեկացուց քառյակ արտասանես՝ առ Բարձրյալն ուղղված եւ մարդ-հյուլեի նվաստությունը հավաստող: Բազիլիկի ներսում երկար մնալ հնարավոր չէ, ինչպես Էջմիածնի մայր տաճարում՝ գետնափոր հեթանոսական զոհասեղանի մոտ: Մի բոլորովին նոր եկեղեցու շինարարություն էլ հայրենադարձ քաշաթաղցիներն են սկսել 1996-ին եւ, քանի որ ավարտել են Քրիստոսի Համբարձման տոնի նախօրեին, այդպես էլ կոչել են՝ Սբ. Համբարձման եկեղեցի: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ (Շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031