Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐԸ՝ «ԱՆԳՐԱԳԻՏԱՑՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄՆ Է»

Հուլիս 26,2002 00:00

ԿԱՐԵՎՈՐԸ՝ «ԱՆԳՐԱԳԻՏԱՑՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄՆ Է» «Մեր հասարակության բացարձակ մեծամասնությունն անտեղյակ է սոցիալ-տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական, հասարակական հարաբերությունների նոր որակին»: Այս՝ նույն հասարակությանը հայտնի ճշմարտությունն արձանագրելու համար հայ կառավարական եւ հասարակական գործիչներին, տասնամյա փորձից զատ, ընդամենը չորս ամսվա աշխատանքն էր պակասում։ Քանզի ՀՀ կառավարության «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) թիրախները եւ գերակայությունները» թեմայով սեմինարի ժամանակ, ծրագրի 42 անկախ փորձագետներն իրենց «Սոցիալական մոնիտորինգի եւ վերլուծության համակարգի ստեղծում» ծրագրի շրջանակներում կատարած չորսամսյա աշխատանքների արդյունքներն էին ներկայացնում՝ հիմք ունենալով վերոբերյալ միտքը։ «Ասում են հասարակությունը պատրաստ չէ եւ մեզ անընդհատ ցույց են տալիս մեր տեղը,- վրդովվեց ԱՀՌԾ-ի մասնակցային գործընթացի լիազոր անձ Լարիսա Ալավերդյանը,- իսկ արդյոք կառավարությունը պատրա՞ստ է»։ Տիկին Լարիսան խոստովանում է, որ աշխատանքների ընթացքում կարծել է, թե դեպի ժողովրդավարություն՝ ճանապարհ հարթելու հնարավորություն է ստեղծվել։ Սակայն այժմ այն համոզմանն է, որ իշխանավորի՝ ժողովրդի ծառա լինելու փաստը, ստորադասվում է «իշխանությունը տեր է, ժողովուրդը՝ ծառա» իրողությունից։ Խոսքը, փաստորեն, կառավարման նոր համակարգի ստեղծման մասին է, որտեղ ժողովուրդը պետք է մասնակցի որոշումների ընդունմանը։ Դա մեր կառավարականներին, գուցե նաեւ դոնորներին ըմբոստացրել է, ինչի արդյունքում փորձագետն արձանագրում է. «Չկա կառավարման այնպիսի համակարգ, որն ուղղված լինի ժողովրդի այն հատվածի կարիքների կարգավորմանը, ովքեր իրապես զգում են պետական հոգածության անհրաժեշտություն»։ Սոցիալական գերակայությունները մշակող փորձագիտական խմբի ղեկավար Հրանուշ Խառատյանը երկրում աղքատության նվազեցման հիմքում դնում է հետեւյալ հարցերի լուծումը. կարեւորել եւ ամրապնդել ընտանիքի ինստիտուտը, պասիվ սոցիալական քաղաքականությունից (նպաստներ, թոշակներ եւ այլն) անցնել աշխատանքի ակտիվացման քաղաքականության՝ աշխատանքի շուկայի կարգավորման ղեկը թողնելով պետությանը։ Փորձագետի եզրահանգմամբ՝ կրթությունն ու առողջապահությունը պետք է լինեն պետության կողմից առաջարկվող ծառայություններ՝ տվյալ անձանց վրա որոշակի պարտավորություններ դնելով։ Ասենք, եթե պետությունը վճարում է որոշակի մասնագետների բարձրագույն կրթությունը, նրանց պետք է պարտավորեցնի՝ 2-3 տարի այս կամ այն շրջանում իր մասնագիտությամբ աշխատելով՝ լուծել պետության առջեւ ծառացած խնդիրները։ Փորձագետը, այս եւ այլ խնդիրներից զատ, հատուկ նշանակություն է տալիս բնակչության հոգեբանական վերականգնմանը. «Մարդկանց մեջ այս պահին դեպրեսիվ չարություն է, այն պետք է կոնստրուկտիվ դառնա եւ մարդն ինքը պայքարի արդարության համար։ Կառավարությունից մեծ հույսեր չկան»։ Մեթոդաբանական խմբի փորձագետ Լյուդմիլա Հարությունյանի համոզմամբ, գնում ենք կեղծ ռազմավարությամբ, քանզի դեռ չգիտենք, թե «ուզում ենք աղքատին օգնել, որպեսզի նա ոտքի կանգնի՞, թե՞ պետությունն ենք ուզում ոտքի կանգնեցնել, որպեսզի աղքատներ չլինեն»։ Եվ այս ամենի հիմքում փորձագետը դնում է «իշխանության հարցի լուծումը. ուժեղ իշխանություն պետք է ունենանք», իսկ թե այդ հարցն ինչ կերպ պետք է լուծվի՝ փորձագետը լռում է։ «Աղքատության գնահատման եւ վերլուծության» փորձագիտական խմբի արդյունքներով, 2001-ի հետազոտություններով, երկրում աղքատության մակարդակը 51% է, այսինքն, երկու բնակչից մեկն աղքատ է։ Նույն թվականի տվյալներով, երկրից արտագաղթածների թիվն 800 հազարն անցնում է, ինչի արդյունքում երկիրը 2 մլրդ դոլարի կորուստ է կրել։ Նաեւ, գերխնդիր է համարվում եկամուտների ոչ ճիշտ բաշխումը։ Խմբի ղեկավար Աշոտ Կակոսյանի կարծիքով, «մեր հիմնական կապիտալը մարդն է, բայց մենք մարդուն չենք գնահատում եւ լավ չենք վերաբերում»։ ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Կամո Արեյանի կարծիքով, թերի են ներկայացված աղքատության առաջացման գործոնները եւ բացակայում է յուրաքանչյուր գործոնի ազդեցության չափն աղքատության վրա։ Ըստ ոլորտների նշված չեն առանձնահատկությունները, գնահատականները երբեմն շատ համարձակ եւ իրականությունից հեռու են, արձանագրված որոշ փաստեր արդեն իսկ իրողություն են՝ կառավարության ծրագրերի տեսքով, հաշվի չեն առնված ենթակառուցվածքներում իրականացվող փոփոխությունները եւ մի շարք այլ բաներ։ Վերջնական արդյունքում, ըստ Կ. Արեյանի, փաստաթուղթը «բեռնաթափման եւ լրամշակման կարիք ունի»։ Այս մոտեցումը տնտեսական գերակայությունների խմբի ղեկավար Վարդան Բոստանջյանը «լիրիկական» համարեց եւ ըմբոստությամբ հայտարարեց, որ «կառավարության ծրագրերը չեն իրականացվել ու չեն իրականացվելու։ Հորս տունը հո չի՞, մարդիկ աշխատել են, թողեք էս վիճակից դուրս գանք»։ Եթե կառավարական եւ հասարակական գործիչներն, ի վերջո, ընդհանուր հայտարարի գան, հոկտեմբեր ամսին հասարակությունը բախտ կունենա տեղեկանալու, թե աղքատության հաղթահարման ինչպիսի ծրագիր է իրեն առաջարկում կառավարությունը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել