Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԳՐԵԳԱՏԸ»

Հուլիս 26,2002 00:00

«ԱԳՐԵԳԱՏԸ» Մամուլում արդեն հաղորդվել է, որ Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի մասին «Չորրորդ իշխանության» հրապարակմանը որպես պատասխան ՌՈ զինվորները խմբագրություն են ուղարկել արհեստական առնանդամ։ Ռազմական ոստիկանության պետն էլ «Ավանգարդին» տված հարցազրույցում այս արարքի առնչությամբ ասել է. «Եթե կինը կարող է հրապարակայնորեն հայհոյել, զինվորն էլ նրան կարող է պատասխանել տղամարդուն բնորոշ անպարկեշտությամբ»։ Սակայն նշենք, որ «Չորրորդ իշխանության» խնդրո առարկա հրապարակման մեջ որեւէ հայհոյանք չի պարունակվում։ Ինչեւէ, պաշտպանության նախարարությանը մերձ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այս պատմությունը շարունակություն է ունեցել, եւ Վովա Գասպարյանի զինվորների «ընծան» կից գրությամբ «ՉԻ»-ն ուղարկել է նրա վերադասին։ Գրության մեջ մասնավորապես նշվել է. «Հաշվի առնելով, որ նման առաջին անհրաժեշտության ագրեգատների արտահոսքը կարող է բացասաբար անդրադառնալ Ձեր ղեկավարած ստորաբաժանումներից մեկի՝ Ռազմական ոստիկանության մարտունակության վրա, սիրով վերադարձնում ենք այն եւ հուսով ենք, որ մեր այս համեստ ներդրումը բանակաշինության մեջ ըստ արժանվույն կգնահատվի Վլադիմիր Գասպարյանի կողմից»։ Խմբագրությունը նաեւ Վլադիմիր Գասպարյանին է տեղեկացրել, որ «Համաձայն «ՀՀ քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման կարգի մասին» օրենքի պահանջների, Ձեր հիմնարկից ստացված նամակը՝ կից նյութերով, վերահասցեագրվել է Ձեր կողմից բարձրացված հարցը ուսումնասիրելու համար իրազեկ պաշտոնյային՝ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին։ Վստահ ենք, որ վերջինս այդ ագրեգատը կօգտագործի Ձեր ղեկավարած գերատեսչության եւ անձամբ Ձեր մարտական ոգին բարձրացնելու նպատակով»։ Ի դեպ, վերոհիշյալ հարցազրույցում Վլադիմիր Գասպարյանն ասում է. «Ինձ լրատվական պատերազմ հայտարարելն ի սկզբանե դատապարտված է պարտության»։ Դե, եթե նման միջոցներով են ետ մղելու հարձակումները՝ հաղթողներ հաստատ չեն լինի։ Նաեւ հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահներից մեկը մեր Ռազմական ոստիկանության պետի պնդմանը լրիվ հակառակ համոզումն ուներ, թե մամուլի դեմ պատերազմն է դատապարտված պարտության։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031