Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սթափության կոչ

Հուլիս 26,2002 00:00

Սթափության կոչ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Ռ. Քոչարյանը հուլիսի 22-ին հրամանագիր է ստորագրել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին գեներալ-լեյտենանտի աստիճանից զրկելու մասին։ Սրան նախորդել էր Ռ. Քոչարյանի կողմից հրահրված լկտի եւ անզուսպ քարոզչությունը Վ. Հարությունյանի դեմ, որին, ցավոք, մասնակից դարձան նաեւ մի շարք բարձրաստիճան զինվորականներ։ Վ. Հարությունյանի դեմ սանձազերծած քարոզչական հիսթերիան եւ այն եզրափակող Ռ. Քոչարյանի հրամանագիրը ոչ այլ ինչ են, քան անձի դեմ ուղղված բարոյական, հոգեբանական եւ իրավական տեռոր։ Հետամուտ լինելով քաղաքական ցինիզմի եւ ուժի ցուցադրման, ի գոտեպնդումն իր խամաճիկ շրջապատի, Ռ. Քոչարյանն իրականում ցուցադրեց իր անզորությունը. հակափաստարկների եւ քաղաքական ընդդիմախոսության կուլտուրայի իսպառ բացակայությունը։ Թե՛ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության վերաբերյալ Վ. Հարությունյանի գնահատականները եւ թե՛ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Քոչարյան-Ալիեւ բանակցություններում Մեղրիի փոխանակման տարբերակի գոյության մասին նրա պնդումը չեն հերքվել եւ, ըստ էության, չեն կարող հերքվել։ Այդ իսկ պատճառով փորձ է արվում հանրության ուշադրությունը շեղել այլ ուղղությամբ՝ վարկաբեկման եւ հետապնդման գործընթաց ծավալելով Վ. Հարությունյանի դեմ։ Գեներալների, ապա համայնքապետ-քաղաքապետերի դեմարշ-հայտարարությունները վկայում են այն մասին, որ նախագահական ընտրությունների նախաշեմին փորձ է արվում ստեղծել վարչաուժային բռունցք՝ որպես հաղթանակի ապահովման գլխավոր գործիք։ Ըստ այդմ, մեր երկիրը կարող է հայտնվել մի վտանգավոր իրողության առջեւ, երբ քաղաքական պայքարի դաշտը դուրս կմղվի ասպարեզից՝ իր տեղը զիջելով ուժային առճակատման թատերաբեմին։ Սթափության կոչ ենք անում զինվորականներին եւ բոլոր օղակների վարչական ղեկավարներին՝ չտրվել վարչախմբի ճնշումներին. առավելագույնը, որ ձեզ վերապահվելու է մահակի եւ կամակատարի, իսկ վերջնական արդյունքում՝ քավության նոխազի դերն է։ Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին՝ համախմբվել քաղաքական անհանդուրժողականության եւ անսանձ կամայականությունների հաստատման վտանգի դեմ՝ բարձր դասելով պետության եւ ժողովրդի շահերը։ 25.07.2002 թ., ք. Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել