Լրահոս
Օրվա լրահոսը

«Շահրեզադեի հեքիաթներ»

Հուլիս 26,2002 00:00

«Շահրեզադեի հեքիաթներ» Նրանք ապրում են հանուն ժողովրդի Հայաստանի Նորացված կոմունիստները հրապարակ են հանել իրենց բոլոր ուժերը։ Երեկ Գրողների տան դահլիճում տեղի ունեցավ նորացվածների Կանանց միության հիմնադիր կոնֆերանսը՝ «Հանուն սոցիալական արդարության, հանուն սոցիալիստական արդարության» նշանաբանով։ Մինչ բուն միջոցառմանն անցնելը, ընկեր Յուրա Մանուկյանը որոշ բաներ ասաց լրագրողներին։ Ցանկացած կուսակցություն կերազեր ունենալ նման հռետոր-առաջնորդ, որը կարողանում է բուռն պաթոսով ասել բաներ, որոնցից հետո ոչինչ չի հիշվում։ Սակայն կարեւորը ոգեւորվածությունն է։ Իսկ ոգեւորվածության պակաս նորացվածները չունեն, նախ՝ դահլիճն էր լեցուն, կանայք էին առողջ ու գեղեցիկ, հայտարարությունների կույտերն էին առատ։ Ակնհայտորեն ՀՆԿԿ-ն թափով առաջ գնալու ակնկալիք ունի եւ լուրջ հրահանգ է ստացել՝ մինչեւ սեպտեմբեր իրենով անել Հայաստանի մոտ 7 սոցիալիստական ուղղվածության կուսակցություններից շատերին։ Նորացված կանայք էլ հայտարարեցին, որ պատրաստ են «ամբողջ կանացի էներգիան» ներդնել, որպեսզի «մեր երկրից հարկադրված հեռացած մոտ մեկ երրորդը ետ վերադարձնենք»։ «Օյինբազ» բաներ են կատարվում մեր երկրում՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Վլ. Դարբինյանն աշխատում է անմիջականորեն պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ենթակայության տակ, Նորացված կոմկուսը երջանկությունից փայլող աչուկներով հանդիպում է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Եվ երկուստեք միմյանց մեղադրում են իշխանամետության մեջ։ Շատ ավելի «օյինբազ» պատմություն կստացվի, եթե մի օր բացահայտվի, որ պաշտպանության նախարարն ու երկրի նախագահը տարաձայնություններ ունեն։ Հին ու նոր Կոմկուսների աննախանձելի վիճակի ամբողջ անլրջությունը պատկերացնո՞ւմ եք։ Մինչ այդ ընկեր Մանուկյանը կարդաց ՀՆԿԿ հայտարարությունը, որում մասնավորապես հիշատակվում է կուսակցության հիմնադիր համագումարի բանաձեւը. «ՀՆԿԿ-ն ընդդիմանալու է իշխանությունների բոլոր այն ձեռնարկումներին, որոնք հակասում են աշխատավորական լայն զանգվածների շահերին»։ Իսկ նախագահ Քոչարյանի հետ հանդիպումը, որքան հասկացվեց հայտարարությունից, ոչ այլ ինչ էր, եթե ոչ «իշխանության եւ հասարակության ներկայացուցիչների երկխոսություն, որը նպատակ ուներ երկուստեք ճշտել դիրքորոշումները եւ հստակեցնել մոտեցումները»։ Նորացվածներն այսքանով չե՞ն ուզում նույն հասարակությանը համոզել, որ իրենք «ծախված» չեն, այլ, ըստ իրենց՝ «ծախված» են հին ընկերները, որոնք նույն Քոչարյանի նախագահության շրջանում նախարարներ եւ փոխնախարարներ ունեին։ Երեկ լրագրողներին բաժանված տրցակի մեջ իր ուրույն տեղն ուներ նաեւ ՀՆԿԿ համագումարի դիմումը բոլոր նախկին կոմունիստներին։ «Հայաստանի Նորացված կոմկուսի համագումարը դիմում է ձեզ, առաջարկելով միանալ մեզ՝ երկիրը այս ծանր, մղձավանջային վիճակից դուրս բերելու համար տարվող պայքարում։ Նա, ով սրտի վրա երբեւէ կրել է լենինյան կուսակցության անդամատոմսը, իրավունք չունի անտարբեր դիտորդի դերում լինել»։ Դե, ի՞նչ, սրանից հետո մնում է հոնգուր-հոնգուր լաց լինել կամ հարցում անցկացնել, թե քանիսն են «սրտի վրա կրել» ոչ ավելի, ոչ պակաս՝ անդամատոմսը։ Երեկ լրագրողներին բաժանվեց նաեւ կուսակցության «Խոսք բազմաց» թերթը, որում տպագրված է Յուրա Մանուկյանի խոսքը՝ «Լինենք ժողովրդի հետ, ապրենք ժողովրդի համար» պաթետիկ վերնագրով։ Եթե ժողովրդի հետ լինելը մի քիչ կարելի է պատկերացնել՝ ասենք, փողոցում եւ տրանսպորտում շփումներ, հանդիպումներ եւ այլն, ապա՝ կներեք, մի փոքր դժվար է պատկերացնել, թե ի՞նչ է նշանակում «ապրել ժողովրդի համար»։ Եթե որեւէ նորացված ծարավից խեղդվելուց փրկվելու համար ջուր խմի, պիտի հայտարարի, որ ինքն ապրեց ժողովրդի համա՞ր, թե՞ որեւէ տեղ հանգստի մեկնելիս պիտի հայտարարի, որ ինքն ապրում է ժողովրդի համար։ Ի դեպ, «Խոսք բազմացը» ունի նաեւ ռուսերեն էջեր։ Թերթի վերջին էջում բացատրվում է, թե ինչ է նշանակում «Շահրեզադեի հեքիաթներ» արտահայտությունը։ Ահա այդ բացատրությունը. «Փոխաբերական իմաստով այս արտահայտությունը նշանակում է անհավանական, ֆանտաստիկ, մտացածին բաներ, հետաքրքիր, գրավիչ պատմություններ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել