Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Հուլիս 26,2002 00:00

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ Ասում է ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Անդրանիկ Հովակիմյանը -ՀՀՇ տարբեր գործիչների արտահայտած անձնական կարծիքներից հետո, թե Լեւոն Տեր Պետրոսյանն անպայման պիտի նախագահական ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը, իշխանության մի շարք գործիչներ հարկ համարեցին նկատել, որ եթե Հայաստանի 1-ին նախագահը լրջմիտ է եւ կշռադատված՝ չպիտի դիմի այդ քայլին, ակնարկելով նրա վարկանիշը, ընտրազանգվածը եւ ընտրվելու հնարավորությունները։ Համաձա՞յն եք, որ ընտրություններում որեւէ նշանակալի հաջողության հասնելու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավորությունը փոքր է։ – Բացարձակապե՛ս համաձայն չեմ։ Նախ, ճիշտ նշեցիք, որ մի շարք քաղաքական գործիչներ իրենց անձնական կարծիքն են հայտնել, Տեր-Պետրոսյանը դեռեւս այդ առնչությամբ որեւէ բան չի ասել։ Բայց նաեւ համաձայն չեմ, թե հնարավորությունները շատ քիչ են։ Ավելին։ Եթե Հայաստանում շրջեն՝ կտեսնեն, թե ամեն ինչ այդպես չէ, ինչպես ներկայացվում է։ Այս 4,5 տարիների ընթացքում ժողովուրդը մեծ հնարավորություն ստացավ համեմատելու եւ տեսավ, թե ինչ կարգախոսներով 1998-ին եկան իշխանության ու ինչ արեցին, ինչ վիճակում է այսօր Հայաստանը։ Իմիջիայլոց, ՀՀՇ-ն 1998-ի հունվարին իր հայտարարության մեջ եւ նաեւ համագումարում հստակ պատկերացում է տվել, թե ինչպիսին է «հանձնում» Հայաստանը։ Նույնը մենք կանենք նաեւ գալիք համագումարում, որ համեմատության եզրեր լինեն։ – Այդ համագումարում թերեւս կանդրադառնաք նաեւ նախագահական ընտրությունների խնդրի՞ն։ – Այո։ – Եվ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն, այնուամենայնիվ, որոշի չառաջադրել իր թեկնածությունը, ո՞ւմ վրա կանգ կառնի ընտրությունը։ Այժմ ՀՀՇ շարքերում են իրենց նախագահական հավակնությունների մասին բացահայտ հայտարարած գործիչներ, կուսակցության շարքերում ամենամեծ վարկանիշն ունի Վանո Սիրադեղյանը, գուցե նրա թեկնածությունը ե՞ւս չեք բացառում։ – Որեւէ թեկնածություն այսօր չի կարելի բացառել։ Կան մի քանի թեկնածուներ։ Մինչեւ համագումար եւ ընտրությունների բուն սկիզբ ընթացքը չափազանց ակտիվ է լինելու։ Գործընթացը դեռ նոր է սկսվում, եւ այսօր կանխատեսումներ անելը շատ բարդ է։ Եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի՝ կլինեն ՀՀՇ-ի այլ թեկնածուներ։ Ինչ վերաբերում է Վանո Սիրադեղյանին. ինձ թվում է, ամենակարեւոր պատճառը, թե ինչու թիվ 75 ընտրատարածքում նրան կրկին առաջադրվելու համար լրիվ անօրինականորեն տեղեկանք չտրվեց Հայաստանում բնակության վերաբերյալ, հենց դա էր։ Այդ տեղեկանքը տալով՝ նրանք ստիպված էին լինելու (եթե անհրաժեշտություն լիներ, եւ եթե Վանո Սիրադեղյանը ցանկանար դա) նման տեղեկանք տալ նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ։ Այսինքն, նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ դեռ իշխանություններն արեցին ամեն ինչ, որ հասարակական ընկալման մեջ արմատավորվի, թե ինչ-որ տեղեկանքի պատճառով Վանո Սիրադեղյանը չի կարող առաջադրվել։ – Մեկնաբանությունների առարկա է դարձել ՀՀՇ-ի եւ 13 կուսակցությունների հարաբերությունների հարցը։ Կարծես հստակ սահմանազատո՞ւմ է ընթանում՝ մասնավորապես, ԼՂՀ ընտրությունների եւ մի շարք այլ հարցերի շուրջ։ Ինչպե՞ս կբնորոշեք հարաբերություններն ընդդիմության այլ ներկայացուցիչների հետ։ – Այս խնդիրն անընդհատ արհեստականորեն արծարծում է մամուլը, թե կան ինչ-որ շփումներ։ Օրերս էլ գրել էին, թե իբր ՀՀՇ-ն է ֆինանսավորում 13-ի դաշինքը։ Դա, իհարկե, պարզունակ հնարք է։ Որեւէ նման բան չկա։ 13-ի համագործակցությունն ընդունում ենք այնքանով, որքանով նրանք իրենց գլխավոր խնդիրն են հռչակել օր առաջ գործող նախագահից ազատվելը։ Գաղափարական որեւէ նույնացում չկա եւ չի կարող լինել, քանի որ այդ 13-ից 6-7-ը (եթե ոչ ավելին) սոցիալիստական ուղղվածության կուսակցություններ են։ Բայց կան որոշ խնդիրներ, որոնց շուրջ, չեմ բացառում, կարող ենք գալ ընդհանուր եզրերի։ Մասնավորապես, այդ խնդիրներից է ընտրությունների ժամանակ վերահսկելիության ապահովումը կամ, որ առավել կարեւոր եմ համարում, ընտրացուցակների ստուգումը։ Հայտնի է, որ մարդահամարի պաշտոնական տվյալներն ահռելի ուռճացված են, եւ վստահ եմ, որ այդ ամենն արվել է հենց ընտրությունների համար։ – Դառնանք ԼՂՀ նախագահական ընտրություններին։ Առնվազն տարօրինակ էր, որ Հայաստանի քաղաքացու թեկնածությունն առաջադրելը պատվեր որակելով՝ դատապարտեցին մի քաղաքական ուժի գործիչներ, որն առաջացել է 1988-ի վերամիավորման շարժման շնորհիվ։ ՀՀՇ-ն նահանջե՞լ է իր դիրքերից եւ այլեւս չի՞ համարում, թե Ղարաբաղը Հայաստանի մի մասն է։ – Խնդիրը պետք է դիտարկել տարբեր հարթություններում։ Շարժումը մի քանի փուլից էր։ Առաջին փուլում ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Միության կազմում էին, եւ մենք պահանջում էինք Մոսկվայից, որ իր իրավասությունների սահմաններում որոշում ընդունի եւ Ղարաբաղն Ադրբեջանից վերցնի ու տա Հայաստանին։ Եվ բնական է, որ այդ ժամանակ գործում էր վերամիավորման կարգախոսը։ Իրավիճակը 180 աստիճանով փոխվեց, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, եւ մենք դարձանք անկախ երկրներ։ Այստեղ արդեն այլ մեթոդներ պետք է գործեին, եւ բնական է, որ փոխվեց մարտավարությունն ու ռազմավարությունը, քանի որ անհնար էր նույն կարգախոսով առաջ ընթանալ։ Ինչ վերաբերում է 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշմանը, ուզում եմ հիշեցնել (այդ մասին ասել ենք նաեւ 1998-ին), որ դրանից հետո Լեռնային Ղարաբաղի բնակչությունն անցկացրել է հանրաքվե, որով հռչակել է իր անկախությունը։ Նույնը արել է նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն, այս պահին դե յուրե տարբեր երկրներ են ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն։ – Վերջին շրջանում հաճախակիացել են արտերկրի կոշտ հայտարարությունները, թե Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Խնդրի կարգավորման պահը կարծես մոտենում է, եւ անցանկալի լուծումներին հակակշռելու համար Հայաստանի որոշ քաղաքական ուժեր 1989 թ. որոշումն ու Անկախության հռչակագիրն են հիշեցնում։ ՀՀՇ-ի դիրքորոշո՞ւմն էլ այդ է, թե մենք տարբեր երկրներ ենք։ – Կարծում եմ, արդեն պատասխանեցի Վերամիավորման որոշման վերաբերյալ հարցին։ Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, մենք ի սկզբանե ելնում ենք այն կանխավարկածից, թե բոլորն ուզում են ԼՂ խնդրի կարգավորումը եւ աշխատում այդ ուղղությամբ։ Իրականում, վստահ եմ, որ խաղաղության հաստատումը եւ խնդրի կարգավորումը այսօր ձեռնտու չէ ո՛չ իշխանություններին, ո՛չ էլ որոշ քաղաքական ու տնտեսական խմբավորումներին, որոնք գործում են Հայաստանում։ Իշխանություններին ձեռնտու չէ, քանի որ նրանք խնդրի կարգավորումն ուղիղ զուգահեռով կապում են իրենց իշխանության ձգձգման հետ (իմիջիայլոց, նույն խնդիրը նաեւ Ադրբեջանում է)։ Իհարկե, խաղաղ ու զարգացող Հայաստանում այսպիսի իշխանություններ պետք չեն լինի եւ նրանք ուղղակի տեղ չեն ունենա տնտեսապես աճող երկրում։ Խնդրի կարգավորումը ձեռնտու չէ նաեւ ուժային կառույցներին, քանի որ, բնական է՝ «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» կամ կիսապատերազմական պայմաններում նրանց ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական ազդեցությունը չափազանց մեծ է։ Շատ մեծ են նաեւ բյուջետային հատկացումները, եւ, բնական է, որ նրանք շատ լավ հասկանում են, թե խաղաղությունից հետո ե՛ւ ազդեցությունն է փոքրանալու, ե՛ւ ֆինանսական հնարավորությունները։ Եվ սա է պատճառը, որ վստահ եմ, թե ինչ-որ մաս հաստատ չի ուզում խնդրի կարգավորումը կամ ճանապարհների բացումը՝ ապաշրջափակումը։ Այն ձեռնտու չէ տնտեսական այն խմբավորումներին, որոնք իրենց ամբողջ բիզնեսը կառուցում են իշխանություններին մերձավորության կամ տնտեսության որոշ ճյուղերի մենաշնորհացման հիման վրա։ Ճանապարհների բացումից հետո, որ ենթադրում է ազատ տնտեսություն՝ ստիպված են լինելու մտնել մրցակցության մեջ, իսկ նրանք այդ դաշտում աշխատել սովոր չեն։ Կա նաեւ չորրորդ խումբը՝ քաղաքական հոսանքներ, մարդկանց խմբավորումներ, որոնց գոյության բուն իմաստը քաղաքական դաշտում մշտական պատերազմն է։ Խաղաղ Հայաստանում նրանց գոյությունն ուղղակի իմաստ չի ունենալու։ Ցավալին այն է, որ նշված բոլոր այս խմբերն այսօր Հայաստանի քաղաքական դաշտում հիմնական խաղացողներն են, եւ բոլորն իրենց հերթին ամեն ինչ անում են, որ հարցը ձգձգվի եւ միայն ձեւական մակարդակով են իբր փորձում կարգավորել հակամարտությունը։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել