Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԵՂԾԻՔՆԵՐ՝ ՆԱԵՎ ԿՐԿՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հուլիս 26,2002 00:00

ԿԵՂԾԻՔՆԵՐ՝ ՆԱԵՎ ԿՐԿՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Մայիսի 19-ին Շիրակի մարզի թիվ 67 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում բողոքարկելուց եւ դատը շահելուց հետո «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, անակնկալ կերպով, հրաժարվեց մասնակցել արդեն հուլիսի 14-ի վերընտրություններին: Կուսակցությունը հայտարարեց, թե իր կուսակից Վարդան Մակեյանը հանում է թեկնածությունը: Ահա այդ փաստը մասնավորապես ընդդիմադիր մամուլը գնահատել էր իբրեւ ՀՅԴ թեկնածու Հ.Մաթիլյանին մատուցված նվեր, որովհետեւ նա հուլիսի 14-ի ընտրություններին մասնակցող միակ թեկնածուն էր: Մեր զրույցի ժամանակ «Ժողովրդավարական Հայրենիքի» նախագահ Պետրոս Մակեյանը նախ անդրադարձավ այդ գնահատականներին եւ ասաց, թե կուսակցությունն իր առջեւ դրված խնդիրները կատարել է դեռ մայիսի 19-ին. այն է՝ համոզվել՝ իշխանություններն արդյո՞ք ի վիճակի են թույլ տալ, որ ժողովուրդն ազատ ընտրություն կատարի. «Համոզվեցինք, որ՝ ոչ: Բայց նույնիսկ այդ պարագայում մենք կարողացանք հաղթել ե՛ւ ընտրությունների ժամանակ, ե՛ւ Սահմանադրական դատարանում: Իսկ հուլիսի 14-ի ընտրություններին մասնակցելու համար ընդդիմադիր դաշտում գործող մեր կուսակցության սահմանափակ ռեսուրսները ներդնել այլեւս հեռանկարային չէր՝ առավել եւս, երբ ապացուցված էր այն, ինչում համոզվեցինք դեռ մայիսի 19-ին. իշխանությունները շարունակում են կեղծել ընտրություններում»: Բայց ՍԴ կայացրած վճիռը բխում էր կուսակցության շահերից, եւ պետք էր ակնկալել, որ հիշյալ ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքը չեղյալ համարելուց հետո, հուլիսի 14-ինը պետք է որ արդար ընթանար: Ինչո՞վ էր կուսակցությունը համոզված, որ այդ փուլում իր թեկնածուն չի հաղթելու կամ, որ ընտրություններն անարդար են լինելու: «Որ ընտրազանգվածի տրամադրվածությունը մեր օգտին էր, որ հաղթելու մեծ հնարավորություն ունեինք՝ միանշանակ է: Բայց մեր հնարավորություններն ու ռեսուրսներն օգտագործել այդ ոհմակի դեմ՝ նպատակահարմար չգտանք եւ անիմաստ էլ էր: Մենք որոշեցինք ետ կանգնել, բայց վերահսկել ընտրությունները: Ամենեւին էլ պատահական չէր, որ ընտրողը համատարած կերպով բոյկոտեց ընտրությունները: Ու թեեւ ՀՅԴ-ն գտնում է, որ դա «Ժողովրդավարական Հայրենիքն» էր կազմակերպել, բայց իրականում դա իսկապես հասարակության տրամադրությունների արտացոլումն էր: Դաշնակցությունը նույնիսկ մեկ թեկնածուի պարագայում ստիպված էր գնալ համատարած կեղծիքների՝ օգտագործելով իր իշխանական բոլոր լծակները»,- պնդեց Պ.Մակեյանը: Ըստ նրա, ի տարբերություն մայիսի 19-ի, հուլիսի 14-ին քվեաթերթիկները ոչ թե պարզապես լցվել են, այլ՝ մինչ այդ գրանցվել են ընտրողների անձնագրային տվյալները՝ դրանք իմանալով սոցիալական ծառայությունից, ՆԳԲ-ից կամ շատ դեպքերում՝ այցելելով ընտրողների տները: Անդրադառնալով դաշնակցական մամուլի՝ տեղի ունեցած ընտրությունների, նաեւ՝ այդ առնչությամբ ՍԴ կայացրած վճռի հրապարակումներին, կուսակցության նախագահն ասաց. «Ինձ զարմացնում է, որ ՍԴ-ն չի էլ փորձում անդրադառնալ դրանց, որտեղ տողատակում փորձ է արվում ապացուցել, որ ՍԴ որոշումն արդար եւ օբյեկտիվ չի եղել: Ավելին, ՀՅԴ թեկնածուն նույնիսկ հայտարարեց, թե այս անգամ ստիպված են այդ ցուցակներով իրենք զբաղվել: Դա օրենքի հստակ խախտում է»,- արձանագրեց կուսակցության նախագահը: Նա նաեւ հայտարարեց. «Եթե այդ կուսակցությունը բարոյականություն ունի, թեեւ տեռորն ու բարոյականությունն իրարից շատ հեռու են, կարող են դիմել դատարան եւ վիճարկել իմ ներկայացրած թվերը. ես պնդում եմ, որ 67 ընտրատարածքի 16 տեղամասերում ավելի քան 3000 քվեաթերթիկներ լցվել են քվեատուփ: Մինչդեռ հասարակությունը՝ բոյկոտելով այդ ընտրությունը, շատ լուրջ գնահատական տվեց ՀՅԴ-ին՝ չգնալով ընտրությունների: Իրական ընտրություն անցկացրած 10 գյուղում ընտրությունների է մասնակցել ընտրողների 13 տոկոսը, թեեւ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը 24 տոկոս է արձանագրված, իսկ 16 տեղամասերում, որտեղ կեղծիքներ են եղել՝ մասնակցել է ընտրողների, իբր, 30 տոկոսը: Սա է իրականությունը: Այդ էր պատճառը, որ ընտրությունների օրն արդեն ժամը 16-ից հետո ՀՅԴ-ն խուճապի մատնվեց եւ իշխանությունների հետ միասին ստիպված եղավ դիմել կեղծիքների»: Պ.Մակեյանը նաեւ անդրադարձավ ՀՅԴ-ի կողմից գործադրվող բարոյահոգեբանական ճնշումների գործելաոճին՝ «Վերջերս նրանք փորձում են շարքային անդամների միջոցով ահաբեկչական մթնոլորտ ստեղծել: Շիրակում հայտնվել էր ոմն Հովսեփ, որը սպառնացել էր Մակեյաններին, ինչին մամուլն արդեն անդրադարձել է: Հասկանալի է, որ դա իրականում ոչ թե Հովսեփի, այլ՝ նրա խմբապետների կարծիքն էր, եւ վերջիններիս պատասխանը մենք առաջիկա աշնանը տալու ենք այս ռեժիմի, այդ թվում՝ Դաշնակցության իշխանավարմանը: Միեւնույն ժամանակ մենք գիտենք, թե ինչ է ՀՅԴ-ն, 93-ից ծանոթ ենք նրա գործելակերպին եւ հասկանում ենք, թե ինչի հետ գործ ունենք, բայց միեւնույն ժամանակ անհանգստանալու խնդիրներ եւս չունենք»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել