Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումների օգուտն ու վնասը

Հուլիս 25,2002 00:00

Բարեփոխումների օգուտն ու վնասը Կրթական բարեփոխումների անվան տակ Վանաձորի որոշ դպրոցներում սկսվել են ուսուցիչների կրճատման նախապատրաստական աշխատանքները: 1-ին փուլում ուսուցիչներն զգուշացվում եւ նույնիսկ ստորագրում են ինչ-որ փաստաթղթի տակ, որ իրենք տեղեկացված են: Հաջորդ փուլում, որ պետք է ներառի ուսուցիչների կրճատումը, գլխավոր դերակատարությունը պատկանում է տնօրենին: Վերջինիս հայեցողությունից է կախված, թե ով «առաջնահերթության» կարգով կազատվի աշխատանքից: «Նրանք, ովքեր առավել պակաս մասնագիտական ստաժ ունեն տվյալ դպրոցում»,- զգուշացրել է դպրոցներից մեկի տնօրենը, որ ինքը տվյալ դպրոցում բոլոր ուսուցիչների համեմատությամբ ամենաքիչ ստաժն ուներ: Համենայնդեպս, առավել համարձակ մի ուսուցիչ այդ մասին հիշեցրել է տնօրենին, ակնարկելով, որ այդ դեպքում առաջին «թիրախը» հանուն արդարության պետք է լինի տնօրենը: Ուսուցիչները հակված են կարծելու, թե կրճատումների վերաբերյալ ղեկավարության պարբերական հիշեցումները ուսուցիչների կողմից «վերաբերմունք» ստանալու նպատակ են հետապնդում: Մանկավարժական կոլեկտիվներում այս տհաճ իրավիճակի վերաբերյալ առայժմ երկու դպրոցից է տեղեկություն ստացվել: Համենայնդեպս, ուսուցիչները խնդրեցին առայժմ չմատնանշել այդ դպրոցների մասին, այլ միայն փաստն արձանագրել, հուսալով, որ միգուցե կոլեկտիվում ընդհանուր քննարկման արդյունքում կարելի է հարցը կարգավորել: Կարծում ենք, այս իրավիճակը առկա է առավել մեծ թվով դպրոցներում, քանի որ կրթական բարեփոխումները, բնականաբար, պետք է տարածվեն բոլոր դպրոցների վրա: Հատկանշական է, որ մանկավարժական կոլեկտիվներում կրճատումների «աժիոտաժ» է սկսվում այն ժամանակ, երբ արդեն համեմատաբար կանոնավորվում են ուսուցիչների աշխատավարձերի վճարումները՝ այն էլ մասնակի ավելացումից հետո, եւ հեռանկարում էլ խոստացվում է աշխատավարձերի նոր բարձրացում: Դե ինչ, կարելի է եզրակացնել, որ, ի վերջո, «սառույցը շարժվեց», եւ ուսուցչի մասնագիտությունը սկսում է դառնալ «հրապուրիչ» /խաղարկային/: Հիշեցնենք, որ 90-ականների սկզբին դպրոցներում ուսուցիչների քանակն այնքան պակասեց /այդ աշխատանքի եկամտաբեր չլինելու պատճառով/, որ թափուր աշխատատեղերն ստիպված էին լրացնել ոչ մանկավարժ կադրերով /այս հանգամանքն այսօր էլ առկա է գյուղական որոշ դպրոցներում/: Եթե հաշվի առնենք, որ վերջին 10-13 տարիներին Վանաձորում դպրոցների թիվը 5-ով ավելացել է /28-ից դառնալով 33/, ապա չենք կարծում, որ առնվազն մասնագետ ուսուցիչներին կրճատելու անհրաժեշտություն լիներ: Չէ՞ որ նոր կադրերը աստիճանաբար փոխարինում են կենսաթոշակի անցնողներին: Պարզապես առավել ճիշտ կլիներ, եթե առաջիկա մի քանի տարիների համար սահմանափակվեր Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ստացիոնար բաժնում որոշ առարկաների գծով դիմորդներին հատկացվող տեղերը, իսկ հեռակա բաժնում առավել նպատակային ընդունելություն կազմակերպվեր՝ առաջնությունը տալով գյուղական բնակավայրերի դիմորդներին /հաշվի առնելով գյուղական վայրերում ուսուցիչների պակասը/: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել