Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՇԵՆ» ԿԱՑԱՐԱՆՆԵՐ

Հուլիս 25,2002 00:00

«ԱՆՇԵՆ» ԿԱՑԱՐԱՆՆԵՐ Երեւանի Աջափնյակ համայնքում կա 128 վթարային շենքեր, որոնցից 14-ը չորրորդ կարգի վթարային շենքեր են: «Առաստաղից պոկված սվաղի մի մեծ կտոր ուղիղ գլխիս կընկներ, եթե լվացարանին մոտենայի մի քանի վայրկյան շուտ»,- լացակումած աչքերով պատմեց տասնհինգամյա Ասյան: Առաստաղից ընկնող քարերն ու սվաղի կտորները Ֆուչիկի փողոցի թիվ 19 շենքի բնակիչների համար արդեն սովորական են, սակայն զանազան մանր միջատների գիշերային գրոհները երեխաների վրա իրենց փոքրիկ անկողիններում՝ արդեն նոր երեւույթ են: «Իմ համար քնած էի, մեկ էլ զգացի, որ վրայովս ինչ-որ բաներ են ման գալիս. վախից վեր թռա, ու քանի օր է՝ չեմ քնել. վախենում եմ»,- սարսափահար ասաց շենքի ամենահին բնակչուհու՝ տիկին Սաթիկի տասնմեկամյա որդին: Տիկին Սաթիկը արդեն 13 տարի ապրում է չորրորդ կարգի վթարային շենքում, որտեղ չկան ոչ միայն հատուկ հարմարություններ, այլեւ բնակության համար անհրաժեշտ տարրական պայմաններ: Այժմ շենքում բնակվում է տասնութ ընտանիք, որոնց խոստացել են վերաբնակեցնել նոր բնակարաններում, բայց ե՞րբ… Աջափնյակ համայնքի թաղապետարանի շենքերի եւ շինությունների շահագործման վարչության պետ Արամ Արամյանի հավաստմամբ՝ վերաբնակեցումը սպասվում է մոտ ապագայում: Նա նշեց, որ կառավարությունն ընդունել է պետական ծրագիր 4-րդ կարգի վթարային շենքերը քանդելու եւ բնակիչներին վերաբնակեցնելու համար: 2000թ. հոկտեմբերի 25-ին թիվ 682 որոշմամբ նախատեսված էր քանդել 4-րդ կարգի չորս վթարային շենք: Այժմ ծրագիրն ընթացքի մեջ է. արդեն վերաբնակեցվել է 98 ընտանիք: Շենքերում ապրող հիմնական բնակիչներին՝ վարձակալներին ու փախստականներին, տրվում է նաեւ դրամական աջակցություն, սակայն շենքերում ապրում են նաեւ մարդիկ, որոնք ապօրինի կամ ժամանակավոր կարգադրությամբ են մուտք գործել շենք: Նրանք ստանալու են օրինական բնակիչներին հասանելիք գումարի 70%-ը: Պետբյուջեից տրամադրվում է մոտ 321 մլն դրամ՝ շենքերի վերանորոգման համար, սակայն եթե հաշվի առնենք, որ մի շենքի վերանորոգման համար անհրաժեշտ է մոտ 80 մլն դրամ, ստացվում է՝ մեկ տարում 4 շենք: Այսինքն՝ 128 վթարային շենքերի վերանորոգման համար կպահանջվի 32 տարի: ՆՈՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել