Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԴԻՐԻԺՈՐԸ

Հուլիս 25,2002 00:00

ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԴԻՐԻԺՈՐԸ Ընդամենը մեկ ամիս առաջ Կարեն Դուրգարյանը Հայաստանի ֆիլհարմոնիկը ղեկավարել է Փարիզի հանրահայտ ու հեղինակավոր «Pliele» համերգասրահում, որտեղ եւ կայացավ դեռ անցյալ տարի Բեյրութում՝ միջազգային նվագախմբի հետ ձայնագրած CD-ի շնորհանդեսը։ Նշենք, որ վերջինս թողարկել է հանրահայտ «EMI» ֆիրման, իսկ նվագախմբում այլազգի երաժիշտների հետ կան նաեւ հայ արվեստագետներ։ Պատրաստվում է թողարկման եւ երկրորդ CD-ն՝ նույն նվագախմբով, որի շնորհանդեսը կկայանա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ դիրիժորի Ամերիկա կայանալիք տուրնեի ընթացքում։ Ի դեպ, Կ. Դուրգարյանը ունի նվագախմբի հետ աշխատելու արտակարգ ձիրք։ Ամենակարճ փորձային ժամանակամիջոցում հասցնում է ստեղծել անսամբլային հավասարակշռություն նվագախմբի բոլոր օղակներում, ստանալ արտահայտչության ակնկալվող զորություն, «խոսել» մեներգիչների, երգչախմբի արտիստների, պարողների հետ։ Հակիրճ այսպես կարելի է ներկայացնել Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին։ 2001/2002 թվականների թատերաշրջանում դիրիժորի անմիջական մասնակցությամբ բեմ բարձրացան Բիզեի «Կարմեն», Բելինիի «Նորմա», Վերդիի «Տրավիատա», Վիվալդիի «Տիգրան Մեծ», Ճգնավորյանի «Տրդատ եւ Հռիփսիմե», Ադանի «Ժիզել» մեծածավալ գործերը։ Նվագախմբի եւ երգչախմբի կատարումներով, ուր տեղ գտան եւ ամերիկահայ կոմպոզիտոր Ջեֆ Մանուկյանի երկերը, թողարկվեց CD, կայացավ բարեգործական գալա համերգ, օպերային երիտասարդ երգիչները հյուրախաղերի մեկնեցին Թբիլիսի եւ այս ամենը այսօրվա դժվարին պայմաններում։ Նշենք նաեւ, որ սկավառակների հաջողությունը անկհայտ է։ Այսպես, առաջին CD-ից մոտ 600000 օրինակ արդեն վաճառվել է։ Այս գերծանրաբեռնվածության պայմաններում, 4 ամիս առաջ դիրիժորը հրավեր ստացավ ղեկավարելու նորաստեղծ Ստուդիա-նվագախումբը։ Իր խոսքերով. «Սա պրոֆեսիոնալ մասնավոր նվագախումբ է, բաղկացած բացառապես երիտասարդ երաժիշտներից, որի հիմնական աշխատանքը ձայնագրություններ կատարելն է, այն էլ՝ ֆոնդային։ Իսկ դա նշանակում է ե՛ւ բարձրակարգ կատարում, ե՛ւ բարձրակարգ ձայնագրություն։ Հիմնականում կատարվում են հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Փորձում ենք մեր բուն ժողովրդական գոհարները բերել սիմֆոնիկ արվեստ։ Օրինակ, հանրահայտ «Դլե յամանը»՝ նոր մտածելակերպով հրամցնել։ Այս ձայնագրությունները հետագայում անպայման կթողարկվեն»։ Սա դեռ գերծանրաբեռնվածության վերջը չէ։ Դիրիժորը գտնում է. պետք է աշխատի կոնսերվատորիայում. «Կարող եմ օգտակար լինել ուսանող- դիրիժորներին։ Կոնսերվատորիան ավարտող, արդեն պրոֆեսիոնալ դիրիժորը չպետք է, ավելին՝ իրավունք չունի քննություն հանձնել ռոյալի նվագակցությամբ։ Սեպտեմբեր ամսից կոնսերվատորիայում կանցկացնենք դիրիժորների բարձրագույն վերապատրաստման դասընթացներ, որին կմասնակցեն միայն մրցույթով անցած դիրիժորներ։ Արդեն սովորելու տարիներին պետք է աշխատել նվագախմբի հետ։ Մի խոսքով՝ երեկ ես էս հնարավորությունները չունեի, էսօր՝ ունեմ։ Ցանկությունս մեկն է՝ օգտակար լինել»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ.Գ. Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կ. Հովհաննիսյանը մեր այն հարցին, թե օպերային թատրոնի երկարատեւ վերանորոգման պատճառով տեղափոխվո՞ւմ եք ՄՀՀ-ի համերգային դահլիճ, տվեց հետեւյալ պատասխանը. «Տեղափոխվել կարելի էր ասել միայն այն դեպքում, երբ համերգային դահլիճը միայն մեզ տրվեր, այսինքն ստացիոնար գործեինք այնտեղ։ Էնտեղի պայմանները (նվագախմբի տեղը, զգեստապահարանները, դիմահարդարման սենյակները, մեծ ծավալի երաժշտական գործիքների պահեստասենյակները, դեկորների պահեստը եւ այլն) մեզ չեն բավարարում։ Անկեղծ ասած, բնականաբար, օպերային թատրոնի պայմաններին համապատասխան մեզ մոտ ուրիշ դահլիճ էլ չկա։ Ուրեմն պետք է հարմարվենք։ Օգոստոսին կհանգստանանք, սեպտեմբերից կսկսենք աշխատել, շարունակելով 2002-2003թթ. թատերաշրջանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031