Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԿԱՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ» Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Հուլիս 25,2002 00:00

ՎԿԱՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ» Է ՊԱՀԱՆՋՈՒՄ Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվում է Արթուր Սուրենի Պարսամյանի սպանության առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Այս փուլում դատակոչվել էին վկաներ Արմեն Սանթուրյանը, Էդուարդ Գրիգորյանն ու Արմեն Պարսամյանը (Արթուրի եղբայրը)։ Վերջինս, ինչպես տեղեկացրեց նախագահողը՝ Իսկուհի Վարդանյանը, հայտնել էր, որ «ինքն ի վիճակի չէ հոգեբանորեն ներկայանալ»։ Ա. Սանթուրյանի համար ամբաստանյալներ Կ. Զաքարյանի, Ա. Յազչյանի, Ա. Աղաբաբյանի, Մ. Ասատրյանի պաշտպանները հանդես եկան նրան բերման ենթարկելու միջնորդությամբ։ Ի դեպ, Ա. Բեջանյանի պաշտպան Ռ. Բալաբանյանը նույնպես պատշաճորեն տեղյակ լինելով դատական նիստի մասին, չէր ներկայացել եւ քիչ էր մնում «բերման տակ» ընկներ… Դատարանը դիմեց Շահումյանի ՆԳ բաժնին՝ ապահովելու վկա Սանթուրյանի ներկայությունը, մինչ այդ կճշտվի զինծառայող (ԼՂՀ) Է. Գրիգորյանի զորամասն ու նրան դատակոչելու հարցը… Հետաքրքիր զարգացումներ ստացավ այս քրգործը։ Դատակոչված վկան՝ վարորդ Միսակ Հարությունյանը դատարանից եւ դատավարության մասնակիցներից «քաղաքական ապաստան» էր պահանջել։ Նա պնդել էր իր նախաքննական 1-ին (22.05.2001թ.) եւ դատարանում տված ցուցմունքները, իսկ նախաքննական 2-րդ (30.06. 2001թ.) ցուցմունքը համարել մայրաքաղաքի դատախազության քննիչ Արամ Գրիգորյանի սպառնալիքների արդյունք։ Ի դեպ, քննիչի սպառնալիքների մասին չէին թաքցրել դատավարության մյուս կողմերը, ինչը անկեղծորեն մեր զարմանքն էր շարժել։ Հետեւաբար, մենք դիմեցինք ամբաստանյալ Արմեն Աղաբաբյանի պաշտպան Արմեն Մանուկյանին, գնահատելու կատարվածը. «Եթե հիշում եք, տուժող Կարեն Բադոյանին ես հարց տվեցի, որ դուք մթության մեջ չեք հիշում ոչ մի դեմք, չեք հիշում ով ում խփեց, սակայն շատ լավ հիշում եք դանակի երկարությո՞ւնը, շեղբի լայնությո՞ւնը, բռնակի գո՞ւյնը։ Իմ հարցին նա պատասխանեց, որ չէր հիշի դա էլ, եթե «քննիչը ցույց չտար 1-2 դանակը եւ չասեր՝ սա է»։ Դատաքննության ժամանակ նմանատիպ ցուցմունքներ տվեցին ամբաստանյալներ Կարեն Զաքարյանը, Արթուր Յազչյանը եւ Մանվել Ասատրյանը։ Վերջինս ասաց. «Գրի էն, ինչ ասում ենք, թե չէ ախպերդ էլ է գալու հետդ նստի», ինչի արդյունքում գրվել է այն, ինչ կա այսօր այդ քրգործում։ Վկա-վարորդի հետ կապված Ա. Մանուկյանը շարունակեց. «Երբ մեղադրող Արթուր Երիցյանը հարցրեց, թե ինչի արդյունք էին հակասությունները, վկան հայտնեց, որ «քաղաքի դատախազը հրավիրեց ինձ իր մոտ, սպառնալիքներով, հայհոյանքներով, իսկ Ա. Գրիգորյանի թելադրանքով ես այլեւս չէի կարող չգրել, քանի որ ընտանիքը 40 օր մատնվել էր սովի եւ ես էլ վախեցել էի, երբ հասան վրաս»… Հետաքրքիր մանրամասն էլ դատարա նին հայտնեց վկա (զինծառայող) Կարեն Հակոբյանը։ Նա հայտնեց, որ «Գրիգորյան Արամն ինձ հարցաքննեց ռուսական բանակի ինչ-որ շենքում, Չարբախում։ Ասաց պիտի գրես այսպես։ Ծեծի տակ չէի կարող չգրել»։ Փաստորեն, քննիչի գործողությունների մասին խոսվում է բաց, հրապարակային դատավարության ժամանակ։ Եվ հանրությունը ուզում է իմանալ. թելադրանք եղե՞լ է, թե՞ ոչ։ Պաշտպանական կողմը, փաստորեն, միջնորդությամբ հանդես չի եկել (կապված քննիչի հետ)։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031