Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ

Հուլիս 25,2002 00:00

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ Ըստ Վազգեն Մանուկյանի, ինքը կողմնակից է «փուլ առ փուլ իրականացվող փաթեթային լուծման»: Ընդ որում, ինչպես հաղորդում է «Դե ֆակտո» գործակալությունը, Վազգեն Մանուկյանը փաթեթն ավելի մեծ է պատկերացնում, քան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է: Դրա մեջ, ըստ նրա, պետք է ընդգրկված լինեն Վրաստանը, Ադրբեջանը, Հյուսիսային Կովկասը, Իրանը, Թուրքիան: «Պետք է լինի մեծ պատկեր, որում մենք պետք է ունենանք մեր տեղը: Առանց փաթեթի անհնար է խնդրի լուծումը»,- ասաց Վ. Մանուկյանը: Մնում է արձանագրել, որ անվիճելի արժանիքներ եւ ծառայություններ ունեցող պրն Մանուկյանն այս մի խնդրին առանձնապես չի տիրապետում: Հակառակ դեպքում նա հստակ կգիտակցեր, որ «փուլ առ փուլ փաթեթային լուծում» արտահայտությունը հավասարազոր է «ուղիղ մազերով գանգրահեր աղջիկ» բնորոշմանը: Փոքր-ինչ պարզեցնելով, հիշեցնենք, որ ղարաբաղյան խնդրի փաթեթային լուծումն իրենից ներկայացնում է որոշակի միջոցառումների շարք՝ Ղարաբաղի կարգավիճակի կանխորոշմամբ, իսկ փուլային լուծումը՝ ըստ էության, նույն միջոցառումների իրականացումը՝ առանց կարգավիճակի ճշտման: Ուստի ո՛չ փուլային, ո՛չ փաթեթային լուծումը չեն կարող ընդգրկել այլ երկրներ կամ երկրամասեր: Հավանաբար, խոսքն այստեղ բանակցությունների ֆորմատի մասին է, տվյալ դեպքում՝ բավականին վիճելի: Այս համատեքստում հիշեցնենք նաեւ պրն Մանուկյանի մեկ այլ արտահայտություն. «Մինչեւ իշխանության գալն արտաքին քաղաքականության մասին լուրջ դատողություններ անելն անիմաստ է» /«Ազգ», 13 սեպտեմբերի 1996 թիվ/: Հետաքրքիր է, ինչի՞ մասին պետք է բանավիճի ընդդիմությունն իշխանության հետ՝ Հայաստանի պես խնդիրներ ունեցող երկրում: Կոյուղիների՞, բորդյուրների՞: Ա. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել