Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ ամեն ինչ կսկսվի նորից

Հուլիս 25,2002 00:00

Եվ ամեն ինչ կսկսվի նորից Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը երեկ բավարարեց «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» սպառողների բացարկը դատավոր Հրաչիկ Հովհաննիսյանի դեմ։ Ե՞րբ կնշանակվի նոր դատավոր՝ հայտնի չէ։ Հիշեցնենք, որ սպառողները բացարկի հիմք էին դարձրել այն, որ դատական նիստերի ընթացքում Հրաչիկ Հովհաննիսյանը, փաստորեն, ստանձնել էր պատասխանողի՝ Ազգային հանձնաժողովի պարտականությունները։ Փաստեր կային, որոնք վկայում էին, թե նա չի ուսումնասիրել սպառողների դիմումը եւ գործով կիրառման ենթակա ՀՀ Օրենսդրությունը եւ այլն։ Երեկ Հրաչիկ Հովհաննիսյանը հրապարակեց Ժորա Վարդանյանի որոշումը, որում մասնավորապես նշված է. «Ուսումնասիրելով քաղաքացիական գործի նյութերը, միջնորդությունում նշված հանգամանքները, գտնում եմ, որ գործի շահերից ելնելով եւ նիստը նախագահող դատավորի անաչառության վերաբերյալ դիմողների ներկայացուցիչների կասկածանքները փարատելու նպատակով հայտնված բացարկը պետք է ընդունել»։ Պետք է նշել, որ դահլիճում հավաքվածները շնորհավորեցին դատավորին։ Շնորհավորում ենք եւ մենք, քանի որ Հրաչիկ Հովհաննիսյանը բարեհաջող խուսափեց Արամ Աբրահամյանի «Կամակատարների պատկերասրահում» իր դիմանկարը տեսնելու «բախտից»։ «Շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Այն հանգամանքները, որոնք ընկած էին բացարկի հիմքում, ենթադրում էին նոր ընթացակարգ,- ասաց սպառողների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։- Փաստորեն, դատարանի նախագահն ընդունեց այն մեղադրանքները, որ առաջադրել էինք մեր դատավորին, եւ սա ենթադրում է նոր ընթացակարգ։ Նաեւ պետք է արձանագրել, որ դատարանը ժամանակ է փորձում շահել՝ մինչեւ ինչ-որ հստակեցումներ կլինեն։ Անվիճելի է այն, որ «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերություններն ապօրինաբար են եթերազրկվել, եւ մեր միջնորդություններում հստակ մատնանշված էին այդ ապօրինությունները։ Դատարանն այլ ելք չուներ՝ փակուղու մեջ էր հայտնվել»։ Սպառողների մյուս ներկայացուցիչ Աշոտ Բլեյանը դատավորի դեմ բացարկի բավարարումը դիտարկեց այլ տեսանկյունից. «Զուտ իրավական առումով՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի նախագահի այս որոշման հիմքն անօրինական է։ Քաղդատօրում նման հիմք չկա՝ «փարատելու համար դիմողների ներկայացուցիչների կասկածանքները դատավորի անաչառության վերաբերյալ»։ Նախ, մենք կասկածում ենք բոլո՛ր դատավորներին եւ առաջին հերթին՝ Ժորա Վարդանյանին։ Դատավորների անաչառության վերաբերյալ կասկածը հասարակությունում այսօր համատարած է։ Բայց մենք ընդհանուր կասկածը չենք դարձնում բացարկ հայտնելու հիմք։ Բացարկ ենք հայտնել գործը քննող դատավորին ոչ թե անորոշ կասկածների, այլ նրա անաչառության վերաբերյալ կասկած հարուցող փաստերի եւ հանգամանքների հիման վրա։ Եվ այդ փաստերը միայն ներքին համոզմունք չեն՝ դրանք հստակ շարադրված են բացարկ հայտնելու մեր միջնորդության մեջ։ Եթե դատարանի նախագահը բավարարեց այդ բացարկը, նշանակում է՝ նա ընդունեց այդ փաստերը»։ Ժորա Վարդանյանի որոշումը բողոքարկման ենթակա չէ, ուստի դրա հիմնավորման օրինականության շուրջ վեճերը փոքր-ինչ անիմաստ են։ Բացարկի բավարարման հետեւանքով առաջացած իրավիճակում Աշոտ Բլեյանը կարեւորեց մեկ այլ հանգամանք. «Պիտի նշանակվի նոր դատավոր եւ գործի քննությունը պիտի վերսկսվի։ Դատարանի նախագահը «գործի քննության վերսկսումը» հասկանում է այսպես՝ նոր որոշումներ եւ այլն, որոնք կարող են ձգվել ինչքան ասես։ Ժորա Վարդանյանին հանդիպեցինք Արտակ Զեյնալյանի հետ, եւ հարց տվեցի. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ մեր գործը պետք է քննվի եւ վճիռ կայացվի դիմումը դատարան մուտք անելուց հետո 2 ամսվա ընթացքում։ Իմ դիմումը մուտք է արվել մայիսի 20-ին, բացարկը հայտնվել է հուլիսի 23-ին։ Այսինքն, արդեն իսկ 2 ամիսն անցած է, բայց դատարանն իր իրավական պաշտպանության գործառույթը չի իրականացրել։ Ժորա Վարդանյանն ասում է. «Ես ի՞նչ անեմ»… Այս ամենից ելնելով՝ համոզված եմ, որ բացարկի բավարարումը սկզբունքորեն նախապատրաստված էր, եւ նրանք օգտվեցին ձգձգելու հնարավորությունից։ Ստացվեց այն, ինչ ստացվում էր իմ գործով դատաքննության ժամանակ՝ ես պայքարում եմ իմ ազատության համար, եւ այդ պայքարի յուրաքանչյուր օրը երկարացնում է իմ անազատությունը»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել