Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԻԱՐՇԱՎ ՉԵ՞Ն

Հուլիս 25,2002 00:00

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԻԱՐՇԱՎ ՉԵ՞Ն «Ձիարշավ են, իհարկե, բայց նաեւ ուրիշ բան են»,- ասում է Վազգեն Մանուկյանը Վազգեն Մանուկյանն ապրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայաստանում եւ ըստ նրա՝ մեծ երեւակայություն պետք չէ հասկանալու համար, թե ինչպիսին կլինի այն Հայաստանը, որը կստեղծվի, եթե նախագահական ընտրություններում առաջադրվի եւ հաղթի Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Իսկ ԱԺՄ վարկանիշը, ըստ ԱԺՄ նախագահի՝ պահպանվել է 1996-ի մակարդակում. «Ժողովրդի մի զգալի մասը չի էլ իմանում՝ տրոհում է եղել, դուրս են եկել մարդիկ։ Մի կարծեք, որ բոլորը տանը նստած մտածում են, թե էսինչ կուսակցության հետ ինչ եղավ-չեղավ։ Ամեն մարդու (այդ թվում՝ քաղաքական գործիչներին ու լրագրողներին.- Մ. Ե.) թվում է, թե ինքը տիեզերքի կենտրոնն է, եւ ժողովուրդը սոված-ծարավ նայում է, թե ինչ է կատարվում։ Չէ, այդպես չի»։ Մամուլի ազգային ակումբի հյուրը երեկ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն էր, որը լրագրողների հետ խոսեց ներքաղաքական իրողությունների եւ հնարավոր զարգացումների մասին։ «Ռոբերտ Քոչարյանին հակացուցված է պետություն ղեկավարելը։ Համոզել նրան, որ մի բան սխալ է անում, ճիշտ չէ, հիշեք, էդ մարդը ինքնասիրահարված մարդ է, ինքը համոզված է, ինչ որ անում է, ճիշտ է անում, անում է իր մակարդակի չափով»,- սա Վազգեն Մանուկյանի կարծիքն է գործող նախագահի մասին։ Քոչարյանը քաղաքական կյանքը փլուզելուց հետո սկսել է բանակի փլուզման գործընթացը. «Զինվորականներին իրար դեմ հանելը եւս համարում եմ հանցագործություն։ Վաղարշակ Հարությունյանին գեներալ-լեյտենանտի կոչումից զրկելը Վ. Հարությունյանի պրոբլեմը չի, Ռ. Քոչարյանի պրոբլեմն է»։ Կոչումից զրկելը պրն Մանուկյանը համարեց «հիստերիկ քայլ» եւ կոչ արեց փոքր հարցեր քննարկելու փոխարեն (ոստիկանի՝ պատգամավոր ծեծելը, կոչումներ տալն ու զրկելը, «ականջ քաշելը».- Մ. Ե.) զբաղվել հիմնահարցերով. «Առջեւում 2003 թիվն է, դրանից առաջ, իհարկե, տարբեր կուսակցություններ, քաղաքական գործիչներ կբանակցեն, ընտրությունների կմտնեն, բայց հասարակությունը կարոտ է գաղափարների հոսքի։ Այսինքն՝ բյուրեղացման կետեր Հայաստանում չկան»։ Ընտրությունների ժամանակ ավելի մեծ օգուտ կբերեին որոշակի գաղափարների եւ հոսանքների շուրջ կատարված համախմբումները։ ԱԺՄ-ն իրեն համարում է ինքնուրույն հոսանք եւ բնական դաշնակիցներ ունի ե՛ւ ազատական դաշտում, ե՛ւ ազգային դաշտում. «ԱԺՄ-ն կփորձի ինքնուրույն գնալ առաջ՝ ինչպես 96 թվին։ Շուրջը կուտակում տեղի կունենա, թե ոչ, համենայնդեպս, մենք դուռը բաց ենք թողնելու բոլորի համար եւ միշտ համաձայն ենք լինելու մեր ամբիցիաները նվազեցնել հանուն միասնական նպատակի»։ «Իսկ Վազգեն Մանուկյանը կառաջադրվի՞ նախագահական թեկնածու» հարցին այդպես էլ պատասխան չստացվեց։ Ասվեց միայն, որ 88-ից ի վեր Վազգեն Մանուկյանն ասում է, թե ինչպիսին է պատկերացնում Հայաստանի ապագան, եւ եթե հասարակությունն ընդունում է դա, ուրեմն Վազգեն Մանուկյանն իր վրա կվերցնի ցանկացած բեռ. «Իսկ եթե չի ընդունում, իմաստ էլ չունի պայքարել նախագահ դառնալու համար, եթե քո մտածելակերպը եւ հասարակության մտածելակերպը չեն համընկնում»։ Եթե Վազգեն Մանուկյանը հայտարարում է, թե ԱԺՄ-ն ինքնուրույն է առաջ գնալու, սա արդյո՞ք նշանակում է, որ կուսակցությունն այլեւս իրեն դուրս է դնում 13-ի ֆորմատից եւ չի մասնակցելու միասնական թեկնածուի ձեւավորմանը։ «13-ի մեջ մենք մասնակցում ենք եւ շարունակելու ենք մասնակցել։ Այս մասնակցությունը պայմանավորված է մի քանի խնդրով. սկսվեց «Ա1+»-ի փակման հարցով, որին ավելացան իմփիչմենթի պրոցեսները, այստեղ մենք մասնակից ենք։ 13 կուսակցությունները խոսում են իրենց մասին, թե միասնական թեկնածու պետք է առաջադրեն, բայց, անկեղծ ասած, 13 կուսակցություններն այդպիսի խնդիր դեռ իրենց առջեւ չեն դրել։ Մյուս կողմից էլ մի քիչ չափազանցված է մտածել, որ բանակցություններով կարող է լինել միասնական թեկնածու»։ Վազգեն Մանուկյանը խորհուրդ տվեց ընտրությունները չհամարել ձիարշավ. «Ձիարշավ են, իհարկե, բայց նաեւ ուրիշ բան են»։ Լրագրողների հարցին՝ առաջիկա ընտրություններում ո՞ր ուժերը կդառնան հաղթող՝ սոցիալիստակա՞ն, թե՞ ազատական, պրն Մանուկյանը պատասխանեց՝ ասելով, որ չի հասկանում, թե ովքեր են սոցիալիստները։ Եթե Դաշնակցությունը՝ ուրեմն, ըստ Վ. Մանուկյանի. «Դաշնակցությունը բոլոր ծայրահեղ նախագծերին կողմ է քվեարկել՝ ԲԷՑ-երի, օդանավակայանի եւ այլնի սեփականաշնորհմանը։ Ի՞նչ սոցիալիզմի մասին է խոսքը։ Հայաստանում ուրիշ հոսանքների պայքար է գնում, ո՛չ սոցիալիստական եւ ազատական»։ Այդ հոսանքներից մեկը, ըստ ԱԺՄ նախագահի, հետեւյալն է՝ «Եկեք գանք իշխանության, մեզ համար դինջ ապրենք, չխառնվենք աշխարհի անցուդարձին, ԱՄՆ-ին խաբենք, Ռուսաստանին խաբենք, ուտենք, մենք լավ ապրենք»։ Մյուս հոսանքն ուզում է «այս ժողովրդին եւ այս պետությանը դարձնել ժամանակակից, եւ սրա մեջ կլինեն ե՛ւ ազատական, ե՛ւ սոցիալիստական գաղափարներ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել