ԳՈՐԳԻ ԹԱՆԳԱՐԱՆ ԿՍՏԵՂԾՎԻ՞ «Առավոտում» տպագրվել էր հոդված՝ «Հայաստանին գորգի թանգարան պետք չէ» վերնագրով, ուր մշակույթի նախարարության թանգարանների բաժնի պետ Ա. Գալստյանը հիմնավորում էր, թե Հայաստանում առայժմ գորգի թանգարան ստեղծելու անհրաժեշտություն չկա։ Հրապարակումից հետո ստացվեցին բազմաթիվ արձագանքներ։ Խմբագրություն էր դիմել նաեւ Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, որը գորգի թանգարանի ստեղծման ակունքներում է դեռեւս 80-ականներից։ Նա գտնում է, որ յուրաքանչյուր ժողովուրդ կարող է հպարտանալ նման թանգարանի գոյությամբ, իսկ հայերը՝ առավել եւս, որովհետեւ «հնագիտական պեղումներից պարզվել է, որ գեղարվեստական գործվածքը գորգի տեսքով հայտնի էր դեռեւս ուրարտական ժամանակաշրջանում»։ Ըստ Լ. Բարսեղյանի, գորգերի վրա պահպանված շատ զարդանախշեր բնորոշ են մ.թ.ա. 3-րդ հազարամյակին։ Գունավոր խեցեղենի վրա եղած զարդանախշերը եւս կրկնվում են հայկական գորգերի վրա։ Ցեղասպանության թանգարանի տնօրենի կարծիքով, ոլորտի բարձիթողի վիճակից է գալիս այն, որ «Ղազախ» անունով հայկական գորգերը այսօր միջազգային շուկա են մտել «Կազակ» անվամբ, եւ դրանց վերագրվում է ադրբեջանական կամ թուրքական ծագում, այնինչ, ժամանակակից եւ 19-րդ դարի թուրքական գորգարվեստը կրում է հայկականի ազդեցությունը։ Լ. Բարսեղյանը վստահ է, որ գորգերի թանգարան կարելի է ստեղծել թեկուզ Երեւանից դուրս՝ ցանկացած շրջանում։ Եվ ամենեւին էլ նոր շենք կառուցելու ու ավելորդ ծախսերի խնդիր չկա. «Ցանկացած գյուղում կարելի է բացել գորգի թանգարան։ Ես այդպիսին պատկերացնում եմ Եղվարդում՝ եռահարկ մի շենքում, որը հետաքրքիր կենտրոն կարող է դառնալ հայկական գորգագործության համար»։ Ըստ նրա, ինչպես Եղվարդում գտնվող լքված եռահարկ շենքը, այնպես էլ Հայաստանի տարբեր շրջաններում եղած նախկին կուլտուրայի տները այսօր քարուքանդ են։ Եվ դրանց կարելի է նոր շունչ հաղորդել՝ նման ազգանպաստ նպատակների ծառայեցնելով։ Իսկ Ազգագրության թանգարանը, ըստ Բարսեղյանի, այնպիսի հարուստ շտեմարան է, որ նրանում եղած արժեքների հիմքի վրա կարելի է ստեղծել ոչ միայն գորգի, այլեւ ժամանակակից կիրառական-դեկորատիվ արվեստի, ապակեգործության եւ այլ թանգարաններ, այդպիսով միաժամանակ քայքայումից փրկելով Ազգագրության թանգարանի հարուստ հավաքածուն։ Գ. Հ.