ԼՈՊԵՍԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՀԱՂԹԵԼ Երեկ Տամպերե-Սիմֆերոպոլ-Երեւան չվերթով ֆուտբոլի Ֆինլանդիայի չեմպիոն «Տամպերե Յունայթեդ» ակումբը մեկ ժամ ուշացումով ժամանեց Հայաստանի մայրաքաղաք։ Այնպես որ, ֆինն ֆուտբոլիստներն «Անի պլազա» հյուրանոցում տեղավորվելուց անմիջապես հետո մեկնեցին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոն՝ նախապես նշանակված ժամին մարզվելու։ Իսկ մինչ այդ գլխավոր մարզիչներ Օսկար Լոպեսը («Փյունիկ»), Արի Հելմը («Տամպերե»), թիմերի ավագներ Վարդան Մինասյանը, Միկո Կալվենը եւ «Տամպերեի» մենեջեր Կուլեւի Սալոնենը հանդիպեցին լրագրողների հետ։ «Փյունիկի» գլխավոր մարզիչը տեղեկացրեց, որ իր թիմն այսօրվա խաղին լավ է նախապատրաստվել թե՛ ֆիզիկապես, թե՛ տակտիկապես, ֆուտբոլիստների մեջ վնասվածք ունեցողներ չկան։ Տղաները հանդիպմանը տրամադրված են մարտականորեն ու ձգտելու են հաղթանակի։ Խոսելով մրցակցի մասին՝ Լոպեսն ասաց, որ «Տամպերեն» լուրջ, դժվար մրցակից է, սակայն նրան առնչվող խնդիրն այսօր կսպառվի։ Բայց դրանից առաջ դեռ 90 րոպե կա անցկացնելու։ Ինչ վերաբերում է ՉԼ-ի հաջորդ փուլում Կիեւի «Դինամոյի» հետ խաղին, Լոպեսն ասաց, որ այդ մասին մտածելու եւ խոսելու ժամանակը կգա միայն «Փյունիկ»-«Տամպերե» այսօր կայանալիք հանդիպումից հետո։ Արգենտինացի մարզիչը նաեւ լրագրողներիս օգնությամբ հայ ֆուտբոլասերներին խոստացավ, որ «Փյունիկը» այսօր էլ չի փոխի իր խաղաոճը։ Իսկ «Առավոտի» մարզական մեկնաբանի այն հարցին, թե դա նշանակո՞ւմ է, արդյոք, որ տրիբունաներում տեղ զբաղեցնող ֆուտբոլի հայ երկրպագուները մարզական տոնահանդեսի, գեղեցիկ խաղի վկան կդառնան, Լոպեսը միանշանակ պատասխանեց. «Այո, քանի որ առաջին անգամ է հայկական ակումբային ֆուտբոլի համար եվրոգավաթների՝ ՉԼ-ի խաղարկության մեկնարկային փուլը հաղթահարելու իրական առիթ ներկայանում», եւ ինքն ու իր սաները դա ցանկանում են անել հենց հայ ֆուտբոլասերների աչքի առջեւ։ «Տամպերեի» գլխավոր մարզիչն իր հերթին դրվատանքի խոսքեր չխնայեց Հայաստանի չեմպիոնի հասցեին՝ ընդգծելով, որ «Փյունիկն» առաջին խաղում իր վրա լավ տպավորություն թողեց ու տարավ արժանի հաղթանակ։ Անցած մեկ շաբաթում «Տամպերեն» երկու դժվարին հանդիպում է անցկացրել Ֆինլանդիայի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում։ Չնայած, որ այսօր էլ իրենց շատ ծանր խաղ է սպասվում, բայց իրենք շատ կցանկանային գոնե վերադարձնել 0։4 հաշվի տեսքով պարտքը՝ վերջնական պատասխանը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։ Տողերիս հեղինակը, որ ներկա է եղել այս երկու ակումբների առաջին հանդիպմանը, Արի Հելմին հիշեցրեց Տամպերեում խաղից հետո ասուլիսում նրա այն հայտարարությունը, թե Երեւանում իրենք կհաղթեն 5։0 հաշվով եւ մեկ անգամ էլ փորձեց ճշտել, թե նա իրո՞ք հավատում է դրան։ «Չեմ հիշում, թե այդպիսի բան ասել եմ, բայց խաղալու ու ձգտելու ենք դրան»,- եղավ պատասխանը։ Հելմը տեղեկացրեց, որ ի տարբերություն «Փյունիկի», որը խաղադաշտ է մտնելու իր մարտական կազմով (այդպես ասաց Լոպեսը), իր թիմում, անշուշտ, փոփոխություններ լինելու են։ Ինչեւէ, «Փյունիկի» հաղթանակն արտագնա խաղում մեծ ոգեւորություն է առաջացրել Հայաստանում։ Սպասվում է, որ այսօր «Հանրապետականը», ինչպես երբեք, մարդաշատ կլինի։ Ոգեւորենք Հայաստանի չեմպիոնին ու մեր ֆուտբոլիստներից ակնկալենք նոր գեղեցիկ հաղթանակ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ