Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնական ու պետական շահերի կոկտեյլ

Հուլիս 24,2002 00:00

Անձնական ու պետական շահերի կոկտեյլ Բանավեճը ճշմարտություն ծնելուց հեռու էր «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» միությունը երեկ կազմակերպել էր կլոր սեղան «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» շարքի հերթական թեմայով։ Բանավեճը հետաքրքիր էր, բայց ճշմարտություն ծնելուց շատ հեռու։ Այս անգամ կլոր սեղանի հյուրերը փորձում էին բացահայտել հայ հասարակության եւ Հայ առաքելական եկեղեցու դերը կրոնական հանդուրժողականության երկու՝ Արեւելք-Արեւմուտք մոդելների միջեւ։ Բանախոսը՝ մշակութաբան Վարդան Ջալոյանը, միջնադարի հայ աստվածաբաններից մի քանիսի մտքերով ներկայացրեց այն լիբերալ մոտեցումը, որ դրսեւորվել է կրոնական տարբեր ուղղությունների հանդեպ առանց թշնամանքի, ինչը չես ասի այսօրվա մասին։ «Նույնիսկ ազգայնական գաղափարախոս Րաֆֆին կողմնակից էր նրան, որ ազգի մեջ կարող են լինել նաեւ մուսուլման հայեր, եւ դրանից ազգի միավորման ոչ մի եզր չի խախտվում»,- հաղորդեց զեկուցողը, զարմանալով, որ մենք ընդունում ենք աթեիստ հայերին, բայց եհովականներին՝ ոչ, չնայած վերջիններս գոնե թե հավատացյալ են։ Նույն տրամաբանական զարմանքով նշվեց, որ հայերս դարավոր համերաշխություն ենք դրսեւորում եզդիների նկատմամբ, թեպետ նրանք պաշտում են սատանային։ Այս խճճված զարմանքների հիմքում հռետորը եկավ մի եզրահանգման. սխալ է տարանջատել հային հայից այն պատճառով, որ նա չի դավանում միայն Առաքելական եկեղեցուն։ «Պետք է գտնել կամ ստեղծել հաղորդակցության հարմար մի միջավայր, որպեսզի հասարակությունը կարողանա ընդհանրության եզրեր գտնել տարբեր կրոնների դավանող շերտերի միջեւ»,- եզրափակեց մշակութաբանը։ Ինչպե՞ս է պատկերացնում այդ միջավայրն իր ձեւով ու կառուցվածքով, պատասխան չունի ոչ միայն Վ. Ջալոյանը, այլեւ մյուս մասնակիցները, բացի, թերեւս, եհովականների դատական գործերի «մեծ» պաշտպան, կլոր սեղանին մասնակից մի փաստաբանից։ Ըստ նրա, պետք է հաղորդակցության բոլոր միջոցներով (այդ թվում եւ՝ եհովականներին) հնարավորություն տալ ինքնարտահայտվելու, եւ թող ժողովուրդը որոշի՝ ում հետեւից գնալ։ Հաջորդ հռետորը (կոնֆլիկտոլոգ Դմիտրի Մարտիրոսյան) իր իմացության սահմաններում ներկայացրեց այն արժեքային համակարգը, որն ընկած է հանդուրժողականության եւ անհանդուրժողականության հիմքում ընդհանրապես, կրոնականի դեպքում՝ մասնավորապես։ Նրա տեսանկյունով «մարդը ծնվում է ազատ, ժառանգում ազգային իր պատկանելությունը, բայց նա իրավունք ունի հոգեւոր եւ կրոնական ազատության»։ Շարունակելով նույն ոգով, նա նշեց, որ մեր եւ հաջորդ սերունդները պետք է ձերբազատվեն նախորդ հասարակարգի տոտալիտարիզմից եւ ավելի ազատ մտածեն։ Ի հակադրություն (գուցե եւ՝ համաձայնությո՞ւն) ասվածի, կոնֆլիկտոլոգը նաեւ դեմ է, օրինակ, որ Եվրոպան ընդունել է արժեքների մի համակարգ եւ հրամցնում է տարբեր մշակույթներով ու արժեքներով ապրող ազգերին, անկախ նրանից, թե պատրա՞ստ է այդ ժողովուրդը հարմարվել-ընդունել նոր արժեքները, թե՞ ոչ։ Ինչպես հասկացանք, այս բանախոսը նույնպես (ինչպես եւ նախորդը) առաջարկում էր ձեւավորել երկրի պատմությանը, մշակույթին ու կենցաղին հարիր արժեքների մի «տրցակ», ձերբազատվելով միայն «խանգարիչ» պահպանողականից։ Այստեղ չկարողացավ դիմանալ պահպանողականների առաջնորդ Միքայել Հայրապետյանը. «պատասխանեք մի հարցիս, երբ ես եւ մյուսները մտածում ու գործում ենք պետության կայացման ու զարգացման ուղղությամբ, եհովականները քարոզում եւ անում են հակառակը, ես կարող եմ ասել՝ նրանք գողանում են իմ տան լույսը, ուրեմն ես չպե՞տք է պաշտպանեմ իմ՝ քաղաքացու իրավունքները, եւ ինչպե՞ս»։ Մի քանի մասնակիցներից (եւ բանախոսից՝ նույնպես) ստանալով իսկը եհովականի սրտով պատասխաններ, Մ. Հայրապետյանը որոշեց, որ իր հարցի բուն էությունը մնաց անհասանելի ու անհասկանալի՝ կլոր սեղանակիցների համար եւ չշարունակեց վեճը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել