Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ

Հուլիս 24,2002 00:00

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ «Ցավում եմ, որ Թաթուլ Ալթունյանի հոբելյանի օրը ներկա չէր պետությունը՝ նախագահը, կաթողիկոսը։ Չէր բարեհաճել գալ նաեւ մշակույթի նախարարը, ինչը մեծ անտարբերություն եմ համարում։ Այդպես կարող են չգնալ նաեւ Հրաչյա Ներսիսյանի, Աճառյանի կամ մյուսների հոբելյանին»,- ասում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կվարտետի ամբիոնի վարիչ Ռուբեն Ալթունյանը։ Նրա կարծիքով, մեր երկրում բացակայում է պետական մոտեցումը արվեստագետների նկատմամբ, այն դեպքում, երբ վերջիններս կարող են մեծ լիցք ստանալ եւ երեխայի պես ոգեւորվել չնչին ուշադրությունից։ Նա հատկապես հիշեց այն դեպքը, երբ «Դեմիրճյան» մշակութային կենտրոնում նախագահը, կաթողիկոսը, կառավարության անդամները եւ սփյուռքահայության ներկայացուցիչներ իրենց ներկայությամբ պատվել էին Արա Գեւորգյանի համերգը. «Երեւի դա էլ բիզնես է, մաֆիա, բայց հենց այդ աստղերն են փչացնում մեր արվեստը»։ Ռ. Ալթունյանի կարծիքով, նման քայլերով պաշտոնյաները նախ իրենց են վարկաբեկում, ընկնում ժողովրդի աչքից, իսկ հայ մշակույթի երախտավորների հոբելյանների առիթով հավաքվածները, ազդված նրանց անտարբերությունից, ավելի են բռունցքվում ու ավելի արժեւորում հայ մեծերին։ Ըստ Ռ. Ալթունյանի, այսօր տիրում է մի վիճակ, որի պատճառով մեծերը չեն գնահատվում, քանի որ պետականորեն նրանց արժեքը չեն գիտակցում. «Օրինակ, չի բացառվում, որ կոնսերվատորիայի ուսանողները Տիգրան Մանսուրյանի կողքով անցնեն, հրեն ու առաջինը մտնեն վերելակ։ Կամ, հնարավոր է, խմբավարը մտնի խմբավարական բաժնի դասարան, ուր կախված է Թաթուլ Ալթունյանի մեծ դիմանկարը ու շատ հանգիստ համոզվի, որ ներկաներից ոչ մեկը չի էլ ճանաչում թիվ 1 խմբավարին»։ Ռ. Ալթունյանը վստահ է, որ ինչպես շատ բուհեր, այնպես էլ կոնսերվատորիա են սողոսկում մարդիկ, ովքեր իրավունք չունեն սովորելու. «Հստակ երեւում է, որ 20-25 հոգանոց դասարանից միայն 7 հոգին երաժիշտ կդառնա։ Երբեմն էլ այնպես է պատահում, որ այդ անտաղանդներից ոմանք մտնում են թատրոն կամ երաժշտական կյանք, ու մեկ էլ տեսնում ես, որ ջութակի կոնցերտ են նվագում սիմֆոնիկ օրկեստրի հետ»։ Ռ. Ալթունյանին անհանգստացնում է մերօրյա ռաբիս երգիչներին մեծ տեղ տալը, մինչդեռ խորհրդային տարիներին նրանք մուտք չունեին օպերայի կամ մարզահամերգային համալիրի դահլիճ, լավագույն դեպքում՝ 1-2 երգով ելույթ էին ունենում «Ոսկե աշունների» ժամանակ, այն էլ, ամենաշատը հանրապետական մարզադաշտում։ Ըստ նրա, ինչպես թատրոնը Աճեմյանից հետո անկում ապրեց, այնպես էլ Ալթունյանից հետո հոգեվարք է ապրում երգի-պարի անսամբլը. այն չունի իր նախկին փառքը, որովհետեւ ծնողները խորթացել են։ Իսկ խորհրդային տարիներին, ըստ Ռ. Ալթունյանի, այն Հայաստանի խորհրդանիշ էր, ինչպես, ասենք, հայկական կոնյակը։ Իբրեւ մասնագետ, Ռ. Ալթունյանը մտահոգված է նաեւ ժողովրդական երգի մերօրյա մշակումներով. «Տեր ու տիրական չունենք։ Դրա համար էլ հայկական երգից ջազ են սարքում, ջազային ակորդների մեջ դնում խղճուկ, մինուճար, դարերի խորքից եկած, արդեն մշակված ու կլոր քար դարձած երգը։ Իսկ հայկական հեռուստատեսությունն ու ռադիոն պրոպագանդում են անգլերեն երգող աղջիկներին կամ հիմքում անգլերեն, բայց «հայերեն» հրամցված՝ վինեգրեդ, կոնգլոմերատ հիշեցնող ինչ-որ երգ։ Հետո էլ պատճառաբանում են, թե նորովի են մտածում, այն դեպքում, երբ Ալթունյանից նորովի ոչ մեկը չի մտածել»։ Ժողովրդական երգի հետ աշխատելու ալթունյանական սկզբունքը այն արցունքի կաթիլի պես անաղարտ պահելն էր ու նրա բնօրինակին երկյուղածությամբ եւ պատկառանքով վերաբերվելը։ Մի բան, որ կոպտորեն ոտնահարվում է այսօր։ Ռուբեն Ալթունյանը փորձում է քայլել հոր՝ Թաթուլ Ալթունյանի բացած արահետով, ինչի փայլուն արտահայտությունն են շուրջ 180 երգերի մշակումները եւ նրա լավագույն ստեղծագործությունները՝ «Թափուր անդաստանը»՝ գրված դուդուկի, զուռնայի եւ կամերային նվագախմբի համար, «Անտունին»՝ քամանչայի եւ կամերային նվագախմբի համար, ժողովրդական երգերի շարանը՝ շվիի համար եւ այլն։ Ըստ Ռ. Ալթունյանի, այդպիսով ժողովրդական գործիքները գտել են իրենց տեղը նոր տեսակի մեջ, իսկ ինքը առաջնորդվում է հորից ժառանգած սկզբունքներով՝ չաղավաղել երգը, չաղավաղել գործիքը, որ «սուտ քամանչա, սուտ դուդուկ չլինի, իսկ գործիքներն ու մեղեդին նոր շունչ ստանան՝ նոր գույների մեջ»։ Այժմ Ռ. Ալթունյանը աշխատում է Ա. Խաչատրյանի երեք բալետների վրա. փորձում է սիմֆոնիկ պարտիտուրը հարմարեցնել կամերային կազմին։ Եվ այնպես է վերաբերում Խաչատրյանի երաժշտությանը, որ նոտա անգամ չկորչի։ Օպերային թատրոնի գլխավոր տնօրեն Գեղամ Գրիգորյանի հետ էլ պայմանագիր ունի։ Գրում է «Հազարան բլբուլ» բալետը, կարծում է, որ գույները կլինեն գեղեցիկ, ոչ շաբլոն. «Մաքսիմ Մարտիրոսյանի հետ աշխատում եմ այդ գործի վրա։ Չեմ որոշել՝ այն կլինի մանկակա՞ն բալետ, թե՞ մեծահասակների համար։ Օրական 10-15 ժամ աշխատում եմ՝ զգալով միայն հաճելի հոգնություն,- ասում է Ռ. Ալթունյանը։- Եվ կարեւորն այն է, որ անջատված եմ քաղաքականությունից ու դաշնամուրը չի թողնում, որ խառնվեմ այդ ցեխին»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել