Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես երջանիկ եմ, որ մանկատանն եմ մեծացել»

Հուլիս 24,2002 00:00

«Ես երջանիկ եմ, որ մանկատանն եմ մեծացել» Երեւանի գողտրիկ վայրերից մեկում՝ Քանաքեռի ձորում է գտնվում թիվ 11 գիշերօթիկ դպրոցը։ Այստեղ վերջերս մանկատան սաները նշում էին իրենց 60-ամյա հոբելյանը։ Հավաքվել էին այսօր արդեն տարիքով մարդիկ, որոնք իրենց մանկատան պատերի մեջ դարձել էին կատարյալ երեխաներ։ Ճիշտ է, մանկատան տարիներից մինչ այսօր շատ բան է փոխված շենքում եւ տարածքում, բայց սաների համար այդ վայրը համարվում է հարազատ, հայրական օջախ։ 1940-ական թվականների «Ստալինյան ռեպրեսիայի զոհ դարձած ծնողազուրկ երեխաներն են եղել մանկատան, իսկ ավելի ճիշտ՝ մանկքաղաքի առաջին բնակիչները։ Հավաքվածների մեջ երեք քույրեր կային, որոնք պատմեցին, թե ինչպես գիշերով, առանց պատճառի, սկզբից ձերբակալել են իրենց հորը, իսկ քիչ անց, նույն գիշերը՝ նաեւ մորը։ Հետո ինչ-որ մարդիկ եկել եւ երեք քույրերին տարել են Կոնդում գտնվող ծնողազուրկ երեխաների ընդունարան, այնուհետեւ՝ Քանաքեռի մանկքաղաք։ Քույրերը մանկքաղաքում անց են կացրել 4 տարի, մինչ նրանց մայրը եկել-գտել է երեխաներին։ Բայց մանկքաղաքում անցկացրած տարիներին նրանք շատ երջանիկ են եղել՝ փայփայված ու գուրգուրված իրենց դաստիարակ-ուսուցիչների կողմից։ Այնուհետեւ մանկքաղաքի բնակիչ են դարձել Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծնողազրկված տարբեր ազգությունների երեխաներ։ Մի կին պատմում էր, որ ինքը չգիտի, թե ով է ազգությամբ։ Միայն հիշում է, որ իրեն ինչ-որ տեղից շատ երկար ճանապարհով բերել են Քանաքեռի մանկքաղաք, որի «Կոտայք» կենտրոնում, ելնելով նրա մտավոր եւ ֆիզիկական ունակություններից ու կարողություններից, որոշել են տարիքը եւ տվել հայի ազգանուն։ Այդ կինը իրեն համարում է երջանիկ, որ մեծացել է մանկքաղաքում եւ հպարտ է, որ հայ է։ Հետո մի կին էլ պատմեց, որ մանկատանը գտնվելու տարիներին իրեն սիրահարված է եղել մանկքաղաքի դաստիարակ-ուսուցիչներ Լյուսյա եւ Սերգեյ Խաչատրյանների միակ որդին։ Նրանց թաքուն ու փոխադարձ սերը պսակվել է ամուսնությամբ։ Նրանց ամուսնությունից քիչ անց Լյուսյան եւ Սերգեյը որդեգրել են մանկքաղաքի մի սանուհու եւ դարձել մեծ ընտանիք։ Այսօրինակ եւ ճակատագրի հետաքրքիր պատմություններ շատ են եղել մանկքաղաքում՝ մեծ ու լուսավոր ընտանիքում։ Այնուհետեւ սաները հոբելյանի ուրախությունը շարունակեցին ավանդական խորովածի սեղանի շուրջ։ Հիշեցին իրենց առաջին տնօրեն, բոլորի հայր-ուսուցիչ, քաղաքում հայտնի «Խուժան» մականունով Արշոյին։ Այս մականունը ընկեր Արշոն ձեռք էր բերել, որովհետեւ իր սաներին երջանիկ եւ ապահով պահելու համար կարող էր նույնիսկ խուժանություն անել։ Սաները հիշեցին իրենց բոլոր ուսուցիչներին եւ շատ ուրախալի էր, որ նրանց հետ հոբելյանին մասնակցում էր իմաստուն աչքերով, տարիքն առած մանկքաղաքի մանկավարժ Սերգեյ Հովհաննիսյանը։ Ողջ երեկոյի ընթացքում նրա աչքերը թաց էին ուրախությունից։ Իսկ նրա սաների աչքերը երջանիկ մանկության կնիք ունեն։ Մանկքաղաքի կենսագրությունը տեւել է 1941 թվականից մինչ 1958 թվականը։ Հետո քանդվել է մանկատան շենքը եւ քիչ հեռու, բայց նույն վայրում կառուցվել է գիշերօթիկ թիվ 11 դպրոցը։ Դպրոցի վերջին երեք տարիների տնօրենն է Պողոս Գրիգորյանը, որը իր նկարագրով շատ նման է ընկեր Արշոյին։ Ճիշտ է, նա դեռ որպես գիշերօթիկի տնօրեն մականուն չունի, բայց նա էլ հանուն իր սաների պատրաստ է զոհաբերությունների։ Երեք տարիների ընթացքում արվել եւ արվում է ամեն հնարավորն ու անհնարինը։ Գիշերօթիկի սաները ապրում են բարեկեցիկ պայմաններում, ուսում են ստանում եւ կրթվում հոգատար եւ նվիրյալ մանկավարժների կողմից։ Իսկ ամենակարեւորը, ի պատիվ տնօրեն Պողոս Գրիգորյանի, գիշերօթիկում պահպանվում են մանկքաղաքի շունչն ու ավանդույթները։ Մոտ ժամանակներում դպրոցում ստեղծվելու է մանկքաղաքին նվիրված անկյուն, որը հավանաբար կունենա «Ես երջանիկ եմ, որ մանկատուն-մանկքաղաքում եմ մեծացել» խորագիրը։ ԱՐՄԻՆԵ ՐԱՖՖԻ-ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել