ՊԱՀՈՒՄ ԵՆ, ՈՐ ՉԽՈՍԻ Այս տարվա հունվարի 12-ին Արթուր Այվազյանը դուրս գալով Մամուլի տան 15-րդ հարկից (եկել էր «Առավոտ»), ձերբակալվեց Կենտրոնի ՆԳ բաժնի կողմից։ Այնտեղից նրան փոխադրեցին Նուբարաշենի թիվ 1 մեկուսարան, 1 ամիս հետո՝ ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարան։ Արթուր Այվազյանը («Մանախ» մականունով) երեկ հացադուլ է հայտարարել։ Պահանջները երկուսն են. նա բացարկ է հայտնում ՀԿԳ քննիչ Հակոբ Ղարախանյանին (ի դեպ, այդ քրգործով 3-րդ քննիչն է) եւ պահանջում է նաեւ լրագրողներ, քանի որ ունի ասելիք («կարեւոր ինֆորմացիա») հանրությանը ներկայացնելու համար։ Իմիջիայլոց, «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, թույլատրվում է նրանց տեսակցությունը մերձավոր ազգականների, իսկ «կալանավորված անձանց նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ…» (հոդված 15)։ Եվ միայն քննության շահերից ելնելով կարող է արգելվել այդ՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ։ Սակայն արգելելը այս դեպքում եղել է բանավոր… Ազատամարտի եւ կանանց վետերանների միության նախագահ Միհրան Մովսիսյանի նախկին թիկնապահը մեղադրվում է այս պահին ապօրինի զենք պահելու մեջ, մինչդեռ կալանքի տակ էր վերցվել Սամվել Առաքելյանի սպանության համար (Մ. Մովսիսյանի զինակցի)։ Փաստորեն, մեղադրական եզրակացությունը հաստատված չէ եւ գործն ուղարկվել է նոր քննության։ Ա. Այվազյանի մայրը՝ Նինա Շահբազյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը թերթերում հայտնել է, որ իրեն խաբել են եւ որդու հետ տեսակցություն չեն թույլատրում, մինչդեռ ԶԼՄ-ները գրում են, թե խաբել են կեղծ ցուցմունքներ ստանալու նպատակով։ Այս հուլիսի 17-ին որոշում է եղել 2 ամսով Ա. Այվազյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին, ինչի մասին Այվազյանին տեղյակ է պահվում հուլիսի 18-ին։ Մինչդեռ հուլիսի 16-ին ԶԼՄ-ներում արդեն կար ինֆորմացիա կալանքի ժամկետը երկարացնելու մասին։ «Տղայիս մոտ արգելում են, որ որեւէ լրագրող մտնի։ Քննիչները հավանաբար չեն ուզում, որ այս փուլում նրա տված կարեւոր տեղեկությունները հանրության ուշադրության կենտրոնում լինեն»,-գտնում է Ն. Շահբազյանը։ Ա. Այվազյանի պաշտպանությունն ստանձնել է փաստաբան Հայկ Ալումյանը։ Մեր տեղեկություններով, փաստաբանը պատրաստվում է դիմել դատարան՝ ինքնիրավչության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով։ Ինքնիրավչությունը գործել է…Անդրանիկ Միրզոյանը, որը ստորագրել է կալանքը 2 ամսով երկարացնելու մասին որոշման տակ։ «Խնդրում եմ ձեզ, որպես 4-րդ իշխանություն, միջամտեք, որպեսզի պաշտպանեմ ոչ միայն տղայիս, այլեւ իմ իրավունքները։ Տղայիս անօրինական փաստերով ձերբակալելու պատճառով հունվարի 22-ից 6-7 օր շարունակ նա գտնվել է հացադուլի մեջ։ Քանի որ որդիս, որոշ ղեկավարների, քաղաքական շահարկումների, նրանց անձնական հարցերը լուծելու միջոց չի դառնում, քրգործ են սարքում»։ Ա. Այվազյանի հայրը՝ Աշոտ Այվազյանը որպես բողոքի ձեւ խոստանում է նախագահի նստավայրի մոտ հրկիզել իրեն, եթե «չհայտնաբերվեն սպանության իսկական մասնակցողները, իմ տղան ազատ չարձակվի»։ Երեկ ՀՀ գլխավոր դատախազին հանդիպելու ցանկությամբ դատախազություն էր գնացել Ա. Այվազյանի մայրը։ Չեն թույլատրել։ Մինչդեռ նա պետք է հայտներ, որ տղան տառապում է ենթաստամոքսային գեղձի հիվանդությամբ։ Իսկ նշանակված դեղերն էլ արժեն բավական թանկ։ Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք առաջիկայում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ