Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախեցին խեղդված է հիմնախնդիրներից

Հուլիս 24,2002 00:00

Ջավախեցին խեղդված է հիմնախնդիրներից Սոցիալ-տնտեսական բեռի տակ կքած ջավախեցու հիմնախնդիրները սկսում են Ջավախքը Հայաստանի հետ կապող ավտոճանապարհից: Իսկ դրանց «հանդիսավոր» եւ «պաշտոնական» մասն ապահովում է Շիրակի տարածաշրջանի Բավրայի մաքսային կետը՝ ռուսական պետհամարանիշ կրող մեքենաների վարորդներից գանձելով 21 հազար դրամ տուրք։ Իսկ Ջավախքում բնակվող հայերի ավտոմեքենաների մեծ մասը ռուսական պետհամարանիշերով են։ Վիրահայերն անհանգստացած էին, որ մի քանի օր առաջ տվյալ մաքսակետում հարկային այդ համակարգը չի գործել։ Սակայն մաքսատան աշխատակիցներից տեղեկացանք, որ հարկային օրենքում փոփոխություն է եղել եւ, կառավարության որոշման համաձայն, մոտ 20 օր է, ինչ նշյալ գանձումներն իրականացվում են։ Ջավախքի վարորդներին մտահոգում էր նաեւ այն փաստը, որ Հայաստանից դուրս գալիս վճարում են 6500 դրամ, նույնիսկ եթե ոչ առեւտրային նպատակներով ես հայրենիք մեկնում։ Չնայած, որ օրերս Երեւանից Ջավախք ժամանած պատվիրակության այցի նպատակը «Երեւանի մշակութային օրեր» միջոցառումն էր Ջավախքում, ինչպես նաեւ որոշ գյուղերում մեր ղեկավարների ուժերով վերանորոգված կրթօջախներ այցելելը, այնուամենայնիվ, տեղացիներին ակնհայտորեն քիչ էր հետաքրքրում։ Երբ ճանապարհիդ հանդիպած ջավախեցուն հարցնում էիր, թե ո՞նց է ապրում՝ էլեկտրաէներգիայի բացակայության, անբարեկարգ ճանապարհների, ինչպես նաեւ՝ բազմաթիվ կենցաղային խնդիրներ էր առաջ քաշում։ Մեծ Արագյալ գյուղի բնակիչ Էմմա Աստոյանի պատմելով՝ գյուղացիների մեծ մասը մեկնել է ռուսաստաններում բախտ որոնելու, քանի որ իրենց մոտ ոչ անասնապահության ճյուղն է զարգացած, ոչ ջրամատակարարման (խմելու, ոռոգման) հարցն է լուծված, որ գոնե կարտոֆիլ աճեցնեն, ոչ էլ եղանակն է բարենպաստ. «Ճանապարհները նույնպես վերանորոգված չեն, չենք կարողանում մեր պակաս-պռատը գոնե հայրենիքից ներկրել»։ Բնակիչներից տեղեկացանք նաեւ, որ բացի գյուղի ուսուցիչներից, ոչ ոք աշխատանք չունի։ Պարզվեց, Աստոյաններինը գյուղի միակ «հարուստ» ընտանիքն էր։ Ի տարբերություն համագյուղացիների, նրանք մի քանի ծառ ունեին։ Նույնն էր վիճակը նաեւ Ջավախքի այլ գյուղերում։ Տեղի սննդի շուկայում շրջելիս նկատեցինք, որ հայկական ապրանքները բացակայում են։ Փոխարենը վաճառասեղանները հագեցած էին ռուսական, թուրքական, տեղ-տեղ էլ՝ վրացական ապրանքատեսակներով։ «Վրաստան» հայկական թերթի խմբագրին մտահոգում էր նշյալ մաքսակետում բարձր չափերի հասնող ճանապարհատուրքը։ Ըստ նրա, դրանից խիստ տուժում է նաեւ վիրահայ մտավորականությունը։ Ինչպես տեղեկացանք, Ախալքալաքում սուր դրված մի խնդիր էլ կար։ Այն վերաբերում է վերջերս արծարծվող ռուսական զորքը Վրաստանից դուրս բերելուն։ Բացի քաղաքական հոռետեսական տրամադրություններ առաջ բերելուց, նշյալ փաստը կհանգեցնի շատ ախալքալաքցիների սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը, քանի որ ռուսական ռազմակայանում, ռուս զինվորականներից բացի, շատ տեղացիներ էլ են աշխատում։ Եվ, նրանց խոսքերով, ախալքալաքցիների մեծ մասն այդ գումարներով է ապրում։ Այս առիթով Սամցխե-Ջավախեթիի գավառապետ Թեյմուրազ Մովսիաշվիլին հավատացրեց. «Այդ հարցին Վրաստանի ղեկավարությունը լուրջ է մոտենում։ Կարծում եմ, որ խնդիրը կլուծվի փուլային տարբերակով եւ շտապ որոշումներ չեն կայացվի։ Նախ միջոցներ կձեռնարկվեն աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ։ Հավատացնում եմ, որ դա մեկ օրում չի լինի։ Այստեղ կբերվեն վրացական զորամասեր»։ Իսկ այն հարցին, թե արդյոք զորամասերում հայեր կաշխատե՞ն, պարոն Մովսիաշվիլին պատասխանեց՝ անպայման։ Գավառապետը նաեւ հավաստեց, որ կարեւորում է ճանապարհների, մասնավորապես՝ Ջավախքի ավտոճանապարհների, բարեկարգումը։ «Ցավոք, ինչպես դուք, մենք չունենք այնպիսի հայրենակիցներ (նկատի ունի Քըրք Քըրքորյանին- Լ. Բ.), որ մեզ գումարներ տրամադրեն։ Ինչպես գիտեք, Վրաստանում նույնպես ծանր տնտեսական դրություն է եւ պետք է նշեմ, որ այս տարի կհետաձգվեն վերանորոգման աշխատանքները»,- ասաց նա։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել