Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՉԻ ՄԵՌՆԻ, ԹԵԵՎ ՍԱԱԴԱԹԸ ՄԵԿՆՈՒՄ Է

Հուլիս 24,2002 00:00

ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՉԻ ՄԵՌՆԻ, ԹԵԵՎ ՍԱԱԴԱԹԸ ՄԵԿՆՈՒՄ Է «Չորս տարի առաջ, երբ ես նշանակվեցի, չգիտեի անգամ, թե որտեղ է Հայաստանը։ Այժմ չեմ ուզում մոռանալ Հայաստանի տեղը»,- Հայաստանում իր առաքելության վերջին ասուլիսում հայտարարեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Օուեյս Սաադաթը։ Այս շաբաթ նա կմեկնի նոր նշանակության վայր՝ Ալմա Աթա։ Պրն Սաադաթը, ինչպես միշտ, գովեստներ շռայլեց հայաստանյան ԶԼՄ-ների հասցեին, սակայն, ի տարբերություն ամեն անգամվա, երեկ շա՜տ ավելի շռայլ էր. «Ես հիացած եմ խոսքի այն ազատությամբ եւ այն դերակատարմամբ, որ ԶԼՄ-ներն ունեն Հայաստանում»։ Սրտաճմլիկ պատկեր ստացվեց պրն Սաադաթի պատմությունից, թե ինչպես է ամեն առավոտ ինքը կարդում այն ամենը (իհարկե, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանի ընտրությամբ), ինչ մենք գիշերները գրում ենք։ Ավելին՝ նա ամբողջ օրը մտապահում է մեր գրածը։ Իր պաշտոնավարման նվաճումներն անգամ լրագրողների աջակցությանը վերագրեց։ Դրանց մասին խոսելիս պրն Սաադաթը կեղծ համեստություն չդրսեւորեց, առանց կոմպլեքսների թվարկեց դրանք։ Առաջինն այդ շարքում նշվեց «գործընկեր» հասկացության փոփոխությունը. որպես այդպիսին այժմ ընկալվում է ոչ միայն կառավարությունը, այլեւ «քաղաքացիական հասարակությունը, ԶԼՄ-ները, գիտնականները»։ Հենց Օ. Սաադաթն է «բացել» ՀՀ-ում ՀԲ գրասենյակի «պատուհանները»՝ թարմ գաղափարներ ներս թողնելու համար։ Այդ «պատուհանները բացվել են» այն բանից հետո, երբ Օ. Սաադաթի օրոք գրասենյակի չորս հոգիանոց անձնակազմն ընդլայնվել է մինչեւ 25 մարդ։ Եվ եթե նրան չփոխարինեն էլ, պարոնը վստահ է, որ «գրասենյակը կշարունակի աշխատել»։ 1998թ. հունիսից՝ Օ. Սաադաթի պաշտոնավարման սկզբից ՀԲ Տնօրենների խորհրդի կողմից հաստատվել է 250 մլն դոլար ընդհանուր արժեքով 13 ծրագիր, ավարտվել է 8-ը՝ 245 մլն ընդհանուր գումարով։ Դրանցից տնօրենը հպարտ է հատկապես 3-4 ծրագրով։ Առաջինը Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագիրն է։ Հպարտության մյուս աղբյուրներից է կրթական ծրագիրը, որի իրականացման արդյունքում ոչ միայն հայաստանցի դպրոցականներն ապահովվել են դասագրքերով, այլեւ դրանց վարձակալությունից 1500 դպրոցների կատարած ներդրումների շնորհիվ ձեւավորվել է շրջանառու հիմնադրամ, եւ հիմա դասագրքերի տպագրության համար Հայաստանն այլեւս վարկի կարիք չի ունենա։ Ոռոգման ենթակառուցվածքներում լուրջ ներդրումները եւ դատաիրավական բարեփոխումների ծրագիրը եւս իրենց բաժինն ունեն այդ հպարտության մեջ։ Պրն Սաադաթը վստահ է, որ ՀԲ հայաստանյան գործունեության մասին առաջիկա անանուն հարցումները կառավարությունում, ԱԺ-ում, քաղաքացիական հասարակությունում, ԶԼՄ-ներում դրական պատասխան են ունենալու։ «Մենք կատարյալ չենք, բայց լավագույնն ենք»,- սրա պատճառներից պրն Սաադաթը նշեց այն, որ իրենք (ՀԲ-ն) ժողովրդին ավելի շատ են լսում։ Պրն տնօրենի պատկերավոր խոսքի գագաթնակետն այստեղ բերված համեմատությունն էր. «Մենք կառավարության հետ տանգո չենք պարում, այլ հայկական պարը՝ քոչարին, որտեղ, եթե նույնիսկ մարդ է դուրս գալիս, միեւնույն է, շարքում բոլորը հավասար են»։ ՀԲ ծրագրերից եւ ոչ մեկը պրն Սաադաթը անհաջող չանվանեց. դրանք լինում են կամ հաջող, կամ բավարար։ Ըստ տնօրենի, ավելի լավ կարող էին նախագծված լինել ՍԱԿ-2-ը եւ 3-ը, որոնցով սեփականաշնորհման դրվել էին չափից ավելի շատ ընկերություններ։ Դրանք բոլորը սեփականաշնորհվել են, «բայց արդյո՞ք բոլորն են գործում»: Մենք չէ, պրն Սաադաթն է հարցնում։ Էներգետիկայի ոլորտում ավելի լավ կարող էր լինել, թեեւ պրն Սաադաթը խոստացավ, որ ինտերնետով հետեւելու է, թե «ինչպես ենք այդ հարցը (ԲԷՑ-երի մասնավորեցման- Ա. Գ.) լուծում»։ Կրթության, առողջապահության վրա գումարներ ավելի շատ պետք է ծախսվեն։ Տնտեսական աճի արդյունքների բաշխումն ավելի լավ կարող էր լինել։ Ապագայում կերեւա՝ գոնե ա՛յս երկրի կառավարությունը կազմելուց հետո կիրականացնի՞ հակակոռուպցիոն ծրագիրը, թե ուրիշ երկրների նման կթողնի դարակներում փոշոտվելու։ «Սեղանի շուրջ բոլորը համաձայն են, որ պետք է պայքարել։ Բայց ամեն մեկը կարծում է, որ ցարն ինքն է լինելու»,- սա էլ Օ. Սաադաթի եւ ոչ թե մեր դիտարկումն է։ Իսկ այն, որ ՀՀ կառավարությունն առաջվա պես անխոս չի իրականացնում բանկի կողմից հրամցվող ծրագրերը, այլ ընդդիմախոսում է, հաճախ՝ կոշտ (Սաադաթի արտահայտությունն է), չի նշանակում, թե կոնկրետ անձեր են կոշտ կամ փափուկ։ «Հարցե՛ր կային, որ շատ բարդ, համալիր ազդեցություն ունեցող ծրագրերի էին առնչվում։ Էներգետիկ ոլորտինը շատ կոշտ հարց էր»։ Շատ փող է ծախսվել այստեղ, բայց Օ. Սաադաթի բնորոշմամբ, Սիզիփոսի քարի նման այն ամեն անգամ վեր բարձրացնելուց հետո դարձյալ հայտնվում է իր ելման կետում։ Մեր կողմից ավելացնենք, որ այդ (եւ ոչ միայն այդ) քարը երեւի ճանապարհին մարդիկ էլ էր տակովն անում։ Որովհետեւ սեփական ճկունությունն ու հարմարվելու բացառիկ կարողությունը շեշտելու համար պրն Սաադաթը թվարկեց. «Ես աշխատել եմ 4 վարչապետի, 4 ֆինանսների, 5 էներգետիկայի, 5 գյուղ-, 3 բնապահպանության նախարարների հետ»։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել