Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՈՒՔ ՄԵՐ ԴԱՏԱՎՈՐԸ ՉԵ՛Ք»

Հուլիս 24,2002 00:00

«ԴՈՒՔ ՄԵՐ ԴԱՏԱՎՈՐԸ ՉԵ՛Ք» «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» 36 սպառողներին, որոնք բողոքում են տեղեկություններ ստանալու իրենց իրավունքի ոտնահարման դեմ, երեկ միացան եւս 600 անձինք։ Նրանց ներկայացուցիչները երեկ բացարկ հայտնեցին գործը վարող դատավորին։ Թերեւս Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների դատարանի 1-ին ատյանի դատավոր Հրաչիկ Հովհաննիսյանը մոռացել էր, որ նախորդ նիստն ընդհատել էր, երբ ներկայացվել էր միջնորդություն։ Այն մատնանշում էր, որ Ազգային հանձնաժողովը 2002 թ. հունվար-փետրվարին իր որոշումներով արտոնագրի պայմանների եւ պահանջների այնպիսի փոփոխություններ է կատարել, որոնք հեռուստաընկերությունների համար նախատեսել են նոր պարտականություններ եւ արտոնագրի նոր պայմաններ (ասենք՝ մրցութային առաջարկը)։ Իսկ ըստ «Լիցենզավորման մասին» օրենքի (48 հոդված, կետ 4)՝ նոր պահանջներն ու պայմաններն ուժի մեջ կարող էին մտնել այդ փոփոխությունները հրապարակելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո։ Մինչդեռ մրցույթը կայացավ 2 ամիս անց։ Ահա դատավորը, փոխանակ հայտներ, թե ինչ որոշում է կայացրել այս միջնորդության վերաբերյալ՝ երեկվա դատական նիստն էլի սկսեց նույն պահանջով, որ հստակեցնեն, թե «Սպառողների իրավունքների պաշտպանության» օրենքի ո՞ր դրույթները, իրենց ո՞ր իրավունքներն են ոտնահարված համարում, Ազգային հանձնաժողովի ո՞ր որոշումներն են վիճարկում։ Հարցեր, որոնց պատասխանների մեծ մասն արդեն իսկ պարունակվում է սպառողների հայցադիմումում եւ բազմիցս կրկնվեց նաեւ նախորդ դատական նիստում։ Կրկնենք նաեւ մենք. այս անձինք, որոնց միայն երեկ միացավ եւս շուրջ 600 հոգի, գտնում են, որ «Ա1+»-ին եւ «Նոյյան Տապանին» արտոնագիր չտրամադրելով՝ Ազգային հանձնաժողովը ոտնահարել է տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու իրենց իրավունքը։ Մի՞թե դատավորն անցած 2 ամսում, ինչ այս հայցադիմումն իր տնօրինման ներքո էր, չի ծանոթացել դրա բովանդակությանը։ Իսկ գուցե նա առանձնապես ուշադի՞ր չէ, թե ինչ են խոսում դատավարության ժամանակ։ Ինչ վերաբերում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքին, սպառողների ներկայացուցիչներից մեկը՝ Աշոտ Բլեյանը, նշեց, որ այն սպառող-արտադրող՝ ապրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման հարաբերությունները կարգավորող օրենք է։ «Մենք արտադրողների՝ «Նոյյան Տապանի» եւ «Ա1+»-ի, գործողություններն առայժմ չենք վիճարկում, որ այդ օրենքով առաջնորդվենք»,- «Առավոտին» ասաց սպառողների մյուս ներկայացուցիչը՝ Արտակ Զեյնալյանը։ Դատական երեկվա նիստն արդեն իսկ հակամարտությամբ սկսվեց։ Սպառողների ներկայացուցիչներն առարկություն հայտնեցին դատավորի գործողությունների դեմ, որ այդպես էլ չի ապահովում պատասխանող կողմի՝ Ազգային հանձնաժողովի, ներկայությունը։ Ցանկացան այս առնչությամբ հանդես գալ հայտարարությամբ, եւ Հրաչիկ Հովհաննիսյանն առարկեց. «Հայտարարություն իրավական կատեգորիա չկա»։ Պարզվեց, որ դատավորն այս անգամ էլ էր սխալվում, եւ դարձյալ մասնագիտությամբ ոչ իրավաբանները իրավաբանին հիշեցրին Քաղդատօրի 147 հոդվածի 7-րդ կետը, ըստ որի՝ պիտի արձանագրվեն կողմերի հայտարարությունները։ «Համեցեք»,- ի պատիվ իրեն՝ առանց դիմադրության տեղի տվեց դատավորը։ Հայտարարությունը վերաբերում էր դատարանում Ազգային հանձնաժողովի ներկայացուցիչների բացակայությանը. «Դատարանը պարտավոր է ապահովել օրենքի եւ դատարանի առաջ բոլորի, այդ թվում՝ պաշտոնատար անձանց (Գրիգոր Ամալյանի), հավասարությունը։ Միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ Գրիգոր Ամալյանի այսպիսի պահվածքը դատավորի թողտվության եւ կողմնակալության հետեւանք է»։ Խոսքը նաեւ հայցադիմումը ներկայացնողների հասցեին Ազգային հանձնաժողովի նախագահի որակումների մասին էր, որոնց երեկ հավելվեց «Արմենիա» հեռուստաընկերությանը նրա տված հարցազրույցը։ Հայտարարության հեղինակները համոզված են, որ Ազգային հանձնաժողովի գործողություններն այս հարցազրույցներով համապատասխանում են ՔՕ «Զրպարտություն», «Վիրավորանք», «Միջամտություն դատական գործերի լուծմանը» հոդվածների հատկանիշներին։ Գրիգոր Ամալյանը երեկ էլ «Արմենիայով» հայտարարեց. «Զավեշտական եմ համարում նման դատավարության մասնակցելը»։ Սպառողների ներկայացուցիչ Վիգեն Խաչատրյանը համանման նախորդ հայտարարությունն էր համարել անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ։ Սպառողների ներկայացուցիչները եւս մեկ անգամ պահանջեցին, որ ապահովվի պատասխանող կողմի՝ Ազգային հանձնաժողովի ներկայությունը, բայց Հրաչիկ Հովհաննիսյանն ազդարարեց, թե դատարանը որոշել է այլեւս չանդրադառնալ այս միջնորդությանը։ Կողմերից մեկի բացակայությամբ՝ միակողմանի դատավարություն անցկացնել չխորշող դատավորը, սակայն, հանկարծ նախանձախնդիր դարձավ, երբ խոսքը վերաբերեց դիմումին որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ միացածների մասնակցությանը։ Հրաչիկ Հովհաննիսյանը պահանջեց, որ այդ 560-600 հոգին ներկա լինեն դատարանում, որպեսզի բացատրություն տան։ Անդրադարձ եղավ նաեւ 36 դիմումատուներից 7-ի բացակայությանը, թեեւ նրանք իրենց համար ներկայացուցիչներ են ընտրել եւ, ինչպես նշեց Արտակ Զեյնալյանը, դրանից հետո նրանց իրավունքն է՝ գալ կամ չգալ։ Դահլիճն արդեն իսկ լեփ-լեցուն էր, եւ ոստիկանները ներս չէին թողնում բազմաթիվ հավաքվածներին։ Հրաչիկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ գործի քննությունը հետաձգվում է այդ անձանց ներկայությունն ապահովելու նպատակով։ Դժվար է պատկերացնելը, թե այդ 600 հոգուն ծանուցագրեր ուղարկելու համար ինչքան միջոցներ է ծախսելու դատարանը եւ ինչպես են նրանց տեղավորելու դահլիճում։ «Դուք փորձում եք սպառել սպառողների համբերությունը»,- հայտարարեց Աշոտ Բլեյանը եւ բացարկ հայտնեց դատավորին։ Բացարկի գլխավոր փաստարկներից մեկն այս է. «Դատական նիստի ընթացքում դատարանը վերածվեց կողմի՝ կատարելով պատասխանողի պարտականությունները»։ Նշված է նաեւ. «Դատավոր Հ. Հովհաննիսյանը, ինչպես դատական քննության ընթացքն է ցույց տալիս, որակյալ չի նախապատրաստվել դատաքննությանը, անգամ սպառողների դիմումը չի ուսումնասիրել, ծանոթ չէ գործով կիրառման ենթակա ՀՀ Օրենսդրությանը եւ չի կատարում «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով դատավորի պարտականությունները»։ Այս 1,5 դատական նիստերի ընթացքում սպառողները հասցրել են կասկածել, թե այդ դատավորն անաչառ եւ անկախ է։ Իսկ արդյոք բերված պատճառաբանությունները կհամոզե՞ն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի նախագահին. ի՞նչ որոշում նա կկայացնի այս բացարկի վերաբերյալ՝ պարզ կդառնա այսօր, ժամը 12-ին։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել